Հաշվետվություն. Լողն աննախադեպ մասսայականություն ունի

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունում հաշվետվությունների ներկայացման հերթը լողի հայկական դաշնությանը և դահուկային սպորտի ֆեդերացիայինն էր:

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության մամլո ծառայության փոխանցմամբ՝ լողի հայկական դաշնության հաշվետվությունը ներկայացրել է կազմակերպության նախագահ Իգոր Սաֆարյանը: Նա տեղեկացրել է, որ հաշվետու ժամանակաշրջանում ֆեդերացիայի կողմից իրականացվել է ընդհանուր թվով 9 միջոցառում, այդ թվում’ մասնակցություն օլիմպիական խաղերին, աշխարհի գավաթի առաջնությանը, Եվրոպայի պատանիների առաջնությանը, և, իհարկե, Հայաստանի առաջնությանը, որի ընթացքում մեր լողորդները 25 անգամ լրացրել են սպորտի վարպետի նորման: Մարզաձևում մեծ ուշադրություն է դարձվում երիտասարդ սերնդին:

«Լողն այնպիսի մարզաձև է, որն ունի աննախադեպ մասսայականություն, սակայն, մարզվողների սկզբնական խմբերից դժվար է լինում անցնել ուսումնամարզական խմբերի ձևավորմանը»,- նշել է Իգոր Սաֆարյանն ու ավելացրել, որ դրա պատճառն այսօր գործող գրեթե բոլոր լողավազանների կոմերցիոն սկզբունքով աշխատելն է, ինչը ֆինանսապես դժվարացրել է մարզումների կազմակերպումը:

2013 թ. ծրագրերից ֆեդերացիայի նախագահն առանձնացրել է Բարսելոնում կայանալիք մեծահասակների աշխարհի առաջնությունը, պատանիների աշխարհի առաջնությունը (Կասաբլանկա), աշխարհի գավաթի խաղարկությունը (Մոսկվա) և, իհարկե, Հայաստանի առաջնությունը:

Հայաստանի դահուկային սպորտի ֆեդերացիան ևս ներկայացրել է 2012 թ. ընթացքում լեռնադահուկային սպորտում և դահուկավազքային մարզաձևում կատարված միջոցառումների ցանկը, որտեղ ներառված են մեր դահուկորդների մասնակցությունը ՀՀ առաջնություններում և միջազգային մրցաշարերում: Սպորտաձևերը ներկայացնող մարզիկները մասնակցել են նաև արտերկրում կազմակերպված մի շարք ուսումնամարզական հավաքների, ինչպես նաև միջազգային վարկանշային մրցաշարերի:

2013 թ. նույնպես կազմակերպվող միջոցառումները լինելու են բազմազան և ընդգրկելու են թե հանրապետական և թե միջազգային մրցաշարեր, որոնց նախատեսվում է մասնակցել տարբեր տարիքային խմբերով: Հայաստանի դահուկավազքի և լեռնադահուկային սպորտի հավաքական թիմերը մասնակցելու են նաև միջազգային վարկանշային մի շարք մրցաշարերի և ուսումնամարզական հավաքների:

Հետևեք մեզ նաև Telegram-ում