Հայության պայքարը Թուրանի դեմ

Հայության պայքարը Թուրանի դեմ

Վերջին ժամանակերս և ապրիլյան քառօրյա պատերազմի հետևանքով, հատկապես, բավականին բուռն քննարկումներ են ծավալվում, թե՛ Հայաստանի, թե՛ տարածաշրջանի, թե՛ տարբեր կառույցներին մեր անդամակցության և այլ թեմաներով։ Մասնավորապես քննարկվում է ԵԱՏՄ և ՀԱՊԿ կառույցների պահվածքը Հայկական սահմանին լարվածության աճի ֆոնին, ինչպես նաև այլ երկրների հետ Հայաստանի հարաբերությունները։ Որպեսզի ավելի ընդգրկուն պատկերացնենք խնդրո առարկան, պետք է մեկ քայլ ետ գնանք՝ ավելի մեծ տեսադաշտ ունենալու համար։

Սկսենք սկզբից։ Շատերիս համար գաղտնիք չէ, որ դեռևս 19-րդ դարի երկրորդ կեսից և հատկապես 20-րդ դարի սկզբին շատ բուռն կերպով զարգացում էր ապրում սկզբում պանիսլամիզմը, հետագայում՝ պանօսմանիզմը, և ապա պանթյուրքիզմը, որը հետագայում վերաձևակերպվեց պանթուրանիզմի։ Թեմայի վերաբերյալ կան տարբեր աշխատություններ, որոնցից մեկը վերջերս Զարևանդի՝ ռուսերենով լույս տեսած «Թուրքիա և պանթուրանիզմ» (Зареванд: Турция и пантуранизм, 2015) գիրքն է։ Ըստ էության, Սուլթան Աբդուլ Համիդի ժամանակ գերիշխող էր պանիսլամիզմի ծրագիրը, որի շրջանակներում Սուլթանը փորձում էր մեկ դրոշի տակ հավաքել ամբողջ Իսլամ աշխարհը՝ Թուրքիան դարձնելով պանիսլամիզմի կենտրոն, իսկ ինքը՝ սուլթանը կլիներ այդ ամբողջ խալիֆայության միապետը։ Նրան փոխարինելու եկած երիտթուրքերն առաջ քաշեցին պանօսմանիզմի գաղափարը, որը ենթադրում էր օսմանյան կայսրության ստեղծում, որտեղ բոլոր ազգերը հավասար իրավունքներ ունեն, ինչին թերևս խաբվեցին մեր շատ հայրենակիցներ, և մենք զգացինք այդ միամտության հետևանքները։ Սակայն այս ամենին զուգահեռ ռուսաստանյան և հատկապես ներկայիս Ադրբեջան կոչվող պետության թուրք գործիչների մոտ գերակշռող էին պանթյուրքիզմի ծրագրերը, որոնք և ակտիվորեն քարոզվում էին նաև Ռուսաստանում, Թուրքիայում և դրանց սահմաններից դուրս՝ թյուրքալեզու էթնոսի շրջանում։ Աշխարհաքաղաքական իրադարձությունների դասավորումը բարենպաստ հող ստեղծեց հատկապես վերջին պրոյեկտի ջատագովների համար, ինչից և հաջողությամբ օգտվեցին նրանք՝ այդ թվում և շանտաժի ենթարկելով տարբեր պետությունների ղեկավարների։ 1905 թվականին Նիժնի Նովգորոդում տեղի է ունենում առաջին մուսուլմանական կոնգրեսը։ Դրան հաջորդող հավաքներին մասնակիցների թվի աճին զուգահեռ՝ մշակութային կրթական ծրագրերի հետ մեկտեղ դրվում են ազգային քաղաքական հարցեր։ Երրորդ հավաքին մասնակիցների թիվը հասնում է 800-ի։ Այս ամենի ֆոնին պետական դումայի ամբիոնից դումայի անդամ Մաքսուդովը «22 միլիոն մուսուլմանների անունից» ելույթ է ունենում՝ ընդգծելով, որ իրենք ունեն առանձին կրոն, մշակույթ և պատրաստ են պաշտպանել իրենց շահերն ամենատարբեր մեթոդներով։ Այլ հարց է, որ Մաքսուդովը և պրոյեկտի ճարտարապետ այլ անդամներ քաջատեղյակ էին, որ գոյություն չունի իրականում նման թվով գիտակից, մուսուլմանական ակտիվ, որը, ինչպես իրենք էին նշում, պատրաստ է ցանկացած պահի ոտքի կանգնել։ Այստեղ գլխավոր կետն այն է, որ նրանց իրապես հաջողվում է շանտաժի ենթարկել ռուսաստանյան և եվրոպական երկրների ղեկավարությանը՝ ստիպելով հաշվի նստել 22 միլիոնից անհամեմատելիորեն քիչ մի խումբ ակտիվի հետ։ Հետաքրքրականն այն է, որ, պանիսլամիզմի տարրերը շանտաժի համար օգտագործելով, զուգահեռ աշխատանք էր տարվում Ստամբուլի թուրքերենը և առհասարակ թուրքական դպրոցի ծրագիրը պանթուրանիզմի շրջանակներում տարածելու ուղղությամբ։ Այդ նպատակով բացում էին, կամ արդեն իսկ գործող դպրոցներում մտցվում էին թուրքական դպրոցի ծրագիրը, որը դասավանդում էին Թուրքիայից ժամանած կամ Թուրքիայում վերապատրաստված մասնագետները։ Ամեն ինչը, սկսած՝ պատմությունից, վերջացրած՝ մաթեմատիկայով դասավանդվում էր թյուրքական շահի դիտանկյունից։ Ձոնվում էին պոեմներ և գրվում ստեղծագործություններ թյուրքական էթնոսի բացառիկության և առաջնաստեղծ լինելու վերաբերյալ։ Այդ ամենին մեծապես օգնեցին այն ժամանակներում եվրոպական մի շարք գիտնականների կողմից հրապարակված որոշ աշխատանքներ, որոնք պարարտ հող ստեղծեցին թյուրքիզմը «գիտական հիմքերի» վրա դնելու համար։ Նշանակալիներից մեկը, օրինակ, հունգարահրեական ծագում ունեցող Արմինիուս Վամբերին էր (Հերման Բամբերգեր) (ընդհանրապես պանսիոնիզմը, անգլոսաքսոնիզմը և առանձին պետություններում, մասնավորապես՝ Գերմանիայում, Ֆրանսիայում, Թուրքիայում, Ռուսաստանում և այլուր, հեղափոխությամբ իշխանությունը զավթած և այդ երկրների պետական կուրսի փոփոխության վրա շեշտակիորեն ազդած խմբերը, դրանց ազգային ծագումնաբանությունը և քաղաքական ծրագրերն առանձին և շատ ուշագրավ ուսումնասիրության նյութ են, որն այստեղ մեր խնդրո թեմա չենք դարձնի՝ թողնելով ապագային)։ Կոնկրետացնելով վերոշարադրյալը՝ պանթուրանիզմի ճարտարապետները պանիսլամիզմը և պանթյուրքիզմը համարում էին պանթուրանիզմի փուլեր, շեշտելով, որ արաբական և իսլամադավան այլ ժողովուրդների գործոնը սկզբնական փուլում կարելի է հաջողությամբ օգտագործել՝ պանթուրանիզմի իրագործման ճանապարհին։ Նշված կետերն արդիական էին նաև պանօսմանիզմի և հետագայում՝ Աթաթուրքի ղեկավարման ժամանակաշրջանում։

Անցնենք ժամանակակից շրջանին։ Զարևանդի վերոնշյալ աշխատության կարևոր առանձնահատկություններից մեկը Ա.Ն. Մանդելշտամի այդտեղ տեղ գտած նախաբանն է։ Բանն այն է, որ Մանդելշտամը, լինելով դիվանագիտական կարևոր պերսոնա ռուս-թուրքական հարաբերություններում, ըստ էության արտացոլում է ռուսական քաղաքական վերնախավի մոտեցումները ռուս-թուրքական հարաբերություններում։ Ցավոք, 2015 թվականին լույս տեսած գրքում զետեղված նախաբանը ևս մեկ անգամ փաստում է, որ այդ հարաբերությունների ճարտարապետները վերստին կրկնում են բոլշևիկների սխալը։ Որպես հարցի լուծում Մանդելշտամն առաջարկում է Թուրքիային միանալ ռուս-չինական աշխարհաքաղաքական տնտեսական բլոկին և հանդես գալ որպես մեկ միավոր՝ ընդհանուր հետաքրքրություններով (աբսուրդ է՝ միևնույն տարածքի նկատմամբ լրիվ հակառակ ցանկություններ ունեցող երկու երկրների, կամ առավել պատկերավոր՝ նույն մսի կտորի համար պայքարող երկու սկզբունքորեն տարբեր կենդանի օրգանիզմներին դնել նույն բլոկում և ասել՝ դուք ընկեր եք)։ Նա պնդում է, որ ներկայումս դժվար, գրեթե անհնար է որևէ տարածքի կարգավիճակի փոփոխությունը և անցումը մեկ պետության վերահսկողությունից մյուսի վերահսկողության տակ առանց պատերազմի, նշում է, որ միջազգային իրավունքը ստանում է երկակի դրսևորումներ և ոչ միանշանակ է գործում տարբեր իրավիճակներում՝ դառնալով թերի, հեղհեղուկ ու անկատար։ Հետաքրքրականն այն է, որ 2015-2016 իրադարձություններն ամենացայտուն կերպով ի ցույց դրեցին հենց այդ մոտեցումների սխալ լինելը։ Ղրիմն Ուկրաինայից ռուսական կազմ վերադարձնելով՝ Ռուսաստանն, ըստ էության, այն փրկեց Թուրքիայից՝ դրանով լուրջ հարված հասցնելով պանթուրանիզմի պլաններին։ Մյուս հարվածն այդ ծրագրին՝ Սիրիա մուտք գործելը և «Իսլամական պետություն» հորջորջվող ահաբեկչական կառույցին նշանակալի ռազմական վնաս հասցնելն էր։ Պատահական չէ, որ հենց Թուրքիան է սնողն ու ամրացնողն այդ կառույցի։ Ըստ էության, Էրդողանը փորձում է իրագործել պանթուրանիզմի ծրագիրը, արագացված կերպով խաղարկելով դրա փուլային՝ պանիսլամիզմի, պանթյուրքիզմի էտապները։ Դրա վառ օրինակը կարելի է համարել Իսրայելի հետ հարաբերությունների ցուցադրական վատթարացումը, որով Էրդողանը փորձեց գրավել արաբական աշխարհի համակրանքը։ Այդ ամենին զուգահեռ, ինտենսիվ կերպով զարգացում է ապրում պանթյուրքական պրոյեկտը, որն արտացոլվում էր թյուրքական, Թուրանի մաս կազմող պետությունների ղեկավարների պարբերական հանդիպումներով, ընդհանուր թուրանական հեռուստատեսություն ստեղծելու և այն զարգացնելու անհրաժեշտության ընդգծմամբ, թուրանական պետությունների առանձին ռազմական համագործակցության ծավալմամբ և այլն։ Պետք է նշել, որ բավականին հաջող կերպով են զարգացնում այդ պրոյեկտները, որոնք լուրջ արդյունքներ են արձանագրում։ Տարբեր ազգերի ներկայացուցիչների հետ անձնական շփումների և ստացվող մասնագիտական և այլ տեղեկություններից պարզ է դառնում, որ այսօր էլ ակնկալվող Թուրանի տարածքում բավականին ինտենսիվ կրթական ու քարոզչական գործունեություն է ծավալվում։ Մասնավորապես հայտնի է, որ տարածաշրջանի մահմեդական մի շարք երկրներում մեծ հեղինակություն են վայելում արական գիմնազիաները և դպրոցները, որտեղ դասավանդում են թուրք կամ Թուրքիայում հատուկ վերապատրաստում անցած մասնագետներ։ Հատկանշական է, որ նման դպրոցներում դասից դուրս, ազատ ժամերին ավագների կամ հատուկ մարդկանց հետ անց են կացվում լրացուցիչ հանդիպումներ՝ կյանքի, փիլիսոփայության, կրոնի, պատմության և այլնի վերաբերյալ (առանձին քննարկման նյութ կարող է դառնալ նաև քարոզչական նպատակներով օգտագործվող ներկայիս կինոարտադրությունը, օրինակ, հատկապես Ռուսաստանում մեծ հեղինակություն վայելող «Հրաշագեղ դար» – «Великолепный Век» հեռուստասերիալը)։ Կան տվյալներ նաև, որ թուրքերով բնակեցված որևէ հատվածում Թուրքիան պետական միջոցներով գործուղում է կրոնական մասնագետներ՝ համայնքները կազմակերպելու նպատակով (այդ նախագիծն աշխատում էր դեռ նախորդ դարում և դրա կարևորությունն ընդգծվել էր դեռ 1900-ականների սկզբին Ռուսաստանում երրորդ պանթյուրքական գաղտնի հավաքի ժամանակ, և ըստ էության ոչ միայն չի վերացել, այլև կատարելագործվել և ինտենսիվորեն գործում է ցայսօր)։ Մյուս ուշագրավ փաստն այն է, որ թյուրքական ծագում ունեցող մուսուլմաններին ներքին կարգով արգելվում է նամազ անել արաբների հետ և սերտորեն շփվել կրոնական թեմաներով, չնայած որ մասնավոր զրույցներում շատերն ակնածանքով են խոսում արաբների վերաբերյալ՝ որպես իսկական մուսուլմանների, և ափսոսանք հայտնում այդ արգելքի առթիվ։ Առանձին հետաքրքրության թեմա է արաբական հասարակությունը, որտեղ շատ հաճախ Իսրայելը, Իրանն ու մի երրորդ երկիր ներկայացվում են որպես այս մոլորակի գլխավոր չարիք, որոնք աշխատում են միասին և մարդկությանը տրամադրում են իսլամի դեմ։ Անգամ առարկելիս, թե Իրանն ու Իսրայելը միմյանց նկատմամբ պարբերաբար թշնամական արտահայտություններ են անում, և որ Թուրքիան է բավականին ակտիվ խաղացող, մասնավորապես՝ «Իսլամական պետություն» ահաբեկչական կառույցի համալրման և օժանդակության հարցում, կարող եք հանդիպել հակաճառության, թե՝ ոչ, «դա թատրոն է», «Թուրքիան Իսլամական պետության հետ բնավ առնչություն չունի»։ Ըստ էության՝ Թուրքիայի պլաններն իսլամական սունի աշխարհի նկատմամբ բավականին հաջող կերպով իրենց պտուղներն են տալիս։ Այս ամենի և արցախյան «քառօրյա պատերազմի» ֆոնին բավականին հետաքրքիր էր Ադրբեջանին զենք, մասնավորապես մեզ համար այդպիսի գլխացավանք դարձած անօդաչուներ վաճառող Իսրայելի Քնեսետի պահվածքը, որը հակամարտության էսկալացիայի ֆոնին անմիջապես դատապարտեց Ադրբեջանին։ Հայոց ցեղասպանությունը չճանաչող պետության՝ նման արագ արձագանքը և Ադրբեջանի ուղիղ, հասցեական ու միակողմանի դատապարտումը թերևս անհասկանալի կթվար, եթե դրա ֆոնին Ադրբեջանը չտաներ տեղեկատվական քարոզչություն՝ իբր այդ կռիվը կրոնական պատերազմ է։ Ըստ էության, արաբական, իսլամական և հատկապես սունի աշխարհի համար աչքի փուշ հանդիսացող Իսրայելն իր այդ հայտարարությամբ խորացրեց ադրբեջանական պրոպագանդայի նկատմամբ իսլամական աշխարհի վստահությունը և անուղղակիորեն ամրապնդեց նրանց այն թեզը, որ դա կրոնական պատերազմ է։ Սա ևս մի ցայտուն օրինակ է, թե ինչպես է թուրանի իրագործման ճանապարհին շատ ճկուն օգտագործվում պանիսլամիզմի զենքը։ Եւ թերևս պատահական չէ, որ երբ պատմում ես ադրբեջանցիների կողմից «քառօրյա պատերազմում» արված վայրագությունների մասին, առաջին հարցը մասնավորապես մուսուլման լսարանի կողմից այս է. բայց դա ադրբեջանցինե՞ր են, թե Իսլամական Պետությունից են կռվում այդտեղ։

Ինչևէ, ընդհանուր առմամբ պարզ է, որ պանթուրանիզմն ամենևին էլ քնած և ոչ էլ, առավել ևս, հնացած նախագիծ է։ Այն շատ ակտիվ և էլ ավելի կատարելագործված կերպով աշխատում է մինչ օրս և ոչ միայն չի փոխվել իր դրսևորումներում, այլև ոչ պակաս ագրեսիվ է դարձել։ Որպես վառ օրինակ կարելի է նաև մեջբերել 2012-ին Թուրքիայում ընթացող թուրք-ղազախական բիզնես ֆորումին Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի խոսքերը, որտեղ նա մասնավորապես նշել է.

– Ինչպես ասել է Աթաթուրքը. «Կգա ժամանակ, երբ բոլոր թյուրքերը կմիավորվեն»։ Ուստի ցանկանում եմ ողջունել բոլոր թյուրքալեզու եղբայրներին։ Ալթայի և Միջերկրական ծովի միջև բնակվում են 200 միլիոնից ավելի եղբայրներ։ Եթե մենք բոլորս միավորվենք, ապա շատ արդյունավետ ուժ կլինենք աշխարհում: (http://m.amic.ru/news/195907/)։

Ինչպես տեսնում ենք, պանթուրանիզմի վերաբերյալ ելույթներում փոփոխության են ենթարկվել միայն դրանք արտասանողների անունները և մեջբերվող թվերը՝ 22 միլիոնից դառնալով ավելի քան 200 միլիոն։ Եւ սա է իրականությունը։ Արցախյան պատերազմում, թե՛ 90-ականներին, և թե՛ այժմ՝ Հայությունը պայքար է տանում ոչ միայն Ադրբեջանի, այլ ավելի քան 200 միլիոնանոց Մեծ Թուրան ստեղծելու պանթուրանական գաղափարախոսության դեմ։ Սա այն գլխավոր ուղղություններից մեկն է, որը պետք է մաս կազմի (և մենք կարող ենք նկատել, որ կազմում է) այլ պետությունների հետ մեր հարաբերություններում, քանի որ պանթուրանիզմն ուղղակի վտանգ է ոչ միայն հայությանը, այլև անկանխատեսելի հետևանքներով հղի սպառնալիք Ռուսաստանի, Իրանի, Չինաստանի, Հնդկաստանի, Եվրոպայի և առհասարակ՝ ամբողջ աշխարհի համար։
Ամենևին չանտեսելով անհիշելի ժամանակներից ձևավորված ջերմ հարաբերություններն ու ակնածանքը հայ ազգի նկատմամբ՝ նաև վերոշարադրյալի՛ շրջանակներում կարելի է փորձել բացատրել այլ պետությունների կողմից տնտեսական, ռազմական և քաղաքական գործող աջակցությունները (ժամանակակից «Մետաքսի Ճանապարհը», հայ-չինական զարգացող հարաբերությունները, հայ-իրանական հարաբերությունները և այլն): Անհասկանալի են մնում թերևս Վրաստանի և Ռուսաստանի կողմից տարվող քաղաքական որոշ գործընթացներ։ Վրացական կողմի պահվածքը կարելի է բացատրել նախ ներկայիս Վրաստանի կազմում գտնվող հայկական Ջավախքի գործոնով, ինչպես նաև այն օբյեկտիվ իրականությամբ, որ ներկայումս վրացական տնտեսությունը գերազանցապես կախվածության մեջ է գտնվում թուրքական և ադրբեջանական տնտեսություններից։ Ուժեղ Հայաստանի դեպքում Ջավախքը կորցնելու և Ռուսաստանի ազդեցության գոտուց դուրս գալու վրացական կուրսն, ըստ էության, հանգեցրեց Վրաստանի թուրքական օկուպացիային, և կարճաժամկետ առումով Վրաստանի թվացյալ տնտեսական զարթոնքը, երկարաժամկետ առումով դեպքերի նմանօրինակ ընթացքի պայմաններում հնարավոր է հանգեցնի Վրաստանի վերացմանը՝ որպես քրիստոնեական, պետական առանձին միավորի։

Ինչ վերաբերում է Ռուսաստանի քաղաքականությանը, ԵԱՏՄ, ՀԱՊԿ միավորումներին և դրանց վարքագծին… Նախ փորձենք հասկանալ բոլշևիկյան սխալից հետո ստալինյան պրոյեկտը՝ Ադրբեջան պետության ստեղծումը, ադրբեջանցին՝ որպես ազգություն և ադրբեջաներենը՝ որպես լեզու պրոպագանդան։ Պանթուրանիզմի հիմնաքարն, ըստ էության, թյուրքական ընդհանուր ծագում և լեզու ունեցող խմբերին մեկ պետության, մեկ դրոշի տակ հավաքելն էր։ Տրամաբանությունը հուշում է, որ Թուրանի տեղակայման միջավայրում փոքր ցեղախմբերի մոտ որպես ինքնուրույն ազգություն գաղափարի զարգացումն ու ամրապնդումը պետք է լինեն պանթուրանիզմի դեմ կատարվող արմատական հիմնական քայլերը։ Դա կարելի է տեսնել նաև այլ օրինակներով, ինչպիսին Ղրղզստանն է, քրդերը և այլն։ Ինչ որ առումով այդ համատեքստում կարելի է նաև դիտարկել ներկայիս Ադրբեջան կոչվող պետության իրական էթնիկ խմբերի հետ տարվող աշխատանքները (լրացուցիչ պետք է փաստել, որ նրանց նկատմամբ թուրանի ճարտարապետները բավականին հաջող կերպով կիրառում են պանիսլամիզմի գործիքը. վառ օրինակ են Իսլամական Պետության դրոշի ներքո պայքարող բազմահազարանոց կովկասցիները, որոնք իրական գլխացավանք են դարձել նաև հենց Ռուսաստանի համար)։ Սակայն պետք է փաստել, որ Ռուսաստանի կոպտագույն սխալն է այդ ծրագրի իրականացումն իր, ըստ էության միակ, բնական և տրամաբանական դաշնակցի՝ Հայաստանի հաշվին։ Նախորդ դարի թուրանիստների կողմից բազմակի խաբված բոլշևիկների և կոմունիստների սխալներն անընդհատ կրկնելով և Հայաստանի հաշվին իր ամբողջ հարավային սահմանով թյուրքական էթնոսի հետ հնարավոր բախումը ժամանակավորապես հետաձգելով՝ Ռուսաստանը ոչ միայն չի լուծում խնդիրը, այլ էլ ավելի է բարդացնում իրավիճակը՝ լրացուցիչ ժամանակ տալով այդ երկրներին զարգացման համար։ Բավական է նշել, որ ներելով Ղրղզստանի, Մոնղոլիայի և այդ շարքի այլ երկրների պարտքը, Ռուսաստանը, ով հույս ուներ զարգացնել հարաբերությունները, խոր հիասթափություն ապրեց, երբ տնտեսական ճգնաժամի ֆոնին որոշ ռազմավարական ծրագրերի ֆինանսավորումը ժամանակավորապես հետաձգելուց հետո կոշտ պատասխան ստացավ այդ երկրներից, որ նրանք ըմբռնումով են մոտենում ռուսական քաղաքականությանը, բայց միևնույն ժամանակ կփորձեն կյանքի կոչել այդ նախագծերը՝ փնտրելով դոնորներ արևմտյան երկրների ու դաշինքների մեջ։ Նույնն է և պատկերը ԵԱՏՄ կազմակերպության պարագային (Մանդելշտամի առաջ քաշած մոդելը՝ մասնակի դրսևորմամբ)։ Կանխատեսելով Թուրքիայում զարգացումները (գուցեև նախապես պլանավորելով նախնական սցենարները)՝ մեկ տնտեսական քաղաքական միավորի մեջ ամփոփելով Ղազախստանի, Ղրղզստանի պետությունները (ընդ որում նկատենք, որ Ղրղզստանն Ուզբեկստանի հետ բավականին լարված հարաբերությունների մեջ է)՝ Ռուսաստանը, ըստ էության, փորձ է անում իրավական հիմք ստեղծել Ղազախստանի հետ հնարավոր բախման ժամանակն առավելագույնս հետաձգելու, կամ առնվազն՝ Թուրքիայի հետ բախման ֆոնին այն բացառելու համար։ Պարզ է, որ թուրքական տնտեսությունից կախված և ռուսական իմպերիալիստ-հիերարխիկ քաղաքականության հետևանքով Ռուսաստանից օրեցօր օտարացող ու Թուրքական (իսլամական) աշխարհում «փրկություն» որոնող Բելառուսը (Ուկրաինան մի փոքր այլ, բայց նմանօրինակ մոդել է, այն անկյունաքարային տարբերությամբ, որ Ղրիմի նկատմամբ Թուրքիան բացահայտ նկրտումներ ուներ), էլ ավելի խորը տնտեսական կախվածության մեջ է հայտնվում թյուրքական աշխարհից, և ստեղծվում է մի իրավիճակ, որ ԵԱՏՄ մեջ Հայաստանը, որպես հակակշիռ՝ օդի ու ջրի պես անհրաժեշտ է Ռուսաստանին, ինչը նա փորձում է ընդգծել՝ այդ կառույցի ղեկավարումը Հայկական կողմին (Տիգրան Սարգսյան) հանձնելով։ Սակայն ի սկզբանե արհեստական և հակաբնական այդ կառույցը չի կարող երկար կյանք ունենալ, և մենք կարող ենք ֆիքսել դրա քայքայումը, երբ թյուրքական աշխարհն իրեն բավարար ուժեղ կզգա՝ ողջ ճակատով Ռուսաստանի հետ ուղղակի առճակատման համար՝ չվախենալով եվրոպական, չինական և այլ ուժերի հնարավոր միջամտումից։ Անմտություն է կարծել, թե Թուրքիան և Թուրանի ճարտարապետները հրաժարվել են իրենց պրոյեկտից։ Ավելին, դիտարկելով Եվրոպայի իսլամացումը (թյուրքացումը), կարելի է վստահորեն փաստել, որ ծրագրերն ընդլայնվել են եվրոպական վեկտորի ուղղությամբ։

Այսպիսով, թե՛ ԵԱՏՄ-ն, և թե՛ ՀԱՊԿ-ն Ռուսաստանի կողմից ստեղծված են գերազանցապես իր համար շահեկան ակնկալիքով, պանթյուրքական պրոյեկտի հետ համատարած և միաժամանակյա բախումը ժամանակավորապես հետաձգելու պատրվակով՝ թուրանական պրոյեկտի որոշ երկրների ժամանակավոր «դաշնակից» դարձնելու մեթոդի կիրառմամբ, և ակնկալել այդ կառույցներից որևէ էական աջակցություն հայ-ադրբեջանական (և որ նույնն է հայ-թուրքական) բախումներում՝ առնվազն անմտություն է։ Միևնույն ժամանակ պետք է հասկանալ, որ ռազմավարական տեսանկյունից դա նաև մեզ է շահեկան, այլ հարց է, որ Ռուսաստանը պարբերաբար հաճոյանում է այդ երկրներին՝ Հայաստանի շահերի (մեծ հաշվով նաև՝ իր) հաշվին, ինչն անթույլատրելի է, և ինչը շատ հստակ և կոշտ պետք է հասկացնել Ռուսաստանին։

Ամփոփելով, նշենք, որ հայ-ռուսական հարաբերությունները ռազմավարական համագործակցություն, ընկերություն և կամ դաշնակցություն անվանելով, մեկ մակարդակով որակազրկում ենք դրանք, քանի որ հենց ռուսական բիլինաների՝ էպոսների վկայմամբ, Իլյա Մուրոմեցը Սվյատոգորի (Սանասարի) փոքր եղբայրն է (և ամենևին՝ ոչ հակառակը)։ (Օրգանի չափսերը չեն, որ պայմանավորում են դրա հիերարխիկ դերը օրգանիզմի գոյության գործում։ Օրինակ, մարդը կարող է ապրել մեկ թոքով, մինչդեռ բավականին փոքր չափսերի վահանագեղձի, մակերիկամների կամ մակուղեղի բացակայությունն ուղղակի հարցականի տակ է դնում օրգանիզմի գոյության հնարավորությունը)։ Ավելին, Յոթգլխանի վիշապի հետ կռվում վերջինիս գլուխը կտրելու պահին, երբ վիշապը կերպարանափոխվում է Քրիստոսի կերպարի, Իլյա Մուրոմեցի աջը թուլանում է և սուրը ձեռքից վայր է գցում՝ չիրականացնելով որոշիչ հարվածը։ Կռիվը տանուլ տված մարտիկներին ամոքում և նոր ճակատամարտի են պատրաստում Արարատյան երկրում։ Ինչպես տեսնում ենք, բոլոր խնդիրներն իրենց լուծումներով վաղուց արտացոլված են «ժողովրդական» իմաստության մեջ։

Հայաստանի հաշվին (Արցախը, Նախիջևանը նվիրելու գնով) վաստակած ժամանակավոր խաղաղությունը էլ ավելի ծանր դրության մեջ է դնում Ռուսաստանին՝ բարդացնելով լուծելիք խնդիրը։

Ներկա փուլում, հաշվի առնելով արդեն իսկ գոյություն ունեցող ռազմական և տնտեսական- քաղաքական դաշինքները, լավագույն ելքն է՝ մեծացնել ու ամրացնել թյուրքական աշխարհի մյուս երկրներից Թուրքիան բաժանող բնական և ռեալ պատնեշը՝ Հայաստանը։ Որպես ծրագիր, քրդական հարցի սրացման, թուրք-քրդական, թուրք-սիրիական բախումների, ինչպես նաև ահաբեկչական խմբավորումներին հովանավորելու հետևանքով Թուրքիայի նկատմամբ ձևավորված միջազգային վերաբերմունքի ֆոնին, կյանքի կոչել Վիլսոնյան Հայաստանի պրոյեկտը՝ մեկընդմիշտ զրկելով Թուրքիային թյուրքական աշխարհի լոկոմոտիվը դառնալու երազանքից։ Այդ ամենին զուգահեռ՝ ներկայիս Ադրբեջանի տարածքում բնիկ ժողովուրդների էթնիկ պատկանելիության գիտակցության խորացման արդյունքում ձևավորված մի քանի պետությունների ստեղծումը, և արդեն իսկ ԵԱՏՄ անդամ և Թուրանական կենտրոն դառնալու հարցում Թուրքիային ձեռնոց նետող Ղազախստանի ներքաշումը լոկալ փոքր տնտեսական կոնֆլիկտների մեջ՝ իր անմիջական հարևանների հետ, կստեղծի պարարտ հող խնդիրը բավականին հաջող կերպով կառավարելու համար։

Զաքար ԽՈՋԱԲԱՂՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում