Այսօրվանից նախագահի թեկնածուները կարող են իրենց փաստաթղթերը ներկայացնել ԿԸՀ

Հայաստանում 2013-ի փետրվարի 18-ին կայանալիք նախագահական ընտրություններին թեկնածուի գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերը ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողով կարող են ներկայացվել դեկտեմբերի 25-ից մինչև 2013թ. հունվարի 4-ը’ ժամը 18:00-ն:

Առաջադրված թեկնածուների գրանցումը կկայանա հունվարի 4-14-ը: Նախընտրական քարոզչությունը կմեկնարկի հունվարի 21-ին, կավարտվի փետրվարի 16-ին: Ինքնաբացարկի դիմումներ ներկայացնելու վերջնաժամկետը փետրվարի 8-ի 18:00-ն է: Էլեկտրոնային եղանակով քվեարկությունը կսկսվի Երևանի ժամանակով’ փետրվարի 9-ի 08:00-ին, կավարտվի փետրվարի 13-ին ժամը 20:00-ին: Քվեարկությունը կսկսվի փետրվարի 18-ին’ 08:00-ին, կավարտվի 20:00: 2013-ին Հայաստանում կայանալիք Նախագահական ընտրությունների արդյունքների ամփոփումը կլինի 2013-ի փետրվարի 25-ին:

ԿԸՀ-ն վերահաստատել է կայանալիք նախագահական ընտրությունների ազատ ու արդար, թափանցիկ անցկացման պատրաստակամությունը: Կայանալիք նախագահական ընտրություններում իր առաջադրման մասին հայտարարել է ՀՀ գործող նախագահ Սերժ Սարգսյանը: Ընտրություններում Սերժ Սարգսյանին կսատարեն ՕԵԿ և ՌԱԿ կուսակցությունները:

Առաջադրվելու իրենց որոշման մասին հայտնել են նաև «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը, «Ազատություն» կուսակցության նախագահ Հրանտ Բագրատյանը, ով հայտարարել է իր որոշումներում չկաշկանդվելու համար ՀԱԿ-ից միառժամանակ դուրս գալու մասին:

Իրենց թեկնածությունն առաջադրելու ցանկություն են հայտնել Մարքսիստական կուսակցության առաջնորդ Դավիթ Հակոբյանը, էպոսագետ Վարդան Սեդրակյանը, պատմաբան-մանկավարժ Մարտիկ Սարգսյանը եւ նախկին ՀՅԴ-ական Հովիկ Աղազարյանը: «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը որոշում է ընդունել ընտրություններին թեկնածու չառաջադրել և որևէ մեկին չսատարել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում