ԼՂՀ նախագահը պատմել է, թե երբ են իմացել ադրբեջանական գործողությունների մասին և ինչ քայլեր են ձեռնարկել (տեսանյութ)
Նմանատիպ
Ապրիլյան պատերազմից առաջ էլ ադրբեջանական զինուժը բազմանպատակ միջոցառումներ էր իրականացնում սահմանային հատվածում. կրակոցներ էին արձակում 60, 82, 120 մմ-անոց ականանետներից, նրանք կիրառում էին ծանր հրետանի՝ կրակելով 150 մմ թնդանոթից, նրանց զրահատեխնիկան միշտ շարժի մեջ է գտնվել և հաճախ այդ շարժն ավարտվում էր տանկերից կրակ բացելով: Այս մասին ապրիլյան իրադարձություններից հետո առաջին հարցազրույցում ասել է ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը:
«Եվ այդ դրսևորումները մշտապես ուղեկցվում էի նաև դիվերսիոն-հետախուզական և դիվերսիոն-ահաբեկչական գործողություններով: Բնականաբար մենք իրականացնում էինք պատասխան գործողություններ, պատժիչ գործողություններ, բայց հավատարիմ լինելով մեր կողմից ընդունված ԵԱՀԿ ՄԽ-ի համանախագահների առաջարկած սկզբունքներին՝ հակամարտությունը կարգավորել խաղաղ ճանապարհով, բանակցային սեղանի շուրջ, միշտ փորձել ենք այդ ընթացքում տարբեր առաջարկություններ ներկայացնել՝ թուլացնելու այդ լարվածությունը: Օրինակ՝ դիպուկահարների հեռացում, որը չի ընդունվել Ադրբեջանի կողմից, միջազգային, կրոնական, ազգային տոների ժամանակաշրջանում զերծ մնալ լարվածություն ստեղծելուց, առաջարկել ենք հետաքննություն անցկացնել, որը նույնպես մերժվել է Ադրբեջանի կողմից, մինչդեռ հայկական կողմն ընդունել է համանախագահների՝ վստահության մեխանիզմների կիրառման առաջարկները, որը նրանք նույնպես մերժել են»,-ընդգծել է Նախագահը:
Նրա տեղեկացմամբ՝ անցած տարվա հուլիս ամսից մինչև 2016-ի ապրիլի մեկը հայկական կողմն ունեցել է 21 զոհ, 113 վիրավոր:
Բակո Սահակյանը հիշեցրել է, որ Ադրբեջանի պահվածքի վրա մեկ անգամ չէ, որ հրավիրել են միջազգային հանրության և համանախագահների ուշադրությունը, բազմաթիվ անգամ տարբեր ատյաններում զգուշացրել են, որ ադրբեջանական գործողությունները չեն նպաստում հարաբերությունների կանոնակարգմանը, բայց ադրբեջանական կողմը շարունակել է իր գործելաոճը և ամեն անգամ առավել մեծ լարվածություն է ստեղծել սահմանին:
Անդրադառնալով ապրիլյան դեպքերին, ԼՂՀ նախագահը հայտնել է, որ իր աշխատասենյակում է եղել, երբ տեղեկացվել է թշնամու որոշակի շարժի մասին.«Հրավիրել եմ ինձ մոտ ՊԲ հրամանատարին, ԱԱԾ տնօրենին, Ոստիկանապետին՝ քննարկելու այդ տեղեկությունը: Եկել ենք այն եզրահանգման, որ դա լինելու է նրանց կողմից իրականացված գործողություններից մեկը՝ փոքր-ինչ շեշտադրմամբ, որը կարող է ծավալային առումով տարբերվել նախորդ գիշերվա գործողություններից: Այդպես ենք ավարտել մեր քննարկումը»:
ԼՂՀ նախագահը շարունակել է, թե իրենք «տուն են գնացել, բայց ՊԲ հրամանատար Լևոն Մնացականյանը գնացել է պաշտպանության բանակ լրացուցիչ ստուգումների, որի համար հրավիրել է իր պատասխանատուներին»:
«Բայց մինչ նա իրականացնում էր այդ ստուգումները, Ադրբեջանը սկսում է աննախադեպ լայնածավալ գործողությունները: Երբ տեղեկանում եմ այդ մասին, մեկնում եմ շտաբ և առաջին տեղեկությունը ստանում ՊԲ հրամանատարի տեղակալից. գեներալ Կարապետյանն արդեն գտնվում էր ճակատային հատվածում, նա ինձ հաղորդում է տեղեկություններ տվյալ պահի իրավիճակի մասին, և հասնելով բանակի ղեկավարման հրամանատարական կետ, ծանոթանում եմ օպերատիվ իրավիճակին, քանի որ շտաբ միաժամանակ այցելում են ԱԱԾ տնօրենը և Ոստիկանապետը, տալիս եմ մի շարք հանձնարարություններ, իսկ ՊԲ հրամանատարին հրամայում եմ ոչ թե դիմադրելու, իրականացնելու դիմակայելու գործողություներ, այլև կասեցնելու հակառակորդի գրոհը՝ նպատակ հետապնդելով ոչնչացնել նրա կենդանի ուժն ու միջոցները: Պետք է նշեմ, որ փառքով է կատարվել այդ հրամանը՝ Արցախի հերոսական բանակի, նրա ժամկետային զինծառայողների, սպայական կազմի, բարձրագույն հրամանատարական կազմի, ներգրավված կամավորականների, աշխարհի տարբեր երկրներից նախնիների կանչով Արցախում հայտնված հազարավոր մեր հայրենակիցների՝ գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանի գլխավորությամբ»,-մանրամասնել է Բակո Սահակյանը:
Մարիամ ՊԵՏՐՈՍՅԱՆ
Հետևեք մեզ նաև Telegram-ում