Ադրբեջանի ՊՆ-ն թաքցնում է կորուստները. ադրբեջանցի փորձագետ
Նմանատիպ
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը շարունակում է թաքցնել ապրիլի1-5-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեմ իր սանձազերծած լայնածավալ ռազմական ագրեսիայի հետեւանքով հայկական ուժերի ջախջախիչ հակահարվածների արդյունքում ունեցած կորուստի իրական ծավալները:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, «Ազադլըգ» թերթն այդ առնչությամբ հայտնում է, որ Ադրբեջանի հասարակության մեջ ուժգնանում է դժգոհությունն առ այն, որ պաշտոնական շրջանակները շարունակում են ժողովրդից թաքցնել ապրիլի սկզբին զինված ուժերի ունեցած կորուստների իրական թվաքանակը:
Ադրբեջանի ՊՆ-ն պաշտոնապես հայտարարել է, որ զինված ուժերում կորուստների մասին տեղեկատվություն չի հաղորդում, քանի որ դա «պետական գաղտնիք» է: Հետաքրքիր է, որ Ադրբեջանի ՊՆ-ն չի հայտնել նաեւ ապրիլի սկսզբին ռազմական գործողություններում այդ երկրի նախագահի կողմից ապրիլի 19-ին պարգեւատրված զինծառայողների թիվն ու անունները՝ դա եւս «պետական գաղտնիք» համարելով:
Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայությունը ապրիլի 5-ին հայտնել էր 16 զինծառայողներ կորցնելու մասին, մի քանի ժամ հետո այդ թիվը հասցրել էր 31-ի: «Խազար» ռազմական հետազոտությունների ինստիտուտը հայտնել էր, որ ապրիլի 1-5-ին ռազմական գործողությունների ժամանակ ադրբեջանական կողմը կորցրել է 95 զինծառայող (50 զինվոր, 12 պայմանագրային զինծառայող, 11 ենթասպա, 22 սպա), չբացառելով, որ այդ թիվը կարող է շատ ավելի մեծ լինել:
Թերթի հետ զրույցում քաղաքագետ Արաստուն Օրուջլուն այդ առնչությամբ ասել է, որ «տեղեկատվության պակասը նվազեցնում է պետության եւ իշխանության նկատմամբ հասարակության վստահությունը»:
Նա նշել է հայտնել, որ Ադրբեջանի իշխանության կողմից ստույգ տեղեկատվության տարածման վրա դրված արգելքն է պատճառը, որ Ադրբեջանը պարտվում է տեղեկատվական պատերազմում:
«Խազար» ռազմական հետազոտությունների ինստիտուտի տնօրեն, ռազմական փորձագետ Ջասուր Սումերենլին transparancy.az-ի հետ զրույցում ասել է, որ Ադրբեջանի ՊՆ-ը կորուստները թաքցնում է` նրանց թիվը սպասվածից մի քանի անգամ մեծ լինելու պատճառով:
«ՊՆ համար միանգամայն անթույլատրելի է հատկապես զոհված զինծառայողների անուններն ու նրանց ընդհանուր թվի չբացահայտումը: Գտնում եմ, որ կորուստի վիճակագրության թաքցնելու գլխավոր պատճառն այն է, որ ՊՆ-ը չէր սպասում, որ ռազմական գործողությունների ժամանակ այդքան շատ կորուստ կունենար եւ հայտարարում է այն թիվը, որքան նախատեսել էր: Սակայն կառույցը կորստի իրական թիվը ստիպված թաքցնում է, քանի որ այն իր նախատեսածից մի քանի անգամ մեծ է», -ասել է նա:
Ջասուր Սումերենլին անհասկանալի է համարում նաեւ երկրի նախագահի կողմից պարգեւատրված զինծառայողների անուններն ու թիվը հասարակությունից թաքցնելը` նշելով, որ ժողովուրդը պետք է իմանա նրանց անունները:
Ռազմական փորձագետը գտնում է, որ Ադրբեջանի ՊՆ կայքին կից պետք է ստեղծվի ադրբեջանական կողմի կորուստների վիճակագրությունն արտացոլող ցուցակ, որում պետք է նշվեն ղարաբաղյան առաջին պատերազմի եւ 1994 թվականի զինադադարից հետո տարիներին Ադրբեջանի զոհված հազարավոր զինծառայողների անունները: «Դա անպայման պետք է արվի», -նշել է նա:
Միջազգային Bellingcat վերլուծական խումբն ավելի վաղ հայտնել էր, որ ապրիլի 1-5-ին Ադրբեջանի կորուստն իր «զգուշավոր գնահատականներով» նվազագույնը 400 զինծառայող է:
Հետևեք մեզ նաև Telegram-ում