ՀՀ ԶՈւ խաղաղապահների նոր զորախումբ կմեկնի Աֆղանստան

Հայաստանի Հանրապետության զինված ուժերի խաղաղապահ նոր զորախումբը Գերմանիա կմեկնի հունվարի 19-ին:

Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկացրեց ՀՀ ԶՈւ խաղաղապահ բրիգադի հրամանատար, գեներալ-մայոր Արթուր Սիմոնյանը, խաղաղապահ ուժերի նոր հերթափոխը բաղկացած է 65 զինծառայողից և Գերմանիա կմեկնի դասընթացների, իսկ փետրվարի առաջին կեսին կուղևորվի Աֆղանստան՝ Կունդուզ նահանգի օդանավակայան, որտեղ էլ կիրականացնի իր խաղաղարար առաքելությունը: «Կունդուզում գտնվող հայ խաղաղապահները կվերադառնան Աֆղանստան մեկնած խաղաղապահների նոր զորախմբի հետ տասը օր ծառայություն անցկացնելուց հետո»,-ասաց գեներալ-մայոր Արթուր Սիմոնյանը:

Նա հիշեցրեց, որ սկսած 2010 թվականի փետրվարից ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումը (մեկ դասակ) ընդգրկվել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության հրամանատարության տակ գտնվող ՄԱԱՈՒ (Աֆղանստանում միջազգային անվտանգության աջակցման ուժեր) (ISAF) հյուսիսային հրամանատարության կազմում և իրականացնում է Կունդուզ քաղաքի օդանավակայանի անվտանգության ապահովման խնդիրները: Մինչև Աֆղանստան մեկնելը հայկական զորախումբը 3-4 շաբաթյա նախատեղակայման վարժանք է անցնում Գերմանիայում:

2011թ. ավելացվել է Աֆղանստան գործուղված հայ խաղաղապահների թվակազմը’ հասնելով 121-ի, որոնցից 40 պայմանագրային զինծառայողներ առաքելություն են իրականացնում Կունդուզ քաղաքում, իսկ 81-ը պաշտպանում են Մազարի-Շարիֆի օդանավակայանը և աջակցման ուժերի ռազմակայանը:

Երկու ստորաբաժանումներն էլ գործում են գերմանական զորախմբի կազմում: Եվս 5 հայ սպաներ վերապատրաստում են անցնում Կունդուզում’ հետագայում աֆղանական բանակում որպես հրահանգիչներ ծառայելու համար:

Հետևեք մեզ նաև Telegram-ում