«Հայոց ցեղասպանություն» հոդվածը «Վիքիպեդիա»-ի ռուսալեզու տարբերակում լավագույնն է ճանաչվել

«Վիքիպեդիա» առցանց հանրագիտարանի ռուսալեզու տարբերակում 2012 թվականի քվեարկության հիման վրա «Հայոց ցեղասպանություն» հոդվածը լավագույնն է ճանաչվել՝ «հասարակություն» անվանակարգում:

Panorama.am-ի փոխանցմամբ՝ Օսմանյան Թուրքիայում Հայոց ցեղասպանության մասին պատմող հոդվածը քվեարկության արդյունքում ստացել է ամենաշատ ձայների քանակը. «կողմ» քվեարկել են 51, իսկ «դեմ»՝ ընդամենը երկու հոգի: Ավելին, հավաքելով մաքսիմալ տարբերություն «կողմ» և «դեմ» ձայների, հոդվածը դարձել է բոլոր անվանակարգերում ոչ պաշտոնական առաջատարը:

Հոդվածի հիմնական հեղինակը հանդիսանում է «Վիքիպեդիայի» ռուսաստանցի մասնակից Divot-ը, ով նաև մի շարք պատմական, երաժշտական և աշխարհագրական թեմատիկայով ընտրված հոդվածների հեղինակ է:

Նշենք, որ «Հայոց ցեղասպանություն» հոդվածը բավական մանրամասն և համակարգված է պատմում իրադարձությունների ժամանակագրության մասին, նաև ընթերցողին տրամադրում է հավաստի տեղեկատվություն ինչպես էթնիկ հայերի ոչնչացման նախադրյալների և ինքնին ընթացքի մասին, այնպես էլ՝ Հայոց ցեղասպանության հետևանքների մասին:

«Հոդվածի պատրաստման համար անգնահատելի օգնություն են ցուցաբերել «Վիքիպեդիայի» մասնակից Հայկը և Լոնդոնի բնակիչ, BBC-ի լրագրող Մարկ Գրիգորյանը: Հոդվածը գրելիս նաև խորհրդակցել եմ պատմաբաններ Ռոնալդ Սյունի, Ջորջ Բուրնուտյանի և Պիտեր Գոլդենի հետ»,- Panorama.am-ի հետ զրույցում նշեց հոդվածի հեղինակը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում