Տարածաշրջանում մեկ շաբաթում գրանցվել է յոթ երկրաշարժ
Նմանատիպ
ՍՊԾ դիտացանցը ապրիլի 14-ից մինչև 20-ն ընկած ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետության տարածքում 3 բալ և ավելի ուժգնությամբ երկրաշարժ չի գրանցել: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՍՊԾ գործակալությունից:
Տարածաշրջանում 3 բալ և ավելի ուժգնությամբ գրանցվել է 7 երկրաշարժ: Ապրիլի 20-ին՝ 5-6 բալ ուժգնությամբ (մագնիտուդ 4.0) երկրաշարժ է տեղի ունեցել Թուրքիայում՝ Վան քաղաքից 37 կմ դեպի հյուսիս-արևելք: Ապրիլի 14-ին և 17-ին երկրաշարժին նախորդել էր երկու ստորգետնյա ցնցում, համապատասխանաբար՝ 4 բալ (մագնիտուդ 2.9) ուժգնությամբ 20 կմ դեպի հյուսիս-արևելք և 3 բալ ուժգնությամբ (մագնիտուդ 2.3) 24 կմ դեպի հյուսիս-արևմուտք: Ապրիլի 17-ին Իրանի Խոյ քաղաքից 33 կմ դեպի հյուսիս-արևմուտք գտնվող էպիկենտրոնով երկրաշարժի ուժգնությունն էր 3 բալ (մագնիտուդ 2.5): Հաջորդ օրը նույն ուժգնությամբ (մագնիտուդ 2.6) երկրաշարժ է գրանցվել Իրանի Մերենդ քաղաքից 52 կմ դեպի հարավ-արևմուտք: Ապրիլի 19-ին 3 բալ ուժգնությամբ (մագնիտուդ 2.4) երկրաշարժ է տեղի ունեցել Թուրքիայի Օզալպ քաղաքից 32 կմ դեպի հարավ-արևմուտք: Նույն օրը Ադրբեջանում 6 բալ ուժգնությամբ (մագնիտուդ 4.4) գրանցված ստորգետնյա ցնցման էպիկենտրոնը գտնվում էր Խաչմազ քաղաքից 54 կմ դեպի հյուսիս-արևելք, որը չի զգացվել բնակչության կողմից:
Տարածաշրջանից դուրս 6.0 և ավելի մագնիտուդով գրանցվել է 9 երկրաշարժ: Ապրիլի 14-ից 15-ը ճապոնական Կումամոտո պրեֆեկտուրայում (Կյուսյու կղզի) տեղի է ունեցել երեք երկրաշարժ, որից երկուսը 6.1 և 6.0 մագնիտուդով, մեկն էլ՝ 7.0 մագնիտուդով: Երկրաշարժի հետևանքով զոհվել է 45 մարդ, վիրավորվել մոտ 1100-ը, 11-ը համարվում են անհետ կորած: Նիսիհարա գյուղի մոտակայքում գտնվող պատվարի փլուզման վտանգի պատճառով տարհանվել են գյուղի բնակիչները: Կյուսյու կղզում սկսել է գործել Ասո հրաբուխը: Ապրիլի 15-ին 6.4 մագնիտուդով սեյսմիկ իրադարձություն է գրանցվել Վանուատուի Պորտ Օլրի քա ղաքից 90 կմ դեպի հյուսիս-արևմուտք: Նույն օրը Գվատեմալայում տեղի ունեցած 6.1 մագնիտուդով երկրաշարժի էպիկենտրոնը գտնվում էր Չամպերիկո քաղաքից 89 կմ դեպի հարավ: Վերջին երկու երկրաշարժերի հետևանքով զոհեր և ավերածություններ չկան: Ապրիլի 17-ին 7.8 մագնիտուդով ուժեղ սեյսմիկ իրադարձություն է գրանցվել Էկվադորում՝ Մուիսնե քաղաքից 27 կմ դեպի հարավ-արևելք, ապրիլի 20-ին հաջորդել են 6.0 և 6.1 մագնիտուդերով երկրաշարժեր: Երկրում հայտարարվել է արտակարգ դրություն: Երկրաշարժի հետևանքով զոհվել է 570 մարդ, վիրավորվել 4027-ը, անհետ կորած են համարվում 231-ը, կան բազմաթիվ ավերածություններ, այդ թվում՝ բարձրահարկ հյուրանոցներ, ռեստորաններ և տներ: Ապրիլի 19-ին 6.3 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Հարավային Սենդվիչյան կղզիների տարածքում: Վերջինիս հետևանքով զոհեր և ավերածություններ չկան:
Հետևեք մեզ նաև Telegram-ում