Դավիթ Հարությունյանը տարածքային ցուցակներից հրաժարվելը վտանգավոր է համարում Հայաստանի համար

Դավիթ Հարությունյանը տարածքային ցուցակներից հրաժարվելը վտանգավոր է համարում Հայաստանի համար

ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը Հայաստանի համար վտանգավոր է համարում ընտրությունների ժամանակ տարածքային ցուցակ ներից հրաժարվելը: Ազգային ժողովի պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում Ընտրական օրենսգրքի նախագծի քննարկման ժամանակ ԱԺ անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանն առաջարկեց հրաժարվել տարածքային ցուցակներից, ինչը կուսակցությունների միջև անհավասար պայմաններ է ստեղծում: Նրա խոսքով՝ այդ դեպքում իշխանությունը կարող է օգտագործել վարչական ռեսուրսը, օրինակ, տարածքային ցուցակներում կընդգրկի բուհերի ղեկավարների և կկարողանա մեծ թվով ձայներ ապահովել:

Ի պատասխան՝ Դավիթ Հարությունյանը նշեց, որ տարածքային ցուցակներից հրաժարվելը կարող է վտանգավոր լինել Հայաստանի նման երկրի համար: «Այն վտանգավոր է մի երկրի համար, որը խնդիր ունի տեղերում զարգացնել քաղաքական մշակույթը: Փակ ցուցակը, այսինքն, որ լինի միայն կուսակցությունը, նշանակում է քաղաքականությունը բերել միայն Երեւան, ինչը համարում ենք վտանգավոր քայլ և մերժում ենք ձեր առաջարկը»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Հարությունյանը:

Ընտրական օրենսգրքի նախագծում սահմանված է, որ տարածքային ցուցակներում բացի կուսակցության անվանումներից կան նաև կոնկրետ անվանումներից բաղկացած ցուցակներ, ինչը հնարավորություն է տալիս ընտրողին ընտրել նաև կուսակցության կոնկրետ թեկնածուներին:

ԱԺ պետաիրավական հանձնաժողովում քննարկվում է Ընտրական օրենսգրքի նախագծի լրամշակված նախագիծը: Հանձնաժողովի հավանությանն արժանանալուց հետո այն կընդգրկվի ԱԺ լիագումար նիստի օրակարգում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում