Հայոց ցեղասպանությունը պատշաճ չդատապարտելը հիմք ստեղծեց եզդիների ջարդերի համար. Մուրադ Իսմայել

Հայոց ցեղասպանությունը պատշաճ չդատապարտելը հիմք ստեղծեց եզդիների ջարդերի համար. Մուրադ Իսմայել

Միջազգային հանրության ամոթն է, որ հարյուր տարուց ավելի անց էլ ժխտվում է Հայոց ցեղասպանությունը, որին մեկուկես միլիոն մարդ է զոհ գնացել, հարյուր հազարավորներն էլ կրել են ցեղասպանության հետևանքներն իրենց հետագա կյանքի ընթացքում: «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումի շրջանակներում «Արմենպրես»-ի հետ զրույցում նման տեսակետ արտահայտեց ԱՄՆ-ում գործող «ՅԱԶԴԱ» հասարակական կազմակերպության գործադիր տնօրեն և կառավարման խորհրդի անդամ Մուրադ Իսմայելը: «Դեռ ողջ միջազգային հանրությունը չի ճանաչում Հայոց ցեղասպանությունը, որն անհրաժեշտ է կորսված հոգիների, ցեղասպանության դաժանությունը վերապրած մարդկանց առջև հարգանքից ելնելով: Բացի այդ` եթե Հայոց ցեղասպանությունը ճանաչվեր ու դատապարտվեր, Հոլոսքոստը, Կամբոջայում ու Հարավսլավիայում ցեղասպանություններ տեղի չէին ունենա: Եթե միջազգային հանրությունը ի վիճակի լիներ հստակ պատասխան տալու այդ ամենին, 2014 թվականին եզդիների ցեղասպանությունը տեղի չէր ունենա, ի վերջո»,-ասաց Մուրադ Իսմայելը:

Ինչ վերաբերում է Հայոց ցեղասպանությունը ժխտելու Թուրքիայի հետևողական քայլերին, ապա Մուրադ Իսմայելի խոսքով` թուրքական կառավարությունը պետք է ընդունի իրականությունն ու առերեսվի պատմությանը, վերջապես ճիշտը խոսի: «Սա հարյուր տարի առաջ է տեղի ունեցել, բայց ճանաչումն այսօր կարևոր է հայերի համար ու այլ մարդկանց համար որպես մարդկային ողբերգություն: Մենք կարծում ենք, որ Թուրքիայի դիրքորոշումը պետք է լինի իրողության ընդունումը, որ հայերի ու այլ փոքրամասնությունների նկատմամբ ցեղասպանություն է իրագործվել 20-րդ դարասկզբին: Քանի որ Հայոց ցեղասպանության տարիներին սպանվել են նաև եզդիներ»,- հավելեց եզդի հասարակական գործիքը:

Ադրադառնալով հայ հասարակության շրջանում եզդիների ցեղասպանության վերաբերյալ իրազեկվածությանը` Մուրադ Իսմայելը նկատեց, որ պաշտոնական շրջանակները բավականաչափ տեղեկացված են, ինչին իրենք ականատես են եղել նրանց հետ հանդիպումներում: «Բայց մենք կարծում ենք, որ հայ ժողովուրդն այնքան էլ տեղյակ չէ եզդիների ցեղասպանության մասին: Եվ այս համաժողովը լավ առիթ է դրա մասին խոսելու ու ասելու, որ մեկ օրում 3-4 հազար եզդի սպանվեց Իրաքում, այդ թվում` ծերեր, երեխաներ, կանայք, տեղաշարժման դժվարություններ ունեցող անձինք, ովքեր չէին կարողացել փախչել իրենց տներից»,- շեշտեց մեր զրուցակիցը: Նա գոյությունակություն հայտնեց, որ Նադիան (եզդիական կրոնական փոքրամասնությունների նկատմամբ ԻԼԻՊ-ի կողմից իրականացված վայրագությունների վերապրած) գլոբալ ֆորումի ժամանակ Երևանում խոսելու է եզդիների ապրած ցավի մասին մասին: «Նա այստեղ է ասելու, որ մենք կիսում ենք հայերի ողբերգության ցավը, բայց նաև շեշտելու, որ մեր վերքերը թարմ են ու մենք ձեր կարիքն ունենք կանգնելու մեր ժողովորդի կողքին` հանելու նրանց այս վիճակից»,-հավելեց Մուրադ Իսմայելը:

Նադիա Մուրադ Բասեե Տահան մարդու իրավունքների եզդի պաշտպան է: Նա առևանգվել է ԻԼԻՊ-ի կողմից՝ հազարավոր այլ աղջիկների և կանանց հետ միասին, երբ 2014թ. օգոստոսին գերազանցապես եզդիաբնակ Շինգալ քաղաքն ընկել էր ԻԼԻՊ-ի իշխանության տակ: Նրան հաջողվել է փախչել գերությունից և ճամփորդել աշխարհով մեկ՝ եզդիական կրոնական փոքրամասնությունների նկատմամբ ԻԼԻՊ-ի կողմից իրականացված վայրագությունների վրա լույս սփռելու նպատակով:Նա մասնակցում է «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում