Աթեշյանի օրոք հայ համայնքում թուրքախոսությունը 90 տոկոսի է հասել, իսկ եկեղեցիներում քարոզներն անցկացվում են թուրքերեն. թուրքագետ
Նմանատիպ
Պոլսո գործող Պատրիարք Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆյանի մոտ անբուժելի հիվանդության հայտնաբերումից հետո պատրիարքի կամ աթոռակից պատրիարքի ընտրություններ անցկացնելու փոխարեն շահադիտական նպատակներով տեղի ունեցավ փոխանորդի նշանակում և Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը դարձավ Պոլսո Հայոց պատրիարքի փոխանորդ՝ պայմանով, որ ամենակարճ ժամկետում պետք է անցկացնի պատրիարքի ընտրություն: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը նշեց թուրքագետ, ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի փոխդեկան Ռուբեն Մելքոնյանը՝ հավելելով, որ Աթեշյանը դառնալով փոխանորդ, ըստ էության դարձավ նաև պատրիարքի գահի հավակնորդ, ում վերջին տարիների գործունեությունը միտված է թուրքական իշխանություններին հաճելի, ձեռնտու քայլերի կատարմանն ու հայտարարություններ անելուն՝ դրանով իսկ ապահովելով իր հավանական ընտրության հնարավորությունը:
Մելքոնյանը հիշեցնում է, որ Մայր աթոռից քանիցս հորդորել են Աթեշյանին անցկացնել պատրիարքական ընտրություն և լուծել այդ հարցը, բայց այդ ուղղությամբ ոչինչ չի արվում և եթե դիտարկենք ամբողջ պատմությունը, կտենենք, որ Պոլսո Հայոց որևէ Պատրիարք չի արել մի հայտարարություն, որն ըստ թուրքագետի, էականորեն տարբերվի պատմական իրողություններից, ամբողջ հայության շահերից և դառնա թուրքական ուրացման քաղաքականության բաղկացուցիչ մաս, ինչն առկա է Արամ Աթեշյանի դեպքում, երբ Պոլսո Հայոց աթոռն օգտագործվում է թուրքական ներքին, և արտաքին քաղաքականության շահերի համար:
«Տարբեր ժամանակներում Հայոց ցեղասպանության տարելիցներին Պոլսո Հայոց պատրիարքներն իրենց հայտարարություններում կարողացել են պահպանել հոգևորականի կոչումը՝ զերծ մնալով քաղաքական և պատմագիտական վերլուծություններից, ինչն Արամ Աթեշյանը կեղծ հենքի վրա արել է: Պոլսո Հայոց պատրիարքարանը հոգևոր կառույց է և Թուրքիայում ընդունված աշխարհիկության սկզբունքի հիման վրա հոգևորականներն իրավունք չունեն մասնակցել քաղաքական գործընթացներին, անել քաղաքական հայտարարություններ, հանդես գալ պատմագիտական վերլուծություններով: Երբևէ չենք հանդիպի, որ հրեական համայնքի հոգևոր առաջնորդը հանդես գա նման հայտարարություններով, կամ Հունաց պատրիարքը հնչեցնի հակահունական հայտարարություն՝ նույնիսկ թուրք-հունական սրված հարաբերությունների ժամանակ: Այստեղ պետք է մի կարևոր հանգամանք նշել՝ Արամ Աթեշյանը Հայ Առաքելական եկեղեցու սպասավորներից է, բարձրաստիճան հոգևորական, բայց իր այս հայտարարությամբ դեմ է արտահայտվում Հայ Առաքելական եկեղեցու, Ամենայն Հայոց կաթողիկոսի դիրքորոշումներին. Մայր աթոռը Բունդեսթագի որոշման հետ կապված ունի տրամաբանական այլ մոտեցում»,- ընդգծեց նա՝ շեշտելով, որ Աթեշյանի՝ Էրդողանահաճո նամակը ձեռնտու գործիք դարձավ թուրքական ղեկավարությունների ձեռքում, բայց այն աշխատեց կարճաժամկետ:
Ինչ վերաբերում է Մայր Աթոռի արձագանքին, ապա ըստ Ռուբեն Մելքոնյանի, այն կոռեկտության սահմանում է. «Քանի որ Աթեշյանն անկախ իր անձնական որակներից, դրանց բացակայությունից, հանդիսանում է Պոլսո Հայոց պատրիարքության գահակալը, առաքելադավան 50-60 հազար հայ կա այնտեղ, ուստի Մայր Աթոռը երևի ունի որոշակի պատասխանատվության զգացում և իր հայտարարության մեջ չափավոր է»:
Անդրադառնալով Աթեշյանին կարգալույծ անելու պահանջներին, թուրքագետը նշեց, որ այն իրավական և եկեղեցական բոլոր օրենքներով անհնար է, քանի որ Արամ Աթեշյանն արքեպիսկոպոս է, և նրան կարգալույծ անելու որևէ հնարավորություն չկա: Մի բան սակայն փաստ է՝ Պոլսո Հայոց պատրիարքի փոխանորդը չի վայելում Ստամբուլի հայ համայնքի աջակցությունը.«Թուրքիայի Հանրապետության պատմության ընթացքում հայ համայնքը երբեք չի եղել այսքան պառակտված, այսքան վատ վիճակում. թուրքախոսությունը հասել է 90 տոկոսի, իսկ եկեղեցիներում քարոզներն անցկացվում են թուրքերեն: Աթեշյանն այս խնդիրները լուծելու փոխարեն զբաղվում է թուրքական պատմագիտության կեղծարարական բազան հարստացնելու գործով»:
Թուրքագետի դիտարկմամբ՝ Պոլսո Հայոց պատրիարքի ընտրությունը համազգային կարևորության խնդիր է և քանի չկա ընտրված պատրիարք, այս վիճակն է լինելու. նախորդ պատրիարքներն ուժեղ էին, քանի որ ընտրված էին և կարողանում էին անկախության որոշակի աստիճան ապահովել:
Ըստ Մելքոնյանի՝ Պոլսո Հայոց պատրիարքի ընտրություն չի անցկացվում, քանի որ պարզ է՝ այդ ընտրություններում թուրքական իշխանությունների ֆավորիտ թեկնածուն ընտրվելու որևէ շանս չունի. Ֆավորիտ թեկնածուն Գուգարաց թեմի առաջնորդ Տեր Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանն է, ուստի պետք է կանխել իրենց համար անցանկալի այս գործընթացը: Իսկ արդարացումները, թե Աթեշյանի վարքագիծը հանուն Թուրքիայի հայ համայնքի անվտանգության է, Ռուբեն Մելքոնյանը համարում է անհիմն. եթե անգամ արվի առավել թուրքահաճո հայտարարություն, Թուրքիայի պետական վերաբերմունքը հայերի նկատմամբ մնալու է անփոփոխ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում