Արմեն Մուրադյանը հանդիպել է Միացյալ հայկական հիմնադրամի նախագահի հետ

Արմեն Մուրադյանը հանդիպել է Միացյալ հայկական հիմնադրամի նախագահի հետ

ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը հանդիպել է Միացյալ հայկական հիմնադրամի նախագահ Հարութ Սասունյանի հետ, որի ընթացքում քննարկվել են մարդասիրական օգնության ճանապարհով Հայաստանի Հանրապետության և Արցախի առողջապահական համակարգերին դեղերով և բժշկական պարագաներով ապահովելու գործընթացի կանոնակարգմանը վերաբերող հարցեր։ Այս մասին տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից:

Հարութ Սասունյանը ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանին ներկայացրեց, որ ղարաբաղա-ադրբեջանական քառօրյա պատերազմի ընթացքում իրենց կազմակերպությունը մարդասիրական օգնության մեծաթիվ առաջարկներ է ստացել։ Մասնավորապես, մեծածավալ օգնություն են տրամադրել հիմնադրամի վաղեմի գործընկերներից ամերիկյան CMMB (Catholic Medical Mission Board), ինչպես նաև AmeriCares և Direct Relief Inernational կազմակերպությունները։

Պայմանավորվածություններ ձեռք բերվեցին նախարարության և Միացյալ հայկական հիմնադրամի հետագա համատեղ աշխատանքն առավել արդյունավետ դարձնելու ուղղությամբ։ Միացյալ հայկական հիմնադրամի նախագահը շեշտեց, որ վերջին շրջանում նախարարության հետ համագործակցությունը առավել արդյունավետ և նպատակային է դարձել։

Արմեն Մուրադյանը ներկայացրեց Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում մարտական գործողությունների հետևանքով ստեղծված վիճակում առաջին իսկ օրից ՀՀ առողջապահության նախարարության համակարգված աշխատանքները` վիրավորներին բժշկական օգնությությունն արագ և արդյունավետ կազմակերպելու նպատակով։

Ի դեպ, CMMB կազմակերպության ներկայացուցիչներն այս օրերին Հայաստանում են։ Նրանք կծանոթանան Հայաստանի առողջապահական համակարգի վերջին զարգացումներին, նոր մարտահրավերներին, ինչպես նաև կհստակեցնեն իրենց կողմից տրամադրվող օգնության հետագա ուղղվածությունը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում