Դ.Դումանյանը հանդիպել է ատամնաբույժներին. Մի քանի օրից նոր հանդիպում է սպասվում

ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանն այսօր կրկին ընդունել է ստոմատոլոգիական կլինիկաների և ատամնատեխնիկական անկախ լաբորատորիաների մի խումբ ղեկավարների։

Առողջապահության նախարարությունից հայտնում են. նախարարը նշել է, որ նախորդ հանդիպման ընթացքում «Արտոնագրային վճարների մասին» ՀՀ օրենքում կատարված փոփոխությունների հետ կապված նրանց կողմից բարձրացված որոշ խնդիրների լուծման ուղղությամբ աշխատանքներ են տարվում։

Մասնավորապես’ խնդրին առնչվող գերատեսչությունների հետ ընթացող քննարկումների ժամանակ նախարարությունը պարզաբանում է, որ օրենքի քննարկման ընթացքում կատարված փոփոխությունների արդյունքում մասնագիտական որոշ մոտեցումներ հաշվի չեն առնվել։ Կլինիկաների և անկախ լաբորատորիաների ղեկավարներն իրենց մտահոգող խնդիրների լուծման ուղղությամբ այս անգամ առավել կոնկրետ առաջարկներ են ներկայացրել։

Դերենիկ Դումանյանը տեղեկացրել է, որ նախարարության մասնագետներն արդեն հանդիպումներ և նախնական քննարկումներ են ունեցել լիազոր այլ գերատեսչությունների ներկայացուցիչների հետ և խոստացել է, որ այդ առաջարկները ևս կվերլուծվեն նախարարության մասնագետների կողմից և համապատասխան հիմնավորումներով կներկայացվեն պատկան մարմիններին։ Նա առաջարկեց մի քանի օրից կրկին հանդիպել’ ամփոփելու արդյունքներ:

Նշենք, որ ատամնաբույժների հետ նախարարը երեկ էր հանդիպել: Մինչ այդ նրանք բողոքի ակցիա էին իրականացրել ՀՀ նախագահի նստավայրի դիմաց, վաղն էլ պատրաստվում են հանդիպել լրագրողներին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում