Պետք է լռեցնենք ադրբեջանական կրակակետերը՝ լինի Եվլախում, Բարդայում, Միրբաշիրում, թե Բաքվում (տեսանյութ)
Նմանատիպ
Քաղաքակիրթ աշխարհը, որը խոսում է Ադրբեջանի տարածքային ամբողջականության մասին, ցանկալի կլինի այդ մարդիկ ծանոթանան քաղաքական քարտեզին և տեսնեն, թե այդ քաղաքական քարտեզի վրա երբ է գոյություն ունեցել Ադրբեջանը, հետո նոր խոսեն Ադրբեջանի տարածքային ամբողջականության և փոխզիջումների մասին:
Այս մասին «Արարատ» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է ԼՂՀ ԱԺ պատգամավոր, գեներալ-մայոր Վիտալի Բալասանյանը:
«Ինչ զիջումներ մասին է խոսքը: Մենք արդեն վաղուց զիջել ենք. երբ մեր բնագիծն անցնում էր Բաշքարվենդ քաղաքով, էդ մարդիկ ծնկաչոք խնդրում էին, որ չշարունակեինք: Հիմա նույնն է. ապրիլյան այս դեպքերը, երբ նորից սկսեց հարձակողական, երևի խնդրել էին, զորքը պատրաստ էր առաջ նետվել, ընդհանրապես կապիտուլացիայի ենթարկեր Ադրբեջանին: Եթե չեն հավատում, թող քաղաքական որոշում կայացնեն, երկու օրից կտեսնեք ինչ է կատարվելու Ադրբեջանում»,-հայտարարել է գեներալը:
Այս համատեքստում Վիտալի Բալասանյանը նշել է, որ հակառակորդին զսպելու համար պետք է անցնել հակահարձակման և ցույց տալ, որ Ադրբեջանը ոչնչություն է: Ըստ նրա՝ հայկական կողմը չպետք է տարիներով սպասի, թե երբ է ադրբեջանական կողմը հարձակվում, երբ քայլն արդեն արված է:
«Մենք պետք է լռեցնենք այն կրակակետերը, կապ չունի դրանք Եվլախում են, Բարդայում, Կուզանլիում են, Միրբաշիրում, թե Բաքվում: Այն կրակակետերը, որոնք վտանգ են սպառնում Արցախին և ՀՀ-ին, մենք պետք է այդ կրակակետերը լռեցնենք և լռեցնելու ենք»,-ընդգծել է Վիտալի Բալասանյանը՝ շեշտելով, որ բացառվում է Ադրբեջանը կարողանա ԼՂ հարցը լուծել ռազմական ճանապարհով: Նրա խոսքով, «մինչև Եվլախ և Կիրովաբադ առաջնագծում մարդ չկա, բոլորը թողել փախել են»:
«Եթե անգամ Ղարաբաղում մնա մեկ զինվոր, դա խնդիր է բոլորի համար, նրանց, ովքեր կցանկանան ռազմական ճանապարհով Ղարաբաղը…կամ Հայաստանը, դա բացառվում է, որ կամ Ղարաբաղին կամ ՀՀ-ին ռազմական ճանապարհով…լինի դա Թուրքիան, Ադրբեջանը, թե Ռուսաստանը: Մենք միշտ պարտվել ենք քաղաքական դաշտում, դա է խնդիրը»,-հավելեց գեներալը:
Իր խոսքում Վիտալի Բալասանյանը նշել է նաև, որ մենք առաջին հերթին ոչ թե պետք է մանկապարտեզներ և դպրոցներ կառուցենք, այլ պետական սահմաններն ամրապնդենք, մեր անվտանգության խնդիրը լուծենք, հետո նոր մեր հագուկապի: Վերջինը շեշտել է, որ մեր երկրում նախագահները, ղեկավարները պետք է ապրեն սահմանամերձ բնակավայրերում. եթե պետական պաշտոնյան շատ հեռու է ապրում սահմանից, նա չի կարող մտածել երկրի մասին, ինչի մասին վկայեցին ապրիլյան զարգացումները:
«Ոչ մի պաշտոնյայի չես տեսնի, որ ընտանիքը սահմանամերձ բնակավայրում ապրի, ինչն է խնդիրը, ինչու չենք տեսնում: Ինչու պետք է բոլորը Ստեփանակերտում և Երևանում ապրեն, հո բոլոր նախարարները, նախագահները Երևանո՞ւմ չեն ծնվել: Թող մեր պետական պաշտոնյայի ընտանիքը Թալիշում լինի, տեսնեմ Թալիշն էդ վիճակում կհայտնվեր, իհարկե ոչ»,-նկատել է գեներալը՝ հաելելով, որ մեր հեռախոսները թող լինի ոչ թե 500.000 դրամանոց, այլ 15.000, մեր կոշիկները հավասար լինի զինվորի կոշիկին, մեր սնունդը, ուտելն ու խմելը:
Այս ֆոնին Վիտալի Բալասանյանը նշել է, որ մենք ապրիլյան դեպքերից հետո ունեցանք պարգևատրվողների ցուցակ, մինչդեռ պետք է լիներ նաև երկրորդը՝ չէ՞ որ մենք նաև բացեր ունեցանք:
Մարիամ ՊԵՏՐՈՍՅԱՆ
Հետևեք մեզ նաև Telegram-ում