Ասադ-Պուտին տարաձայնություն չկա. քրդերի մասնակցությանը բանակցություններին ԱՄՆ-ն է դեմ

Ասադ-Պուտին տարաձայնություն չկա. քրդերի մասնակցությանը բանակցություններին ԱՄՆ-ն է դեմ

Սիրիայից 10-ն օր առաջ վերադարձած ՍԴՀԿ Հայաստանի վարչության փոխատենապետ, սիրիահայ Վազգեն  Մեսրոպյանը   լրագրողների  հետ  հանդիպմանը  վստահեցրեց՝  երեք օրվա ընթացքում Դամասկոսում  ոչ մի փամփուշտի ձայն չի  լսել, արվարձաններում սակայն հրաձգությունը  չի դադարել. սիրիական պետությունը ցանկանում է այդ արվարձաններն   ամբողջությամբ  ազատագրել  ահաբեկիչներից:

Ըստ նրա՝  իրավիճակը սրվել է նաև Հալեպում, որտեղ երեկ տեղի ունեցած բախումների հետևանքով  հայ  զինվոր  է զոհվել՝  Գևորգ Մկրտչյանը:  Թեժ մարտեր են Դեր Զորում  և Ռաքքայում,  վերջինը «Իսլամական պետության» «մայրաքաղաքն» է   համարվում,  իսկ  Դեր Զորում  մեծ է  թուրքական դերակատարությունը:

Ինչ վերաբերում է  Սիրիայում  ՌԴ-ի զինուժի ներկայության  արդյունքներին, Մեսրոպյանը վստահեցրեց՝ ռուսական զորքը ճիշտ ժամանակին եկավ օգնության սիրիական  պետությանն ու ժողովրդին. երկրի արվարձանների 85 տոկոսն ազատագրված է:

«Ես հարյուր տոկոսով կարող եմ ասել, որ ռուսական բազաները ներկա են Սիրիայում, ռուսական զորքը կա, ռուս մասնագետներն ևս այնտեղ են: Ոչ մի բան չի փոխվել, իմ կարծիքով, որպեսզի Ժնևի բանակցություններն ավելի սահուն լինեն, Ռուսաստանը որոշեց զինուժի հիմնական մասը դուրս բերել: Իհարկե, կան կարծիքներ, թե ռուսական պետության տնտեսական վիճակը վատ է, դրա համար զորքի մի մասը տարավ, բայց Պուտինն օրեր առաջ հայտարարեց՝ ոչ մի փոփոխություն չկա, անհրաժեշտ պահի դարձյալ զինուժի քանակը  կավելացնեն»,-ընդգծեց Վազգեն Մեսրոպյանը:

Times.am-ի հակադարձմանը՝ տեսակետներ շրջանառվեցին, որ ՌԴ-ի և Ասադի միջև ժնևյան բանակցություններին քրդերի մասնակցության և երկրի դաշնայնացման հարցերում տարաձայնություններ են եղել, ուստիև ՌԴ-ը որոշեց ինչ-որ չափով «ձեռքերը լվանալ», Վազգեն Մեսրոպյանը չհամաձայնեց՝ Ասադի և Պուտինի միջև տարաձայնություններ չկան,  ամեն ինչ համաձայնեցվել է, ավելին՝  քրդերի մասնակցությանը  բանակցություններին դեմ է եղել միայն  ԱՄՆ-ն՝ չվատացնելու հարաբերությունները   Թուրքիայի հետ: Միաժամանակ  ՍԴՀԿ Հայաստանի վարչության փոխատենապետը շեշտեց, որ Սիրիայի կառավարությունը դեմ է միայն քրդերի դաշնայնացման առաջարկին՝  չընդունելով իր երկրում որևէ բաժանում, փոխարենը պատրաստ է քրդերին քաղաքացիություն տալ, դպրոց և թերթ ունենալու հնարավորություն:

 

 

 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում