Հռոմի Ֆրանցիսկոս Պապի հայաստանյան այցին նվիրված հուշամեդալ է թողարկվել
Նմանատիպ
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը թողարկել է հուշամեդալ՝ նվիրված Նորին Սրբություն Հռոմի Պապ Ֆրանցիսկոսի Հայաստանի Հանրապետություն այցին (24-26 հունիսի, 2016 թ.), որի կարգախոսն է՝ «Այց առաջին քրիստոնյա երկիր»: Այս մասին տեղեկացրին ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունից:
301 թ. Հայաստանում քրիստոնեությունը հռչակվել է պետական կրոն, ինչը կապված է Սուրբ Գրիգոր Լուսավորչի անվան հետ: Սուրբ Գրիգոր Լուսավորիչը համաքրիստոնեական տոնելի սուրբ է, նրա մասունքները դարերի հոլովույթում սփռվել են ողջ քրիստոնյա աշխարհում:
Համաքրիստոնեական շրջանակներում կարևորելով եկեղեցիների միջև գոյություն ունեցող բարեկամական հարաբերությունների զորացումը՝ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը 2000 թ. այցելել է Հռոմի Կաթողիկե Եկեղեցի և նրա գահակալ Հովհաննես Պողոս Բ Պապին, որն, իր հերթին, 2001 թ. իր մասնակցությունն է բերել քրիստոնեությունը Հայաստանում պետական կրոն հռչակելու 1700-ամյակի տոնակատարություններին:
Հուշամեդալի դիմերեսին պատկերված է Խոր Վիրապի վանքը Արարատ լեռան ֆոնի վրա և Ֆրանցիսկոս Պապի այցի թվագրումը, իսկ դարձերեսին՝ Սուրբ Գրիգոր Լուսավորչի արձանը Վատիկանի Սուրբ Պետրոս տաճարի արտաքին որմնախորշում (2005 թ., քանդակագործ՝ Խաչիկ Ղազանչյան), Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու և Հռոմի Կաթողիկե Եկեղեցու զինանշանները:
Հուշամեդալը սահմանափակ քանակությամբ է և ունի պատմամշակութային արժեք:
Հետևեք մեզ նաև Telegram-ում