Քաղաքաշինության նախարարության 23 նախագծերից 19-ը պատրաստ են իրականացման

Քաղաքաշինության նախարարության 23 նախագծերից 19-ը պատրաստ են իրականացման

ՀՀ քաղաքաշինության նախարարությունը վարչապետի հանձնարարականով պատրաստել է շինարարական օբյեկտների նախագծերի մրցույթների վերաբերյալ տեղեկատվություն, որը կառավարության նիստում ներկայացրեց քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը: Նրա խոսքով՝ խնդիրը բավական լուրջ է եղել, նախորդ տարիներին նախագծերի մրցութային գործրնթացը ձգվել է՝ ավարտվելով հիմնականում սեպտեմբեր ամսին։

«Դրան հաջորդել է շինարարության գնման գործընթացը, արդյունքում շինարարական կազմակերպությունները հայտնվել են բավական ծանր վիճակում՝ չհասցնելով մինչև տարեվերջ իրականացնել նախատեսված աշխատանքները։ Նախագծերը մինչև ապրիլի 1-ն ավարտելու Ձեր հանձնարարականի վերաբերյալ, պարոն վարչապետ, հայտնեմ, որ առաջին անգամ այս առումով բավական լուրջ աշխատանք է իրականացվել։ Այժմ քաղաքաշինության նախարարության 23 նախագծերից 19-ը ամբողջապես պատրաստ են»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց նախարարը՝ ավելացնելով, որ նախագծերից մեկն ապրիլի 30-ին պատրաստ կլինի։

Նրա խոսքով՝ ևս մեկ, ընդ որում, բավական բարդ նախագիծ, որի համար այս տարի շինարարության գումար նախատեսված չէ, պատրաստ կլինի մինչև հունիսի վերջ։ Ըստ նախարարի՝ կան նաև երկու փոքրածավալ նախագծեր, որոնցից մեկը վերաբերում է Կառավարության թիվ 3 շենքը հաշմանդամություն ունեցող անձանց համար նախատեսված համապատասխան միջոցներով հագեցնելուն։

«Մենք սա իրականացնում ենք հենց այս խնդրով զբաղվող հասարակական կազմակերպությունների հետ համատեղ։ Այսինքն փաստացի ես կարող եմ ասել, որ նախորդ տարիների համեմատ մրցութային գործընթացի իրականացումը մեզ մոտ կրճատվել է 4-5 ամսով, ինչը հնարավորություն կտա շինարարության մասով մրցույթները հայտարարել մայիսի սկզբին։ Նույն վիճակը այս տարի նաև մարզպետարաններում է` նրանք էլ նախագծային աշխատանքները կավարտեն մայիսի սկզբին, ապա կհայտարարեն շինարարության մրցույթները»,- ասաց Նարեկ Սարգսյանը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում