Էրդողանին քննադատած գրողը հայտնաբերվել է մահացած

Էրդողանին քննադատած գրողը հայտնաբերվել է մահացած

Բարձրագույն կրթություն չունենալու պատճառով Թուրքիայի ղեկին նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի անօրինաբար գտնվելու մասին հրապարակորեն հայտնած գրողը հայտնաբերվել է մահացած:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով թուրքական ԶԼՄ-ները, գրող Էրգյուն Փոյրազը Էրդողանին մեղադրել է այն բանում, որ նա երբեք բարձրագույն ուսումնական հաստատությունում չի ուսանել: Նրա խոսքով` Թուրքիայի նախագահի՝ Մարմարայի համալսարանն ավարտելը վկայող դիպլոմը կեղծ է: Փաստարկներից մեկն այն է, որ դիպլոմը տրվելու մասին ժամկետը նշված է այնպիսին, երբ Մարմարայի համալսրանը դեռեւս գոյություն չուներ:

Սակայն, թուրքական subuhaber.com կայքը ապրիլի 18-ին հայտնել է, որ խոսքն այլ մարդու մահվան մասին է, որի զոհվելու մասին իր` «Մարդասպանը հայտնի չէ՞» գրքում նկարագրել է Էրգյուն Փոյրազը:

Գրքում հեղինակը նկարագրում է ոմն Օմեր Բաշօղլուի մահը, որն առաջինն էր հայտարարել Էրդողանի ոչ կոմպետենտության մասին: Բաշօղլուին հետո մեռած են հայտնաբերել իր սեփական տանը: Գրքի հեղինակը ակնարկում է այն մասին, որ Բաշօղլուին կարող էին սպանել Էրդողանի հասցեին նրա արած արտահայտությունների համար:

Էրդողանի դիպլոմը կեղծ լինելու մասին պնդումներ հնչեցվել էին նաեւ 2015 թվականի ամռանը Թուրքիայում տեղի ունեցած նախագահական ընտրութուններից հետո: Թուրքիայի «Ժողովրդի փրկություն» կուսակցությունն այն ժամանակ դիմել էր երկրի ընտրական բարձրագույն մարմնին` պահանջելով պաշտոնանկ անել երկրի նախագահ դարձած Էրդողանին` համալսարանի կեղծ դիպլոմ ներկայացնելու համար:

Թուրքական birgun.net կայքի համաձայն` կուսակցության անունից փաստաբանները դիմում էին ներկայացրել ԿԸՀ` նշելով, որ Էրդողանն ընտրությանը մասնակցելու համար կեղծ դիպլոմ է ներկայացրել:

Հայցադիմումի համար որպես հիմք ծառայել էր գրող Էրգյուն Փոյրազի բացահայտումը, որը հրապարակել էր Էրդողանի դիպլոմի իբր իրական տարբերակը: Սակայն, պարզվել էր, որ երկու օրինակներն էլ կեղծ են, քանի որ այն տարիներն, երբ Էրդողանն իբր ավարտել է Մարմարայի համալսարանը, այն իրականում հիմնադրված չի եղել:

Թուրքիայում նախագահ դառնալու համար 4 տարի բարձրագույն ուսումնական հաստատությունում սովորած լինելը պարտադիր պայման է:

Թուրքական ԶԼՄ-ներն ավելի վաղ հայտնել էին, որ Էրդողանն իրականում ունի միայն կրոնական ուսումնարան ավարտելու մասին դիպլոմ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում