ԱԺ քառօրյա. խորհրդարանը շարունակում է քննարկել ՏՄՊՊՀ տարեկան գործունեության ծրագիրը. ՈՒՂԻՂ
Նմանատիպ
Ազգային ժողովում մեկնարկել է հերթական խորհրդարանական քառօրյայի երրորդ նիստը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, գրանցվել է 115 պատգամավոր:
Նիստի մեկնարկին նախ քվեարկության կդրվեն նախորդ օրը քննարկված հարցերը: Մարտի 15-ի նիստում խորհրդարանը ավարտել է «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» և «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրինագծերի փաթեթը: Նախաձեռնությամբ առաջարկվում է ֆիզիկական անձանց կողմից ԵԱՏՄ-ից ներկրվող մեքենաների ներկրման համար վերացնել ավելացված արժեքի հարկը:
Այնուհետև խորհրդարանը քննարկել է պատգամավորներ Ռուբիկ Հակոբյանի, Զարուհի Փոստանջյանի, Թեւան Պողոսյանի հեղինակած «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքում լրացում փոփոխություն կատարելու մասին» օրինագիծը: Օրինագծով առաջարկվում է օրենքը համալրել նոր դրույթով, ըստ որի՝ կարգազանց է համարվում այն պատգամավորը, ով նիստի ընթացքում գրանցվում կամ քվեարկում է բացակա պատգամավորի փոխարեն:
ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արմեն Ալավերդյանը ներկայացրել է 2015 թվականի սեպտեմբերի 8-ին Գրոդնոյում ստորագրված «Բնական մորթուց հագուստի առարկաներ, հագուստի պարագաներ եայլ արտադրատեսակներ» ապրանքային դիրքով հսկիչ (նույնացման) նշաններով ապրանքների դրոշմավորում ներդնելու փորձնական ծրագիրը 2015-2016 թվականներին իրականացնելու մասին» համաձայնագիրը: Փաստաթղթի հիմնական նպատակն է պաշտպանել Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների քաղաքացիների շահերը կեղծված ապրանքներից:
Մարտի 16-ին խորհրդարանը կշարունակի քննարկել ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի 2016թ. տարեկան գործունեության ծրագիրը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում