Սիրիական զորքերը հարձակում են ծավալել Իդլիբի նահանգի Ջիսր Էշ Շուգուր քաղաքի վրա
Նմանատիպ
Սիրիական զորքերը եւ աշխարհազորայիների ջոկատները մարտերով առաջ են շարժվում դեպի Իդլիբ հյուսիսարեւմտյան նահանգի ռազմավարական կարեւորություն ունեցող Ջիսր Էշ Շուգուր քաղաք (գտնվում է Դամասկոսից 320 կիլոմետր հեռավորության վրա): Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտնել է «Ալ Մայադին » հեռուստաալիքը:
Նրա տեղեկությունների համաձայն՝ կառավարական ուժերը մարտեր են մղում Քաբանի քաղաքի համար, որի շուրջը գտնվում են ելուզակային կազմավորումների ամրացված ճամբարները, որոնք փակում են դեպի Ջիսր Էշ Շուգուր տանող անցումը: Ապրիլի 19-ին սիրիացի զինծառայողները եւ աշխարհազորայինները տիրացել են Քաբանիի մերձակա բարձունքին եւ անդադար գրոհում են հակառակորդի դիրքերի վրա:
Ջիսր Էշ Շուգուրն ընկած է թուրքական սահմանի մերձակա լեռնանցքում: Այստեղով է անցնում Լաթաքիա-Հալեպ մայրուղին, որն արգելափակված է զինյալների կողմից: Քաղաքն անցյալ տարվա ապրիլի 25-ին գրավվել է «Ջեյշ ալ Ֆաթհ» թուրքամետ զինված կոալիցիայի կողմից, որի մեջ մտնում են «Ջեբհաթ ան Նուսրա» խմբավորման ահաբեկիչները:
Ինչպես նշում է «Ալ Մայադին»-ը, Սիրիայի ռազմաօդային ուժերը Հալեպից հարավ էլ Իսի եւ էլ Իքարդայի շրջանում հարվածներ են հասցնում հրոսակախմբերին: Հալեպից դեպի հյուսիս եւ արեւմուտք ավիագրոհներ են կատարվել զինյալների շարասյուների եւ կուտակումների վրա, հաղորդել է ՏԱՍՍ-ը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում