Գրավը չփոխանցած թեկնածուներին ևս 48 ժամ է հատկացվել. Ոմանք դժգոհել են գրավի չափի կապակցությամբ

Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը հունվարի 8-ի նիստում քննարկեց Հանրապետության Նախագահի փետրվարի 18-ի ընտրություններում որպես թեկնածու գրանցվելու համար թերի փաստաթղթեր ներկայացրած 8 թեկնածուների հարցը:

«Փաստինֆո» գործակալության հաղորդմամբ՝ հանձնաժողովի միաձայն որոշումներով, նրանց Ընտրական օրենսգրքով սահմանված 48 ժամ ժամանակ տրվեց ԿԸՀ ներկայացրած փաստաթղթերը լրացնելու, մասնավորապես’ 8 մլն դրամի չափով ընտրական գրավը մուծելու մասին անդորրագիրը ներկայացնելու համար:

Ըստ այդմ՝ ինքնաառաջադրված անկուսակցականներ’ ոչ մի տեղ չաշխատող Ռոբերտ Ահարոնյանը, թոշակառու Պավլիկ Սարգսյանը, Երևանի Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի դասախոս Նարինե Մկրտչյանը, Հայաստանի մարտական կարատե կոբուդոյի ազգային ֆեդերացիայի նախագահ Տարոն Աբրահամյանը, «Քաշաթաղ» ՀԿ-ի նախագահ Ռոբերտ Սիմոնյանը, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ, փաստաբան Ռուբեն Այվազյանը, «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանը մինչև հունվարի 10-ի ժամը 14-ը պետք է ԿԸՀ ներկայացնեն վերոհիշյալ անդորրագիրը: Հակառակ դեպքում’ նրանց թեկնածության գրանցումը կմերժվի:

ԿԸՀ-ի որոշումները կարող են երեք աշխատանքային օրերի ընթացքում բողոքարկվել Վարչական դատարանում:

Թերի փաստաթղթեր ներկայացրած ևս մեկ թեկնածուի’ ինքնաառաջադրված անկուսակցական, ոչ մի տեղ չաշխատող Մհեր Հայրապետյանին, 48 ժամ ժամանակ տալու մասին որոշումը կայացվեց ավելի ուշ’ նրա կողմից ԿԸՀ ներկայացված դիմումի քննարկումից հետո: Նա, ի տարբերություն մյուսների, ներկայացրել է անդորրագիր’ պահանջվող 8 մլն դրամի փոխարեն 1 հազար դրամ մուծելու մասին: Մ.Հայրապետյանը ԿԸՀ նիստում, ներկայացնելով իր դիմումը, հայտարարեց, որ պատրաստ է վճարել միայն 50 հազար դրամի չափով տուրք, քանի որ ԸՕ-ով սահմանված գումարի չափը բավականին մեծ է և հակասում է միջազգային նորմերին:

Գրավի չափի վերաբերյալ իրենց անհամաձայնությունն ու բուռն դժգոհությունը հայտնեցին նաև Պավլիկ Սարգսյանը և Ռոբերտ Սիմոնյանը:

Ինչպես տեղեկացրեց ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը, նիստի մասին նախապես իրազեկվել են բոլոր այն թեկնածուները, որոնց հարցը պետք է քննարկվեր ԿԸՀ նիստում: Վերոհիշյալ 8 թեկնածուներից 5-ը ներկայացել էին անձամբ, մեկին փոխարինում էր նրա լիազոր ներկայացուցիչը:

Հիշեցնենք, առաջադրված 15 թեկնածուներից գրանցման համար բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը, այդ թվում’ 8 մլն դրամի չափով գրավի վճարման անդորրագիրը, ներկայացրել են 7-ը’ ՀՀ գործող Նախագահ, ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանը, «Ազգային ինքնորոշում միավորում» կուսակցության նախագահ Պարույր Հայրիկյանը, «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը, «Ազատություն» կուսակցության նախագահ, ԱԺ պատգամավոր Հրանտ Բագրատյանը, հասարակական կարգով «Փախստականների և միջազգային իրավունքի» բարեգործական հասարակական կազմակերպության քաղաքական հարցերով խորհրդատու Արման Մելիքյանը, էպոսագետ, ոչ մի տեղ չաշխատող Վարդան Սեդրակյանը և «Ռադիո Հայ» ՍՊԸ ժողովի նախագահ Անդրիաս Ղուկասյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում