Արամ Ա. «Անհրաժեշտ է ավելի ամրապնդել քրիստոնեություն-իսլամ գործակցությունը Միջին Արևելքում»

Այսօր առավոտյան Մեծի Տան Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա. Վեհափառ Հայրապետը ընդունել է Լիբանանի Իսլամ Կրոնականների Համախմբման վարչության անդամներին’ սունի և շիա հոգևորականներ: Ըստ Մեծն Տան Կիլիկիո կաթողիկոսի ֆեյբուկյան պաշտոնական էջի` հանդիպման ընթացքում արծածվել են քրիստոնյա-իսլամ համակեցության, կրոնի սոցիալական ծառայության և Լիբանանի ընտրական օրենքի հետ կապված հարցեր: Հիշյալ հարցերի մասով Վեհափառ Հայրապետը շեշտել է հետևյալը.

«Անհրաժեշտ է ավելի ամրապնդել քրիստոնեություն-իսլամ գործակցությունը Միջին Արևելքում և հատկապես Լիբանանում: Իսլամի ու քրիստոնեության առաքելության շրջանակներում հասարակական մտահոգությունների ընհանրություններ գոյություն ունեն, և դրանց շուրջ համագործակցությունը ո՜չ միայն հնարավոր է, այլ նաև` դառնում է հրամայական», – նշել է նա:

Ըստ Արամ Ա Վեհափառ Հայրապետի` կարևոր է քրիստոնեության ու իսլամի սոցիալական առաքելությունը: «Կրոնը ո՜չ միայն հոգևոր ու բարոյական արժեքների քարոզիչը պէտք է դառնա, այլ նաև ժողովրդային ծառայության ճամփով այդ արժեքները պետք է կենսագործվեն հանսրության կյանքում», – ընդգծել է կաթողիկոսը:

Ինչ վերաբերվում է օրենքների, ապա, ըստ Մեծն Տան Կիլիկիո առաջնորդի` անհրաժեշտ է այնպիսի ընտրական օրենքներ մշակել, որ համայնքները կարևոր դեր ունենան իրենց ներկայացուցիչների ընտրության մեջ, ինչպես նաև պահպանվի Լիբանանի ամբողջականությունը ու ներքին միասնականությունը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում