Սամվել Բաբայանի ասածի մեջ ռացիոնալ մի քանի հատիկ կար. Թևան Պողոսյան (տեսանյութ)
Նմանատիպ
ՀՀ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության անդամ Թևան Պողոսյանը դատապարտելի է համարում ԼՂՀ ԱԺ պատգամավոր Հայկ Խանումյանին ծեծի ենթարկելու փաստը.«Մենք տեսանք, որ օրը ցերեկով օրենքով անձեռնամխելի անձին առևանգում են, ծեծում, հետո ստիպում ինչ-որ թղթեր ստորագրել, ձայնագրել…սա իսկապես շատ բացասական ազդեցություն ունեցավ: Դատապարտում եմ ցանկացած տեսակի բռնություն, իսկ իմ գործընկեր Հայկ Խանումյանին մաղթում արագ ապաքինում»:
Լրագրողների հետ հանդիպմանը ՀՀ Աժ պատգամավորը հույս հայտնեց, որ միջադեպի հեղինակներն ու իրականացնողներն օրենքի սահմաններում խստագույնս կպատժվեն: Արցախի նախագահի՝ միջադեպի պաշտոնական դատապարտումն ըստ նրա ուրախալի է, և հիմա մնում է հուսալ, որ սրանից դասեր կքաղենք և երկրի զարգացումը կտարվի ժողովրդավարության ուղիով: Սա ենթադրում է, որ նախևառաջ պետք է միջադեպի քննությունը լինի թափանցիկ, հատկապես երբ կա բավարար տեղեկություն. Հայկ Խանումյանն ասաց, որ ճանաչում է առնվազն 7-ին, երկրորդ՝ հարակից կառույցների, մասնավորապես՝ Արցախբանկի շենքին տեղադրված տեսախցիկները ֆիքսած կլինեն կատարվածը:
«Կան բոլոր նախադրյալները, որ քննությունը գնա ճիշտ ուղիով, իրավապահ մարմինները թափանցիկ ներկայացնեն ամեն ինչը, թե քանի հոգի է հարցաքննվել, կալանավորվել, քանիսն է կասկածյալ: Դրանով երկու հարց ենք լուծում՝ ցույց տալ, որ Արցախի իրավապահ մարմինները գիտեն պրոֆեսիոնալ աշխատել, երկրորդ՝ ստանանք պատասխաններն այն բոլոր կասկածների, թե ով է պատվիրել, ով է սրանից փորձել դիվիդենտներ գտնել, որից հետո արդեն դատական գործընթացը, ինչը ևս պետք է թափանցիկ լինի: Սրանում ամենահետաքրքրվածը պիտի լինեն Արցախի իշխանությունները»,- նշեց Պողոսյանը:
Ինչ վերաբերում է Խանումյանի՝ Սամվել Բաբայանին ԼՂՀ ՊԲ հրամանատար նշանակելու պահանջին և Բաբայանի հերքմանը, Թևան Պողոսյանը նկատեց, որ դեռ ԼՂՀ պաշտպանության նախկին նախարարը չէր եկել Հայաստան, արդեն քաղաքական ենթատեքստեր էին շրջանառվում, մինչդեռ նրա վերադարձը պետք էր ընկալել որպես մի հայի տուն վերադարձ:
Ըստ Թևան Պողոսյանի՝ Երևանում Բաբայանի հարցազրույցը պետք է դիտարկել սրտացավ մարդու հարցազրույց, որը դեռ մի քանի տարի առաջ էր զգուշացրել ադրբեջանական գործողությունների մասին, այլ հարց է, թե ինչ ոճով է խոսել: Այսինքն՝ նրա ասածի մեջ կար մի քանի ռացիոնալ հատիկ: Մյուս կողմից Թևան Պողոսյանի համար անհասկանալի է, որ ՀՀ-ում միմյանց հետ մամուլի միջոցով են շփվում. «Ձևավորվել է մի իրավիճակ, երբ բոլորը բոլորի մասին ավելի լավ գիտեն, քան այդ մարդիկ: Սամվել Բաբայանը հանրային կերպով ասեց, որ պաշտոնի համար չի եկել, կարող եմ հավատալ, բայց կարող եմ և չհավատալ: Մենք նախընտրում ենք չհավատալ և մի 15 հատ էլ բան ավելացնել: Էդ մարդն ասել է, թե եկել է օգտակար լինել, հիմա կարելի է շփվել և հասկանալ»:
Հետևեք մեզ նաև Telegram-ում