Բաքուն չի կարող սկսել նոր լայնամասշտաբ ռազմական գործողություններ. Ալեքսանդր Կռիլով
Նմանատիպ
Տարածաշրջանում ուժերի ներկայիս հավասարակշռության պայմաններում Բաքուն չի կարող սկսել նոր լայնամասշտաբ ռազմական գործողություններ: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց քաղաքագետ Ալեքսանդր Կռիլովը:
«Ամեն ինչ կսահամանափակվի սադրիչ գործողություններով: Այդպիսի սցենարով պահվածքը Բաքվին հնարավորություն է տալիս խուսափել Ռուսաստանի և ՀԱՊԿ-ի միջամտությունից: Իր սահմանին մոտ շրջաններում իրավիճակի սրման հարցով Ռուսաստանը հետաքրքրված չէ: Հետևաբար նա ստիպված է ցուցաբերել առավել ակտիվություն ռազմական գործողությունների դադարեցման և իրավիճակի կայունության համար, քան ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ մյուս երկրները»,- ասաց քաղաքագետը:
Անդրադառնալով ներկա փուլում ղարաբաղյան խնդրի հնարավոր լուծմանը` քաղաքագետը նշեց, որ վերջին տարիների փորձը ցույց է տալիս, որ ռազմական գործողությունների ակտիվացումից հետո լինում է դադար և այդ ընթացքում կարող են անցկացվել ինչ-որ բանակցություններ: Ըստ նրա` այդ բանակցություններն ավարտվում են` ձեռքբերելով համաձայնություն բանակցությունները շարունակելու հարցի շուրջ:
«Չնայած լինում է նաև այնպես, որ այդպիսի «տպավորիչ» արդյունքի էլ չեն հասնում: Քիչ հավանական է, որ ներկա «ինտենսիվ» բանակցությունները հանգեցնեն բեկման ղարաբաղյան խնդրի լուծման գործում, որովհետև կողմերը շարունակում են ունենալ միմյանց բացառող դիրքորոշումներ: Ավելի քան հավանական է, որ այս դանդաղընթաց պատերազմը կշարունակվի: Հայաստանին անհրաժեշտ է գտնել առավել արդյունավետ մեթոդներ` չեզոքացնելու Բաքվի դանդաղընթաց պատերազմի սցենարը»,-ավելացրեց քաղաքագետը:
Ալեքսանդր Կռիլովի խոսքով, իրավիճակը փոխելու համար, անհրաժեշտ է երկարատև աշխատանք` ուղղված հասարակական տրամադրությունների փոփոխությանը, կոնֆլիկտային մակարդակի նվազեցմանը, և, իհարկե, փոխադարձ վստահության մակարդակի բարձրացմանը: Ըստ նրա` նման ոչ մի գործընթաց չի նշմարվում, իրավիճակը զարգանում է բոլորովին հակառակ ուղղություններով: Ահա այստեղից էլ գալիս է փակուղին:
Խոսելով աշխարհաքաղաքական զարգացումներից ու դրա հնարավոր ազդեցությունից Հարավային Կովկասի վրա` քաղաքագետը նշեց, որ Հարավային Կովկասում ներկայիս իրավիճակի փոփոխության նախադրյալը կապված է ոչ այնքան Հարավային Կովկասում ընթացող զարգացումների հետ, որքան այն գործընթացների հետ, որոնք տեղի են ունենում իրենից հարավ ընկած տարածքում: «Ի՞նչ ուղղությամբ այնտեղ զարգացումները կընթանան, ի՞նչ ձևով դրանք կազդեն Հարավային Կովկասի և հարևան տարածաշրջանի վրա: Պատասխանել այդ հարցերին ոչ ոք չի կարող: Հետևաբար տրամաբանական է պատրաստ լինել տարածաշրջանի համար անցանկալի սցենարներին»,-հավելեց քաղաքագետը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում