ՀՀ ԿԳ նախարարը և սիրիացի դիվանագետը կարևորել են կրթության և գիտության բնագավառում փոխգործակցության գործնական ծրագիրը
Նմանատիպ
ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն ապրիլի 22-ին ընդունել է ՀՀ-ում Սիրիայի Արաբական Հանրապետության գործերի ժամանակավոր հավատարմատար Մհդ. Իսսամ Նայալին:
Այս մասին տեղեկացրին ՀՀ կրթության և գիտության նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից և հավելեցին. «Ողջունելով Մհդ. Իսսամ Նայալին` նախարարն ընդգծել է, որ հաշվի առնելով պատմականորեն ձևավորված հայ-սիրիական բարեկամական հարաբերությունները` Հայաստանը Սիրիայի համար այս բարդ իրավիճակում ևս պատրաստ է անել ամեն ինչ մեր պետությունների կրթական համակարգերի միջև առկա համագործակցության ամրապնդման և զարգացման համար: Լևոն Մկրտչյանը նշել է, որ վերջին տ արիներին` պատերազմական իրավիճակով պայմանավորված՝ Սիրիայի ազգությամբ հայ բազմաթիվ քաղաքացիներ իրենց կրթությունը շարունակում են Հայաստանի ուսումնական հաստատություններում: «Մենք պատրաստակամ ենք ընդունելու և աջակցելու կրթության կարիք ունեցող բոլոր քաղաքացիներին, նույնիսկ այդ նպատակով պետության աջակցությամբ հատուկ ծրագրեր են մշակվել»,- նշել է նախարար Լ.Մկրտչյանը:
Գոհունակություն հայտնելով կրթության ոլորտում առկա համագործակցության մակարդակից` Մհդ. Իսսամ Նայալին բարձր է գնահատել Հայաստանի գիտական մեծ ներուժը, ինչպես նաև համալսարանական համակարգում սիրիացի ուսանողների ներգրավվածության լայն հնարավորությունները:
Հանդիպման ընթացքում կողմերը կարևորել են Հայաստանի և Սիրիայի կրթության և գիտության բնագավառում փոխգործակցության գործնական ծրագիրը, որը տարածաշրջանային իրավիճակով պայմանավորված ներկայում գտնվում է քննարկումների փուլում` ընդլայնման և զարգացման հեռանկարով:
Կողմերն անդրադարձել են նաև Հայաստանում արաբերեն լեզվի ուսուցման հեռանկարին, ուսանողների կրթաթոշակային ծրագրերին և երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի:
Հանդիպման ընթացքում Մհդ. Իսսամ Նայալին ներկայացրել է նաև Սիրիայի ներկա իրավիճակի վերջին զարգացումները»:
Հետևեք մեզ նաև Telegram-ում