Թրամփի վերջին մրցակիցը պաշտոնապես դադարեցրեց նախագահական ընտրարշավը
Նմանատիպ
Օհայոյի նահանգապետ Ջոն Քեյսիկը պաշտոնապես հայտարարել է իր նախագահական ընտրարշավը դադարեցնելու մասին, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Reuters-ին:
Չնայած այն ժողովրդականությանը, որ Քեյսիկը վայելում է որպես նահանգապետ, նա կարողացավ ընտրողների աջակցությունն ապահովել միայն իր հայրենի նահանգում:
Ավելի վաղ նախագահական մրցարշավից դուրս է եկել մյուս թեկնածուն՝ Տեխասի նահանգից սենատոր Թեդ Քրուզը, որը Թրամփին տանուլ տվեց Ինդիանայի փրայմերիզը:
Այսպիսով, միլիարդատեր Դոնալդ Թրամփը, որն առանց այդ էլ հանրապետականների ընտրարշավի առաջատարն էր, մնացել է Հանրապետական կուսակցությունից ընտրություններին մասնակցելու միակ հավակնորդը:
Ամենայն հավանականությամբ, նախագահական աթոռի համար պայքարում Թրամփը պայքարի մեջ կմտնի Դեմոկրատական կուսակցությունը ներկայացնող Հիլարի Քլինթոնի հետ: Նա թեեւ Ինդիանայում փրայմերիզը տանուլ տվեց Բեռնի Սանդերսին, բայց Վերմոնտից սենատորի նկատմամբ նրա վերջնական հաղթանակը կասկածներ չի հարուցում:
CNN հեռուստաալիքին տված հարցազրույցում Քլինթոնը Թրամփին համարել է «անկառավարելի» եւ հայտարարել, որ նրա ընտրարշավը «կառուցված է նեգատիվիզմի եւ ահաբեկման վրա»:
Մայիսի 4-ին Հանրապետական կուսակցության մի քանի բարձրաստիճան ներկայացուցիչներ ընդգծել են, որ չեն պաշտպանելու Թրամփին, իսկ ոմանք էլ ավելի հեռու են գնացել՝ հասկանալ տալով, որ ավելի շուտ կքվեարկեն Հիլարի Քլինթոնի օգտին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում