Ավտոբուսի պայթյունից տուժած երկու պատանիների առողջության հետ կապված հիմնական վտանգն անցել է

Ավտոբուսի պայթյունից տուժած երկու պատանիների առողջության հետ կապված հիմնական վտանգն անցել է

Ապրիլի 25-ի երեկոյան ավտոբուսի պայթյունի հետևանքով տուժած և այսօր առավոտյան Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն տեղափոխված 14 և 15 տարեկան պատանիների առողջական վիճակը կայուն է: Տղաները գտնվում են վերակենդանացման բաժանմունքում: Ինչպես տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, բժիշկների կողմից անզգայացման ներքո կատարվել են վերքերի մշակում, օտար մարմիննների հեռացում, ինչպես նաև այլ գործողություններ:

«Հիմնական վտանգն անցել է, վերակենդանացման և վիրաբուժական ծառայությունները համատեղ անում են բոլոր անհրաժեշտ միջամտությունները»,- բժշկական կենտրոն այցի ժամանակ տուժածների ծնողների և հարազատների հետ զրույցում հավաստիացրել է ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը:

Ժամը 19:00-ի դրությամբ` «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնի տարբեր բաժանմունքներում բուժում է ստանում պայթյունից տուժած 4 քաղաքացի: 37-ամյա հղի կինը, ում կյանքին և պտղին վտանգ չի սպառնում, մասնագիտական հսկողությունը շարունակում է Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտում:

Տուժածների բուժօգնությունը համակարգվում է ՀՀ առողջապահության նախարարության կողմից: Վիրավորներն ապահովված են բոլոր անհրաժեշտ դեղերով և բժշկական պարագաներով:

Հետևեք մեզ նաև Telegram-ում