Հակառակորդի գործողություները տեսանելի են.ՊԲ ստորաբաժանումները բերվել են համապատասխան աստիճանի
Նմանատիպ
Երեկ ԼՂՀ պաշտպանության նախարարությունը հայտարարություն տարածեց, որ առաջնային գծի տարբեր ուղղություններում նկատվում են հակառակորդի զինուժի կուտակումներ ու ակտիվ տեղաշարժեր: Այսօր Մեդիա կենտրոնում կայացած հարցազրույց-ասուլիսին ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը նկատեց, որ զորքերի տեղաշարժը և զինուժի կուտակումները մշտական են, ինչն ընդունեց նաև Ադրբեջանի պաշտպանական ղեկավարությունը, իսկ անցած օրերին դրանք շեշտակի փոփոխություն չեն կրել: Հովհաննիսյանը միաժամանակ ակնարկեց՝ այսօր ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գծում ստեղծված իրավիճակը բոլորովին նման չի ապրիլի սկզբի իրավիճակին. Ադրբեջանի առավել մեծ զորքերի շարժ է տեղի ունենում:
Դիտարկմանը, թե կարելի՞ է ենթադրել ամեն դեպքում, որ նոր գործողություն, հարձակում է նախապատրաստվում, Հովհաննիսյանն ասաց, որ հստակ պատասխան տալ չի կարող, թե ինչպես և երբ:
«Ամենակարևորն այստեղ այն է, որ ՊԲ-ն իր հետախուզական միջոցներով այդ ամենը ֆիքսում է և արդեն որերորդ անգամ թեկուզ տեղեկատվական կանխարգելիչ տեղեկություն են տալիս, որ իրենք ամեն ինչ տեսնում են և ոչինչ աննկատ չի, հակառակորդի գործողությունները տեսանելի և ընկալելի են»,-ընդգծեց նա՝ շեշտելով, որ ՊԲ ստորաբաժանումները բերվել են համապատասխան աստիճանի և հանկարծակիության գործոնը նվազել է, բայց սա չի նշանակում, թե անակնկալության տարրերը պետք է բացառել խորամանկության, խուսանավման և այլ մեթոդների արդյունքում: Այսինքն՝ դիմացինիդ գործողությունների ժամի, տեղի, բնույթի վերաբերյալ ամբողջական ինֆորմացիային տիրապետելու համար առնվազն ձեռքիդ տակ պետք է ունենաս հակառակորդի գլխավոր շտաբի ամբողջ փաստաթղթերը:
Անդրադառնալով զորահավաք սկսելու մասին տեղեկություններին, Արծրուն Հովհաննիսյանը նշեց, որ երկրում զորահավաք չի կարող լինել, քանի դեռ այդ մասին չի հայտարարել պաշտպանության նախարարությունը: Ինչ վերաբերում է լուրերին, թե Ադրբեջանում արդեն զորահավաքը սկսվել է, ՊՆ մամուլի քարտուղարն ասաց, որ այդ մասին տեղեկություններ չունի:
Լուսանկարը՝ Մեդիա կենտրոնի
Հետևեք մեզ նաև Telegram-ում