Գերմանական կուսակցության առաջնորդը ձերբակալվել է Էրդողանին վիրավորելու համար
Նմանատիպ
Գերմանիայի Դաշնային Հանրապետության իշխանությունները Բեռլինում դատական գործ են հարուցել Գերմանիայի ցանցահենների կուսակցության առաջնորդ Բրունո Կրամի դեմ այն բանի համար, որ նա Բեռլինում Թուրքիայի դեսպանատան առաջ հրապարակորեն ընթերցել է Յան Բյոհմերմանի բանաստեղծությունը, որում վիրավորական արտահայտություներ կան Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հասցեին:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով գերմանական Berliner Morgenpost թերթը, կուսակցությունը ապրիլի 22-ին Բեռլինում թուրքական դեսպանատան դիմաց խոսքի եւ մամուլի ազատության համար ցույց էր կազմակերպել, որին մասնակցել են մեծ թվով մարդիկ: Կրամն ընթերցել է Յան Բյոհմերմանի բանաստեղծության` «Էրդողանը քերթում է քրդերին եւ քրիստոնյաներին» հատվածը:
Կրամի ելույթի ժամանակ ոստիկանությունը նրանից խլել է խոսափողը եւ ձերբակալել: Նրա նկատմամբ Գերմանիայի ՔՕԳ 103-րդ` «Արտասահմանյան պետությունների մարմինների եւ ներկայացուցիչների վիրավորել» հոդվածով քրեական գործ է հարուցվել, որով նախատեսվում է դրամական տուգանք կամ մինչեւ երեք տարի ազատազրկում: Նման դատական գործ է բացվել նաեւ Յան Բյոհմերմանի դեմ:
Հեռուստահաղորդավար եւ երգիծաբան Յան Բյոհերմանը գերմանական ZDF հեռուստաալիքի Neo Magazin Royale երգիծական հաղորդման ժամանակ Թայիփ Էրդողանին ուղղված բանաստեղծություն է ընթերցել:
Բանաստեղծությունում թուրքական նախագահը մեղադրվում է ոչ ավանդական սեռական ուղղվածություն ունենալու, ինչպես նաեւ ազգային փոքրամասնությունների եւ ընդդիմության դեմ հանցագործությունների մեջ: Հեռուստահաղորդավարն իր այդ ստեղծագործությունը ներկայացրել էր որպես «զրպարտական վիրավորանքի նմուշ»:
Դրան ի պատասխան Թուրքիայի կառավարությունը բանավոր նոտա էր հղելԲեռլին` պահանջելով քրեական հետապնդում սկսել հեռուստահաղորդավարի նկատմամբ, ով, իբր, վիրավորել է Էրդողանին: Ինքը` Թուրքիայի նախագահը ապրիլի 11-ին մասնավոր կարգով հայտարարությամբ դիմել էր գերմանական Մայնց քաղաքի դատախազություն:
Հետաքրքիր է, որ The Spectator շաբաթաթերթի հոդվածագիր Դուգլաս Մուրեյը Մեծ Բրիտանիայում Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանին վիրավորող 5- տողանոց բանաստեղծությունների մրցույթ է հայտարարել: BBC-ի թուրքական ծառայությունը հայտնում է, որ մրցույթի հայտարարումը Գերմանիայի վարչապետ Անգելա Մերկելի կողմից գերմանացի երգիծաբան Յան Բյոհերմանի նկատմամբ դատական գործընթաց սկսելու թույլտվության դեմ յուրահատուկ բողոքի ակցիա է:
Անգլիական թերթի հոդվածագիրը հայտնել է նաեւ այն էլեկտրոնային հասցեն (theeditor@spectator.co.uk), որով մրցույթին մասնակցել ցանկացողները կարող են ուղարկել իրենց բանաստեղծությունները:
Բյոհերմանը հայտնել է, որ մրցույթի արդյունքները հրապարակվելու են մինչեւ հունիսի 23-ը` Եվրամիության կազմից դուրս գալ-չգալու հարցով Մեծ Բրիտանիայում հանրաքվե անցկացվելու օրը:
Թուրքիայի 45 գրողներ, ակադեմիկոսներ, լրագրողներ, ակտվիստներ եւ արվեստաբաններ կոչ են արել երկրի Քրեական օրենսգրքից հանել «նախագահին վիրավորանք» 299-րդ հոդվածը, որով մինչեւ 4 տարի ժամկետով ազատազրկում է նախատեսվում:
«Մենք՝ ներքոստորագրյալներս, նկատի առնելով Սահմանադրական դատարանի Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումները, Վենետիկի հանձնաժողովի սկզբունքները եւ Սահմանադրության 90/5 հոդվածը, պահանջում ենք չեղարկել իրավունքին հակասող ՔՕԳ 299-րդ հոդվածը, ապահովել օրենքի գերակայությունը, նախագահի համբերությունը վեր դասել քննադատութունից եւ բավարարվել բոլոր հայրենակիցների պահպանությունն ապահովող օրենքի ուժով», -ասվում է թուրք մտավորականների կոչում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում