Իրանում է բռնագրավվում ափիոնի համաշխարհային ծավալի 80 տոկոսը եւ հերոինի 40 տոկոսը. ՆԳՆ
Նմանատիպ
Աշխարհում արտադրվող ափիոնի մոտավորապես 80 տոկոսը, ինչպես նաեւ հերոինի եւ մորֆինի 40 տոկոսը բռնագրավվում է Իրանում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտարարել է Իսլամական Հանրապետության ներքին գործերի նախարար Աբդոլռըզա Ռահմանի Ֆազլին՝ ելույթ ունենալով ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի՝ թմրանյութերի համաշխարհային հիմնախնդրին նվիրված հատուկ նստաշրջանում: Նրա խոսքով՝ միայն 2015 թվականին երկրում առգրավվել են 620 տոննա տարբեր թմրամիջոցներ:
«Միջին հաշվով ափիոնի համաշխարհային ծավալի ավելի քան 80 տոկոսը, ինչպես նաեւ հերոինի եւ մորֆինի մոտավորապես 40 տոկոսը բռնագրավվում են Իրանում: 2015 թվականին Իրանում բռնագրավվել են մոտավորապես 620 տոննա տարատեսակ թմրանյութեր»,-ասել է ՆԳ նախարարը:
Ինչպես արդեն հաղորդվել է, ՄԱԿ-ում փաստաթուղթ են ընդունել թմրամոլներին օգնություն ցուցաբերելու, թմրանյութերի առաջարկի եւ պահանջարկի կրճատման վերաբերյալ: «ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի՝ թմրանյութերի խնդրին նվիրված 30-րդ հատուկ նստաշրջանի մասնակիցներն ընդունել են ամփոփիչ փաստաթուղթ, որում շարադրված են թմրամոլներին օգնություն ցուցաբերելու եւ թմրանյութերի առաջարկի ու պահանջարկի կրճատման վերաբերյալ»,- ասված է միջազգային կազմակերպության նորությունների կենտրոնի հաղորդագրության մեջ:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի առաջին տեղակալ Յան Էլիասոնը նշել է, որ թմրամոլներին պետք է բուժել, այլ ոչ թե բանտ նստեցնել: «Սակայն այսօրվա դրությամբ բուժվելու հնարավորություն ունի մոլորակի՝ թմրակախվածություն ունեցող միայն յուրաքանչյուր վեցերորդ բնակիչը»,-հայտնել է նա:
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 30-րդ հատուկ նստաշրջանն աշխատանքն սկսել է ապրիլի 19-ին: Նրա մասնակիցները քննարկելու են թմրանյութերի վերաբերյալ Քաղաքական հռչակագրի եւ ՄԱԿ-ի Գործողությունների ծրագրի կատարման հարցը, որոնք 2009 թվականին ընդունվել էին 20-րդ հատուկ նստաշրջանում՝ նվիրված թմրանյութերի համաշխարհային հիմնախնդրի դեմ համատեղ պայքարին:
ՄԱԿ-ի տվյալներով՝ ներկայում աշխարհում կա ավելի քան 250 մլն թմրամոլ: Այդ թվում ներառված են նաեւ նրանք, ովքեր թեկուզ մեկ անգամ թմրանյութ են փորձել: Նրանցից թմրակախվածություն ունեցող մոտավորապես 27 մլն անձինք բուժման կարիք ունեն: Ամեն տարի գերդոզավորման եւ թմրանյութերի օգտագործման հետ կապված այլ պատճառներով մահանում է 200 հազար մարդ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում