Արսեն Ջուլֆալակյանը ճանաչվել է 2012թ.-ի Հայաստանի լավագույն մարզիկ

Մարզական լրագրողների հանրապետական ֆեդերացիայի հարցման արդյունքներով 2012 թվականի Հայաստանի լավագույն մարզիկ է ճանաչվել հունահռոմեական ոճի ըմբիշ, Լոնդոնի օլիմպիական խաղերի արծաթե եւ Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր Արսեն Ջուլֆալակյանին:

Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի մամուլի ծառայության փոխանցմամբ՝ Արսեն Ջուլֆալակյանը վաստակել է 294 միավոր: Նրանից 44 միավոր ետ է մնացել մեկ այլ հունահռոմեական ոճի ըմբիշ, օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Արթուր Ալեքսանյանը: Երրորդ տեղը զբաղեցրել է լոնդոնյան խաղերի բրոնզե մեդալակիր, ծանրորդուհի Հռիփսիմե Խուրշուդյանը:

2012 թ Հայաստանի 10 լավագույն մարզիկները.

1. Արսեն Ջուլֆալակյան հ/հ ըմբշամարտ 294 միավոր
2. Արթուր Ալեքսանյան հ/հ ըմբշամարտ 250
3. Հռիփսիմե Խուրշուդյան ծանրամարտ 226
4. Լևոն Արոնյան շախմատ 203
5. Երջանիկ Ավետիսյան հրաձգություն 131
6. Հովհաննես Դավթյան ձյուդո 97
7. Վլադիմիր Հակոբյան շախմատ 95
8. Հարություն Մերդինյան մարմնամարզություն 74
9. Արման Երեմյան թայեքվոնդո 68
10.Վաչիկ Վարդանյան սամբո 64

Մարզական լրագրողները իրենց հարցաթերթիկներում նշել են եւս 13 մարզիկների անուններ: Դրանք են ֆուտբոլիստներ Հենրիկ Մխիթարյանը, Յուրա Մովսիսյանը, Ռոման Բերոզովսկին, Սարգիս Հովսեփյանը, Արաս Օզբիլիսը, ազատ ոճի ըմբիշ Դավիթ Սաֆարյանը, սամբիստներ Մխիթար Մխիթարյանը, Տիգրան Կիրակոսյանը, հունահռոմեական ոճի ընբիշ Յուրի Պատրիկեեւը, շախմատիստներ Գաբրիել Սարգսյանը, Սերգեյ Մովսիսյանը, ծանրորդ Հայկ Հակոբյանը, բռնցքամարտիկ Նիկոլ Հարությունովը:

2012 թ լավագույն թիմ է ճանաչվել համաշխարհային օլիմպիադայի հաղթող, Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականը: Երկրորդ տեղում է շախմատի «Միակ» կանանց թիմը, որը Եվրոպայի ակումբային առաջնությունում դարձել է փոխչեմպիոն , իսկ երրորդ ճանաչվել է Հայաստանի հունահռոմեական ըմբշամարտի հավաքականը, որը Եվրոպայի առաջնության թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ տեղը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում