ՀՀ պաշտպանության նախարարությունում տեղի է ունեցել ամփոփիչ կոլեգիայի նիստ

 ՀՀ պաշտպանության նախարարությունում դեկտեմբերի 28-ին տեղի է ունեցել նախարարին կից կոլեգիայի նիստ, որի ընթացքում ամփոփվել են 2012 թվականի մարտական և զորահավաքային պատրաստության, զորքերի ու շտաբերի օպերատիվ և մարտական պատաստության արդյունքներն ու նախանշվել 2013 թվականի ուսումնական տարվա խնդիրները:

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն իր խոսքում անդրադարձել է անցնող տարում սահմանագծի շարունակական ամրապնդման, մարտական հերթապահության կատարելագործմանն ուղղված քայլերին, 2012 թվականի գարնանային և աշնանային զորակոչերի ընթացքում գրանցած առաջընթացին: Անցնող տարվա կարևոր միջոցառումների թվում առանձնացվել են ՀՀ տարածքում անցկացված երեք խոշոր զորավարժությունները’ ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժության հուլիս ամսին անցկացված ռազմաքաղաքական փուլը, սեպտեմբեր ամսին անցկացված ՀԱՊԿ արագ արձագանքման հավաքական ուժերի կիրառմամբ «Փոխգործակցություն-2012» զորավարժությունը, հոկտեմբեր ամսին ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունների’ զինված ուժերի կիրառման փուլը և դրա շրջանակներում անցկացված մարտավարական զորավարժությունները: Հրամանատարաշտաբային զորավարժության ռազմաքաղաքական փուլը հատկապես կարևորվել է համաժողովրդական բանակ գաղափարի ձևավորման առումով: Այդ զորավարժությանը մասնակցել են պետական բոլոր կառույցները և գերատեսչությունները: Նախարարը կարևորել է նաև զորքերի մարտական պատրաստության բարձրացմանն ուղղված մեթոդական պարապմունքները, հավաքները: Բոլոր այս միջոցառումները անցկացվել են բարձր մակարդակով և մեծ դեր են կատարել գործնական ունակությունների ու հմտությունների կատարելագործման առումով:

Հաշվետու զեկույցներով հանդես են եկել ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը, ՀՀ գլխավոր շտաբի պետի տեղակալներ, ՀՀ զինվորական դատախազ Գևորգ Կոստանյանը, մի շարք վարչությունների պետեր:

Տարվա ընթացքում մարտական պատրաստությամբ, կարգապահությամբ, ինչպես նաև հայրենիքի սահմանների պաշտպանության գործում աչքի ընկած լավագույն զորամասերին Սեյրան Օհանյանը կոլեգիայի նիստի ավարտին պարգևատրել է պատվոդրոշներով: Մի շարք զորամասերի հրամանատարներ և զինծառայողներ ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով արժանացել են գերատեսչական մեդալների, պատվոգրերի և արժեքավոր նվերների:

Հետևեք մեզ նաև Telegram-ում