Հայաստանում ներդրվում է էլեկտրաէներգիայի սպառումը հաշվառող ավտոմատացված համակարգ

Հայաստանում ներդրվում է էլեկտրաէներգիայի սպառումը հաշվառող ավտոմատացված համակարգ

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը հիմնում է բաշխիչ ցանցերում էլեկրաէներգիայի ավտոմատացված հաշվառման համար բարձրակարգ էլեկտրատեխնիկական սարքավորումների արտադրությունը: Նոր հաշվիչ սարքերը հնարավորություն կտան ստեղծել էլեկտրաէներգիայի սպառման հաշվառման ավտոմատացված համակարգ: Այս համակարգի շնորհիվ բաժանորդները սմարթֆոններով 30 րոպեն մեկ կարող են հետևել ցուցմունքին, իսկ սմարթֆոն չունենալու դեպքում ցուցմունքը կարդալու համար բաժանորդներին կտրվեն հատուկ սարքեր:

Բացի այդ, եթե հիմա էլեկտրաէներգիայի համար չվճարելու դեպքում հոսանքն անջատվում է, ապա նոր հաշվիչի նվազագույն թողունակության շնորհիվ հնարավոր կլինի միացրած պահել մեկ սարքավորում, մինչև բաժանորդը կկատարի մուծումները:

«ՀԷՑ»-ի գլխավոր տնօրենն իր զեկույցում հայտնել է, որ կներկայացնի 2016-2020 թթ. ներդրումային ծրագիր, որտեղ ամբողջությամբ արտացոլված կլինեն նաև այս ավտոմատացված համակարգի ներդրման աշխատանքները: «Մենք կկարողանանք մինչև 2020թ աստիճանաբար ամբողջ Հայաստանում ձևավորել ավտոմատացված համակարգ»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշել է ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը: Այդպիսով կվերանան կասկածները, թե տեսուչները հաշվիչ սարքերի ցուցմունքի մեջ փոփոխություն են մտցնում:

«Խոսքը գնում է հինգ տարվա ընթացքում 100 մլրդ դրամ ներդրման մասին: «Տաշիր» ընկերությունը ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարությանն է ներկայացրել 2016, ինչպես նաև 2016-2020 թթ. ներդրման ծրագրերը»,- մանրամասնեց ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Լևոն Յոյլյանը: Նա այն համոզմունքն ունի, որ Հայաստանում նոր ռազմավարական արտադրության հիմք է դրվում, և իրականացվում են մեծ հեռանկարային ներդրումային ծրագրեր: «Եթե մեզ ներկայացված հաշվիչները իրենց արդարացնեն, ապա դա վերածնունդ կլինի ցանցի համար՝ քաղաքակիրթ, բարձր որակի, նոր տեխնոլոգիաներով ապահովված»,- ավելացրեց նախարարը: Մյուս կողմից՝ էլեկտրաէներգիայի սպառման մասին տեղեկատվությունը սպառողին հասանելի կլինի յուրաքանչյուր պահի:

«Տաշիր» ընկերությունների խմբի կազմում ընդգրկված «Կասկադ» բազմապրոֆիլ հոլդինգի վարչության անդամ Սերգեյ Պողոսովը նշում է, որ արտադրանքը լինելու է մրցունակ է: «Մեր գործընկերն է ռուսական լավագույն «Системные технологии» ընկերությունը: Այս համագործակցության շնորհիվ «Տաշիր» ընկերության կազմում ընդգրկված «Կասկադ» բազմապրոֆիլ հոլդինգը կընդլայնի նորագույն տեխնոլոգիաների արտադրական ծավալները և հիմք կստեղծի մոդեռնիզացիայի համար»,- ավելացրել է Պողոսովը: Նրա խոսքով՝ այս նախաձեռնությունը չի ակնկալում էլեկտրաէներգիայի գնի աճ, և սպառողները հաշվիչների համար գումար չեն վճարելու:

Հետևեք մեզ նաև Telegram-ում