Գյումրիում ևս մեկ անօթևան բնակարանատեր դարձավ

Գյումրիում ևս մեկ անօթևան բնակարանատեր դարձավ

Գյումրիում ևս մեկ անօթևան երջանկացավ: Մարտի 23-ին. «Գյումրին առանց տնակների» ծրագրի շրջանակներում, գյումրեցի անօթևան ևս մեկ ընտանիք բնակարանտեր դարձավ: Անօթևան ընտանիքի ընտրությունը կատարվեց վիճակահանության միջոցով, որին մասնակցում էր տնակում բնակվող 11 բազմազավակ ընտանիք: Վիճակահանության առաջին իսկ փորձից երջանիկ տոմսակը ընկավ 4 երեխա ունեցող՝ 7 անձից բաղկացած Զաքարյանների ընտանիքին: Քաղաքապետը շնորհավորեց Զաքարյան ներին, միաժամանակ ընդգծելով,որ ծրագիրն ունենալու է իր շարունակությունը, հնարավորություն տալով տնակներից ազատել շատ ընտանիքների, այդ թվում և ներկա գտնվողներին: Ամալյա Զաքարյանը շնորհակալություն հայտնեց քաղաքապետ Սամվել Բալասանյանին, ընդգծելով, որ սեփական ուժերով բնակարան գնել չէին կարողանա, իսկ տեղի ունեցածն իր համար անսպասելի էր:

«Սկսեցինք «Գյումրին առանց տնակների» ծրագիրը, և այդ ծրագրին սկսեցին միանալ շատ անհատներ ու կազմակերպություններ, և դա լինելու է շարունակական այնքան ժամանակ՝ քանի դեռ տնակներ կան մեր քաղաքում»,- իր խոսքում նշեց Սամվել Բալասանյանը: Ի դեպ, այս տունը «Գյումրին առանց տնակների» ծրագրին նվիրաբերել է հենց Բալասանյան ընտանիքը:

Քաղաքապետը մյուս տնակատերերին վստահեցրեց, որ ծրագիրը շարունակական է լինելու, իսկ երջանիկը կրկին կընտրվի վիճակահանությամբ: «Կարող է ժամկետները ուշանան, բայց, որ դուք տնակներից տուն եք տեղափոխվելու՝ միանաշանակ է»,- հավելեց Սամվել Բալասանյանը: Նա խոստացավ Զաքարյաններին բնակարանը հանձնել ուրբաթ:

«Այս ծրագիրը շատ հոյակապ ու զարմանալի արագությամբ ընթանում է և տա Աստված, որ նույն տեմպով էլ ընթանա: Կրկին շնորհակալություն եմ հայտնում քաղաքապետից այս ծրագիրը կյանքի կոչելու համար և նրանց, ովքեր սատարում են: Տարոսը մյուսներին, ովքեր պետք է սպասեն իրենց հերթին և կարծում եմ հերթը մոտենալու է շատ արագ»,-իր խոսքում նշեց «Գյումրին առանց տնակների» ծրագրի հոգաբարձուների խորհրդի նախագահ, Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանը:

Արմենուհի Մխոյան

Հետևեք մեզ նաև Telegram-ում