Եկեք չվիրավորենք մեր բանակը

Եկեք չվիրավորենք մեր բանակը

Ռազմական փորձագետ չեմ, ոչ էլ այդ բնագավառի մասնագետ, հետևաբար աշխատում եմ զերծ մնալ այդ ոլորտին վերաբերող վերլուծություններ անելուց, քանի որ մեծ է սխալվելու հավանականությունը: Առհասարակ բանակն այն բնագավառն է, որի մասին խոսելուց պետք է ցուցաբերել շատ մեծ զգոնություն, եթե չես տիրապետում մասնագիտական տեղեկատվության կամ մոտիկից չես առնչվում այդ ոլորտին:

Սակայն կան ակնհայտ իրողություններ, որոնք նույնիսկ ոչ մասնագետին հնարավորություն են տալիս որոշակի կարծիք կազմել:

Հայոց անկախության հռչակումը ու պետականության առաջին քայլերը, Արցախի փաստացի անկախությունը, ցավոք, ուղեկցվեցին պատերազմով: Այդ տարիներին կանոնավոր բանակի բացակայության պատճառով մարտերն իրականացվում էին կամավորական ջոկատների միջոցով: Շատերը, որոնք մինչ այդ երբևէ ռազմարվեստի հետ չէին առնչվել, իրենց մեջ հայտնաբերեցին հմուտ զինվորականի հատկություններ: Կարողացան ճշգրտորեն կազմակերպել ու ղեկավարել մարտերը:

Նման պարագայում, որքան էլ մշակվեր ընդհանուր մարտավարություն ու ռազմավարություն, որքան էլ լինեին ղեկավարման կենտրոնական մարմիններ, հաճախ մարտերի հաջող ելքը պայմանավորվում էր առանձին անհատների քաջությամբ ու հնարամտությամբ: Պատահական չէ, որ հետագայում այդ ջոկատները դարձան մեր բանակի հիմքը, իսկ ջոկատների հրամանատարներից շատերը անցան ծառայության զիված ուժերում` զբաղեցնելով բարձր պաշտոններ: Շատերը թեպետ ստացած չլինելով զինվորական ակադեմիական կրթություն` այդ կրթությունը ձեռք բերեցին իրական մարտերում: Ի տարբերություն այլ երկրների ռազմական կրթության, երբ մարդիկ սկզբում յուրացնում են տեսականը, այնուհետև անցնում գործնականին, մերոնցից շատերը ճակատագրի բերումով տեսականը յուրացրեցին գործնականի հետ համադրելով ու դարձան արժանի զինվորականներ:

Փառք ու պատիվ մեր բոլոր նահատակված ու ողջ մնացած կամավորականներին, հրամանատարներին ու առհասարակ մեր ժողովրդին, իր հաղթական կամքի, տոկունության ու դժվարությունների նկատմամբ ըմբռնող մոտեցում ցուցաբերելու համար:

Բայց այլ է իրավիճակն այսօր: Այսօր ունենք կանոնավոր ու մարտունակ բանակ: Ունենք պետություն` իր համապատասխան ռազմական ինստիտուտներով, ու ցանկացած արտաքին ագրեսիայի դեպքում գործում են հենց այդ համապատասխան ինստիտուտները: Ունենք ռազմական ակադեմիա, որն ամեն տարի պրոֆեսիոնալ զինվորականներ է պատրաստում բանակի համար ու կարող ենք հանգիստ խղճով ազդարարել, որ այսօրվա մեր անվտանգության թիվ մեկ գրավականը ոչ թե առանձին անհատներն են, ոչ թե այս կամ այն անվտանգության համակարգն է, ոչ թե մեր քաղաքական արտաքին ուղղվածություններն են (ոմանց պատկերացմամբ Ռուսաստանը, ոմանց պատկերացմամբ էլ Արևմուտքը ), այլ մեր բանակը: Չընդունել դա, նշանակում է վիրավորել բանակը, ջուրը գցել մեր տարիների ջանքն ու արդյունքները, արժեզրկել մեր պայքարը ու ոչ պատշաճը մատուցել հանուն այդ պայքարի իրենց կյանքը տված մեր ժողովրդի զավակներին, մեր նահատակված հերոսներին:

Բայց մենք բանակը ակամա վիրավորում ենք նաև այլ մոտեցմամբ: Ոմանք դա կարող են անել քաղաքական հաշվարկների արդյունքում, ոմանք անկեղծ մտահոգությունից ելնելով, բայց փաստը մնում է փաստ:

Ինչ խոսք, ողջունելի է ցանկացած մարդու պատրաստակամությունը հայրենիքին ծառայելու համար, ողջունելի է ցանկացած հայ մարդու վերադարձը հայրենիք, եթե այդ վերադարձը պայմանավորված է ոչ թե հաշվարկներով, այլ տուն գալու ձգտումով: Գնահատելի է ցանկացած ողջամիտ կարծիք, մոտեցում ու առաջարկ, եթե այդ ամենի հիմքում անկեղծ ցանկությունն է հանուն հայրենիքի բարօրության: Ի դեպ, հայրենիք ասելով նկատի ունեմ ոչ միայն Հայաստանի Հանրապետությունը, այլ նաև Արցախի Հանրապետությունը: Մենք ունենք մեկ միասնական հայրենիք: Այլ է, երբ արտաքին ուղերձներ հղելու դեպքում, մենք մասնատում ենք մեր հայրենիքը երկու հանրապետությունների, բայց կործանարար կլինի, եթե այդ բաժանումը տեղի ունենա մեր սրտերում:

Որքան էլ մեծ լինեն առանձին անհատների` նախկինում կատարած ծառայությունները, որքան էլ հարուստ լինեն առանձին անհատների կենսագրական էջերն ու պարգևատրումները, հարկ է փաստել, որ դա չի կարող վեր լինել պետականությունից, վեր լինել պետականությունն ապահովող բանակից: Ցավոք, մարդկային քաղաքակրթությունը դեռ չի հասել այն աստիճանին, որ պատերազմները դառնան պատմական հուշեր, ցավոք մենք չենք հասել մեր նպատակների ու իղձերի կատարմանը ու վերջնական հաղթանակին: Ցավոք, պատերազմը մեզ համար դեռ չի ավարտվել: Նման պայմաններում մենք արժանին մատուցելով մարդկանց կենսագրություններին, խոնարհվելով նախկին սխրանքների ու անցյալի առջև` պարտավոր ենք կենտրոնանալ ներկայի վրա ու հայացքներս ուղղել առաջ:

Եթե մենք մեր հույսերն ու հաջողությունների գրավականը կապում ենք մեկ կամ երկու մարդկանց հետ, ապա մենք դրանով մեզ զրկում ենք պետականության գիտակցումից, զրկում ենք իրոք հաջողության հասնելու հնարավորությունից ու վիրավորում ենք բանակը: Բանակն ու համապատասխան ինստիտուտները, ստորադասելով առանձին անհատներին, մենք թևաթափ ենք անում այսօր առաջնային գծում կանգնած զինվորին, հուսալքում ենք վաղը բանակ մեկնող նորակոչիկին, քանի որ նրանք հոգու խորքում կարող են կորցնել իրենց կարևորության գիտակցումը: Պատնեշ ենք դնում այն պատանու առջև, որը այսօր պատրաստվում է ստանալ զինվորական կրթություն:

Անհատները այսօր կարող են զարդարել մեր հասարակությունը ու պիտանի լինել պետությանը, վաղը նրանք կզարդարեն մեր պատմության էջերը, բայց իրական մեր հենասյունը մեր բանակն է, այն բանակը, որը պաշտպանում է ոչ միայն պետությունը, այլ հենց այդ նույն անհատներին: Այսօրվա հերոսները մեր զինծառայողներն են` բարձրաստիճան սպայից մինչև զարքային զինվոր: Որովհետև այդ նույն շարքային զինվորի շնորհիվ է, որ այսօր ես կարողանում եմ գրել այս տողերը, այդ նույն շարքային զինվորի շնորհիվ է, որ այսօր մարդիկ կարողանում են օտարությունից վերադառնալ տուն:
Եկեք չվիրավորենք մեր բանակը:

Արմեն ՄԱՐՏՈՒՆԻ

Հետևեք մեզ նաև Telegram-ում