Սարյան փողոց-Մաշտոցի պողոտա միջանկյալ հատվածում բացված գյուղատնտեսական շուկան կգործի մինչև դեկտեմբերի 31-ը

Ամանորին ընդառաջ Երևանի քաղաքապետարանը ՀՀ գյուղատնտեսության նախարարության հետ համատեղ կազմակերպել է գյուղատնտեսական մթերքների երրորդ տոնավաճառը՝ Գլխավոր պողոտայի Սարյան փողոց-Մաշտոցի պողոտա միջանկյալ հատվածում: Շուկան գործելու է ամեն օր մինչև դեկտեմբերի 31-ը: Այս մասին տեղեկանում ենք Երևանի Քաղաքապետարանի պաշտոնական կայքից:

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի հետ միասին շրջել և ծանոթացել է շուկայի պայմաններին, զրուցել գյուղմթերք արտադրողների, ինչպես նաև գնորդների հետ: Ինչպես կազմակերպվող համանման մյուս շուկաների դեպքում, այս անգամ ևս Երևանի քաղաքապետարանի կողմից տարածքը տրամադրվել է անվճար, իսկ տաղավարների, վրանների, կշեռքների ու սայլակների տրամադրումն ապահովել է ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը:

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը, պատասխանելով լրագրողների հարցերին, ընգծել է, որ գյուղմթերքի տոնավաճառը կազմակերպվել է հաշվի առնելով քաղաքացիների առաջարկներն ու նոր շուկա ունենալու պահանջարկը:

«Գյուղմթերքն անմիջապես արտադրողից ձեռք բերելու պահանջարկն այսօր իսկապես կա և որ շատ կարևոր է, այն շահավետ է թե’ երևանցիների, և թե’ գյուղացիների համար: Այս հանգամանքը հաշվի առնելով էլ մենք գյուղատնտեսության նախարարության հետ համատեղ մայրաքաղաքում արդեն կազմակերպել ենք երեք նմանատիպ տոնավաճառ: Այս շաբաթ նաև, մասնավորի հետ համագործակցության շրջանակում, ևս մեկ գյուղմթեքի շուկա բացվել է Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում»,- նշել է Տարոն Մարգարյանը:

Քաղաքապետը նաև ընդգծել է, որ շուկաների բացումն իրականում նպաստում է քաղաքակիրթ առևտրի կազմակերպմանը:
Գյուղմթերք վաճառողներն ու գնորդներն էլ իրենց հերթին շնորհակալություն են հայտնել տոնավաճառի կազմակերպման և ստեղծված հարամարվետ պայմանների համար:

Հետևեք մեզ նաև Telegram-ում