ՖԻԴԵ-ն ուրախ կլինի Անանդ-Արոնյան մրցամարտն անցկացնել Հայաստանում

Լեւոն Արոնյանն աշխարհի չեմպիոն դառնալու գերազանց հնարավորություն ունի: Հունվարի 19-ին Ծաղկաձորում լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման կարծիք հայտնեց ՖԻԴԵ-ի առաջին փոխնախագահ Գեորգիոս Մակրոպոլուսը’ պատասխանելով «Արմենպրես»-ի այն հարցին, թե որքանով է հավանական հոկտեմբերին Վիշվանաթան Անանդի եւ հավակնորդի միջեւ կայանալիք մրցախաղն անցկացնել Երեւանում այն պարագայում, եթե աշխարհի չեմպիոն հետ խաղալու իրավունք նվաճի Լեւոն Արոնյանը:

«Արոնյանն ապացուցել է, որ հիանալի մարտիկ է եւ կարող է ցանկացած մրցակցի հաղթել: Եթե նա հաղթի, ապա ՖԻԴԵ-ն ուրախ կլինի մրցամարտն անցկացնել Հայաստանում»,- ասաց Մակրոպուլոսը’ հավելելով, որ Անանդը եւս խնդիր չի ունենա այստեղ խաղալու: «Ֆանտաստիկ մրցամարտ կլինի Հայաստանում»,- ասաց նա:

Շախմատի աշխարհի գործող չեմպիոնը հնդիկ գրոսմայստեր Վիշվանաթան Անանդն է: Վերջինս աշխարհի չեմպիոնի տիտղոսը վերանվաճել էր 2012 թվականի մայիսին Բորիս Գելֆանդի հետ կայացած պարտիաներում: Ամենայն հավանականությամբ, հայազգի գրոսմայստեր Լեւոն Արոնյանն այս տարի կարող է հավակնել աշխարհի առաջնության եզրափակիչ մրցաշարերին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում