Վանաձորում սկսվել են Լոռու մարզային առողջապահական կենտրոնի ծննդատան շինարարության աշխատանքները

Երեկ Վանաձորում սկսվել են Լոռու մարզային առողջապահական կենտրոնի ծննդատան շինարարության հողային աշխատանքները, հաղորդում են «Տաշիր» բարեգործական հիմնադրամից:

«Գաղտնիք չէ, որ մարզի, հատկապես նախկին վարչական շրջանների՝ Տաշիրի, Ստեփանավանի, Սպիտակի, Ալավերդու, Գուգարքի բնակչությունը հաճախ բարձրակարգ բուժօգնություն, հատկապես ծննդօգնություն ստանալու համար ստիպված էր լինում հասնել Երևան, ինչը կապված էր հավելյալ դժվարությունների ու ծախսերի հետ: Նոր կենտրոնի կառուցումից հետո բոլորի համար հնարավոր կլինի ապահովել առավել որակյալ ու մատչելի բուժօգնություն: Կենտրոնի կառուցումը կյանքի է կոչվում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հանձնարարությամբ և իրականացվելու է Նախագահի անմիջական վերահսկողության ներքո»,-ասված է տարածած հաղորդագրության մեջ:

Առողջապահական կենտրոնի կառուցումը շուրջ 10 մլն դոլար արժողությամբ ծրագիր է, որը ֆինանսավորվելու է Համաշխարհային բանկի և «Տաշիր» բարեգործական հիմնադրամի կողմից: Նշյալ ծրագրի մոտ 30 տոկոսը կազմում է ծննդատան կառուցումը. այն իրականացվելու է Կարապետյանների ընտանիքի ֆինանսավորմամբ:

Այսպիսով, կյանքի է կոչվում հերթական ծրագիրը, որը Կարեն և Սամվել Կարապետյանների գործունեության հիմնական հավատամքի շրջանակներում է՝ աջակցել ոչ միայն որոշակի թիրախային խմբերի, այլև առաջին հերթին պետությանը, հատկապես այն ոլորտներում, որտեղ պետության հնարավորությունները դեռևս լիարժեք չեն:

«Նման ծրագրերն արդեն վաղուց նորություն չեն մեր հասարակության համար, իսկ Լոռու մարզի հանդեպ ընդգծված ուշադրությունն առավել քան բնական է, քանզի խոսքը Կարապետյանների ընտանիքի «փոքր Հայրենիքի» մասին է»,-ասված է հաղորդագրության մեջ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում