«Ավրորա». աշխարհը փոխելու հավակնություններ ունեցող հայկական բրենդ
Նմանատիպ
«Ավրորա» մրցանակ և «Ավրորա» մրցանակաբաշխություն արտահայտությունները վերջին շրջանում հաճախ են հայտնվում զանգվածային լրատվամիջոցների էջերին, հասարակ մարդկանց խոսակցություններում: Ամեն տարի ապրիլի 24-ին շնորհվելիք այս մրցանակը աշխարհը փոխելու և ինչու ոչ, հայկական խաղաղության նոբելյան մրցանակ դառնալու հավակնություններ ունի. նոր բրենդն աստղային անձնակազմ է հավաքել առաջին իսկ տարում: Բավական է միայն նշել դերասան Ջորջ Քլունիի և լեգենդար երգիչ Շառլ Ազնավուրի անունները, ովքեր եկել են Հայաստան` հատուկ «Ավրորա»-ին մասնակցելու համար: Մինչ արարողությունը «Արմենպրես»-ն առաջարկում է ծանոթանալ մրցանակի ստեղծման պատմությանը, հասկանալ` ինչու է այն այդպես կոչվում և պարզել, թե ինչ անակնկալներ են պատրաստել նախաձեռնության հեղինակները:
Ինչո՞ւ «Ավրորա»
Հին Հռոմում Ավրորան արշալույսի աստվածուհին էր. մրցանակը նպատակ ունի լույս սփռել այն հերոսական ջանքերին, որոնք թեպետ հաճախ մնում են աննկատ, բայց ավելի լուսավոր են դարձնում դժվարության մեջ գտնվողների կյանքը: Մրցանակը կրում է նաեւ Ավրորա (Արշալույս) Մարդիգանյանի անունը: Նա Հայոց ցեղասպանության տարիներին երեխա էր, երբ հոր եւ եղբայրների սպանության ականատեսը դարձավ։ Հաղթահարելով բոլոր վտանգները՝ նա ողջ մնաց եւ աշխարհին պատմեց 1915թ. տեղի ունեցած վայրագությունների մասին։ Ցեղասպանության մասին նրա վկայությունները 1918թ. տպագրվել են Նյու Յորքի և Լոս Անջելեսի թերթերում, իսկ նույն տարվա դեկտեմբերին լույս է տեսել «Հոշոտված Հայաստան» խորագրով գիրքը: Շապիկին Արշալույսի լուսանկարն էր` հայկական ավանդական զգեստը հագին: 1918թ. կինոռեժիսոր Օսկար Ափֆելը սկսել է աշխատել այդ գրքի վրա հիմնված համր կինոնկարի վրա, որի գլխավոր դերը վստահվել է Արշալույսին` Ավրորա Մարդիգանյան անվան ներքո, որն ընտրվել էր նրա ինքնությունը պաշտպանելու նպատակով: «Հոշոտված Հայաստան» ֆիլմը, որը հայտնի է նաև «Հոգիների աճուրդ» անվամբ, առաջին անգամ ցուցադրվել է 1919թ. հունվարին Վաշինգթոնում:
Ովքե՞ր են «Ավրորա» մրցանակի հիմնադիրները
The Aurora Prize for Awakening Humanity/«Ավրորա» մրցանակը 100 LIVES նախաձեռնության համահիմնադիրներ Վարդան Գրեգորյանի, Նուբար Աֆեյանի եւ Ռուբեն Վարդանյանի մարդասիրական ձեռնարկն է։ Հիմնադիրները փորձում են ձեւավորել մարդասիրական համաշխարհային նոր շարժում։
«Ավրորա» մրցանակը շնորհվում է Հայոց ցեղասպանությունը վերապրածների անունից եւ ի երախտագիտություն նրանց, ովքեր փրկության ձեռք մեկնեցին հայ ժողովրդին: Մրցանակին արժանանալու է մերօրյա այն հերոսը, որն օգնում է մարդկանց՝ անձնվիրաբար եւ բացառիկ ջանքերով:
Ո՞վ է հանձնելու «Ավրորա» մրցանակը
Ապրիլի 24-ին Երեւանում կայանալիք արարողությանը Ընտրող հանձնաժողովի համանախագահ Ջորջ Քլունին հաղթողին կհանձնի անդրանիկ «Ավրորա» մրցանակը։ Որպես ճանաչված դերասան եւ ռեժիսոր՝ իր կարիերայի ընթացքում Ջորջ Քլունին հիմնել եւ աջակցել է բազմաթիվ բարեգործական նախաձեռնությունների։ Նրա մարդասիրական ջանքերը լայն ճանաչում են ունեն աշխարհում։
Մրցանակի դափնեկիրն ստանալու է 100.000 ԱՄՆ դոլարի պարգեւ եւ նվիրատվության շղթան շարունակելու հնարավորություն. 1.000.000 ԱՄՆ դոլարի դրամաշնորհի ներկայացնելով իրեն ոգեշնչած մարդասիրական կազմակերպություններին։
Ովքե՞ր են «Ավրորա»-ի հավակնորդները
Մրցանակի չորս հավակնորդներն են Մարգարիտ Բարանկիցեն՝ Բուրունդիից, Թոմ Քաթինան՝ Սուդանից, Սայիդա Ղուլամ Ֆաթիման՝ Պակիստանից, և Հայր Բերնարդ Կինվին՝ Կենտրոնական Աֆրիկայի Հանրապետությունից: «Ավրորա» մրցանակի չորս հավակնորդները ներկայացրել են այն կազմակերպությունները, որոնք կարող են ստանալ 1,000,000 ԱՄՆ դոլարի դրամաշնորհ. ապրիլի24-ին «Ավրորա» անդրանիկ մրցանակաբաշխության ընթացքում հայտնի կդառնա դափնեկիրն ու դրամաշնորհն ստացող կազմակերպությունների անունները:
Ո՞վ կարող է դառնալ մրցանակի դափնեկիր
«Ավրորա» մրցանակի կարող է առաջադրվել մարդասիրական բացառիկ քայլեր կատարած յուրաքանչյուր մարդ կամ մարդիկ։ Դափնեկիրը ճանաչման է արժանանում անձնվիրաբար եւ բացառիկ ջանքերով մարդկանց օգնելու համար՝ անտեսելով սեփական առողջությանն ու ազատությանն սպառնացող իրական վտանգները։ Յուրաքանչյուր ոք, այդ թվում՝ խորհրդարանների, կառավարությունների, գիտահետազոտական կամ այլ հիմնարկությունների անդամները, կարող են առաջադրել թեկնածություններ:
Պատրաստեց Ռոզա Գրիգորյանը
Հետևեք մեզ նաև Telegram-ում