Ադրբեջանի՝ բանակցության վերսկսումից խոսելը հուշում է՝ հավանական է ագրեսիան իրականացրել է ինչ-որ պայմանավորվածություն ունենալով (տեսանյութ)

Ադրբեջանի՝ բանակցության վերսկսումից խոսելը հուշում է՝ հավանական է ագրեսիան իրականացրել է ինչ-որ պայմանավորվածություն ունենալով (տեսանյութ)

ԼՂՀ երկրորդ նախագահ, ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Արկադի Ղուկասյանը չի կարծում, որ Ադրբեջանը որոշել է լայնամասշտաբ պատերազմ սկսել և հասնել Ստեփանակերտ՝ նկատելով, թե այն հարաբերությունները, որ այսօր նա ունի Ռուսաստանի և Իսրայելի հետ, չի նշանակում, որ վաղը նույնն է լինելու: Նման տեսակետ նա հայտնել է Արցախի հանրային հեռուստատեսության  «Մեր տուն ու տեղ» հաղորդման ժամանակ:

«Իմ կարծիքով Ադրբեջանը կոնկրետ հարց էր ուզում լուծել՝ ցույց տալ այս պահի իր առավելությունն այսպես կոչված բլիցկրիգով, գրավել ինչ-որ գյուղեր, շրջաններ  և դրանով հաստատել, թե ի վիճակի է ուժով լուծել ԼՂ հարցը: Այստեղ ոչ միայն ռազմական, այլև քաղաքական և ներքաղաքական գործոն կա, որովհետև այսօր Ադրբեջանը նաև ներսում ունի խնդիրներ: Եվ քանի որ Ադրբեջանի համար այս հարցը միշտ օրակարգում է, որովհետև նա երբեք չի ասել, որ պատրաստ է խաղաղ ճանապարհով լուծել Ղարաբաղի հարցը, նա միշտ  «բայց» է ավելացրել, թե պատրաստ է հարցը խաղաղ ճանապարհով լուծել, բայց…Սա նշանակում է, որ այս պլանը երկար ժամանակ է մշակվել, այլ հարց է, որ Ադրբեջանը չի հասել իր նպատակին: Կրկնում եմ՝ նրանց նպատակն է եղել գրավել ինչ-որ գյուղեր, տարածքներ, դրա համար էր, որ նախագահին և պաշտպանության նախարարին ուղղված զեկույցներում ասում էին, թե «Թալիշը մերն է, Ֆիզուլին մերն է»: Իրոք պատրաստվել են, լուրջ ուժ են կիրառել, բայց արդյունքի չեն հասել: Այսօր Ադրբեջանի ժողովուրդն իրավունք ունի Իլհամ Ալիևին հարցնել՝ ի՞նչ իմաստ ուներ, եթե չես հասել քո նպատակին»,-ասել է Արկադի Ղուկասյանը՝ շեշտելով, որ իր իսկ սանձազերծած պատերազմում Ադրբեջանն առնվազն հինգ անգամ ավելի շատ կորուստ է ունեցել, քան հայկական կողմը, և սրանից հետո Ալիևի «հերոսական» հայտարարություններն անեկդոտ են հիշեցնում. «Այն, ինչ Ադրբեջանը փորձում էր օգտագործել հետագայում որպես քաղաքական գործոն, ճնշում  հայկական կողմի վրա, փաստորեն այդ զենքը չաշխատեց»:

Անդրադառնալով ՌԴ-ի միջնորդությամբ  հաստատված հրադադարի բանավոր պայմանավորվածությանը,  ԼՂՀ երկրորդ նախագահն ակնարկեց, որ այս անգամ էլ Ռուսաստանը փրկեց Ադրբեջանին. եթե ռազմական գործողությունները մի քանի օր էլ շարունակվեին, հայկական զորքը կլուծեր այն խնդիրները, որը դրված էր: Ըստ նրա՝ այսօրվա պայմանավորվածությունը բանավոր է, իսկ 1994-95 թթ-ին կնքված հրադադարի պայմանագրերը միջազգային ուժ ունեն, որտեղ կա նաև ԼՂ-ի ստորագրությունը, ինչի պատճառով էլ Ադրբեջանը փորձում է հրաժարվել դրանցից: 

«Սա ևս հուշում է, որ Ադրբեջանն իր բլիցկրիգով փորձում էր հաստատել քաղաքական նոր մոտեցումներ, այսինքն՝ ռազմականն ու քաղաքականն այստեղ փոխկապակցված է: Իրենց թվացել է, թե ունեն լուրջ առավելություն, քանի որ մեծ գումարներ են ծախսել նոր տեսակի զենքեր գնելու համար  ՌԴ-ից և Իսրայելից, իրենք գիտեին, որ մենք չենք ստացել ՌԴ-ից նոր պայմանավորվածության՝ 200 մլն-ի վարկի շրջանակում մեր զենքերը»,-ընդգծել է ԼՂՀ երկրորդ նախագահը՝ նշելով, որ այսօր անիմաստ է խոսել բանակցությունների վերսկսումից՝ ինչի՞ շուրջ բանակցել.  «Փաստը, որ Ադրբեջանն է այսօր ինտենսիվ խոսում բանակցություններ վերսկսելու մասին, հուշում է, որ իրենք այս գործողություններն իրականացրել են՝ հավանական է  ինչ-որ պայմանավորվածություններ ունենալով, որ սրանից անմիջապես հետո սկսելու է բանակցային գործընթաց: Այսինքն՝ իրենց թվացել է, թե այս գործողություններով կարճացնելու են մեր լեզուն և մենք իրենց տեսակետից առավել կոնստրուկտիվ ենք լինելու, որ իրենք ավելի շահեկան դիրքերից են խոսելու մեզ հետ: Եվ չնայած սցենարը տապալվել է, բայց իրենք իներցիայով  շարունակում են խոսել բանակցությունների մասին: Այսպես էր նախատեսված՝ սկզբից իրենք հարվածում են, իբր խեղճացնում են մեզ, դրանից հետո մենք խեղճացած գնում ենք բանակցությունների և մեզ միակողմանի զիջումներ են պարտադրում: Բանակցություններն Ադրբեջանի հետ Իլհամ Ալիևի գալուց հետո, որը ոչ ադեկվատ է, ինչ-որ տեղ  անիմաստ են դառնում: Նրա համար կարգավորման ֆորմուլան սա է՝  «վերադարձրեք մեր տարածքները, հետո կխոսենք ուրիշ հարցերի մասին»: Սա աբսուրդ է»:

Այս համատեքստում Արկադի Ղուկասյանը նշել է, որ միջազգային հանրությունը երկակի ստանդարտներ է կիրառում, որից Ադրբեջանը շատ լավ օգտվում է, որովհետև ոչ մեկ հստակ չի ասում՝ Ադրբեջան, դու ես հրաժարվել հետաքննական, վերահսկողական մեխանիզմներից, ՄԱԿ-ի բանաձևերի կատարումից, որի արդյունքում ևս մի քանի տարածք ես կորցրել:

Ինչ վերաբերում է ԼՂ հակամարտության գոտում խաղաղապահների տեղակայմանը, Ղուկասյանն ասել է. «Խաղաղապահ ուժերը կարող են մտնել ռեգիոն, եթե տարածքներ հանձնելու հարց լուծվի, իսկ այս հարցը չի կարող լուծվել, քանի որ Ադրբեջանը պատրաստ չէ հրաժարվել ռազմական գործողություններից և քննարկել ԼՂ կարգավիճակը: Խոսքը գնում է բանակցային պրոցեսի մասին, այսինքն՝ եթե Հայաստանն ասում է, որ պատրաստ է, փակ թեմաներ իր համար չկան, իսկ նույն մոտեցումը չունի Ադրբեջանը, բնական է միակողմանի զիջումներ չեն կարող լինել»:

 Մարիամ ՊԵՏՐՈՍՅԱՆ

 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում