Տեսնում եմ, որ Աստված ձեզ մենակ չի թողել, նա հիշեց ձեր հավատի անդրանիկությունը. Հռոմի պապ Ուղիղ (թարմացվող)

Տեսնում եմ, որ Աստված ձեզ մենակ չի թողել, նա հիշեց ձեր հավատի անդրանիկությունը. Հռոմի պապ Ուղիղ (թարմացվող)

13:20

Պատարագից հետո երկու հայրապետերը շրջեցին պապամոբիլով Գյումրիի փողոցներում՝ իրենց օրհնությունը բաշխելով հավատացյալներին:

/disc/25-06-16/0888fc01c7d5d25111866ea9ee543bf6.jpg

13:12

Գյումրիի Վարդանանց հրապարակում ավարտվեց Հռոմի պապի հանդիսապետությամբ Սբ. Պատարագը: Հիշեցնենք, որ Գյումրիում Ֆրանցիսկոս Պապը կայցելի Անարատ Հղության Հայ քույրերի միաբանության «Տիրամայր Հայաստանի» կուսաստան, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդանիստ Յոթ Վերք Սուրբ Աստվածածին եկեղեցի և Սրբոց Նահատակաց հայ կաթողիկե Մայր Տաճար:

12:46

Գյումրիի Վարդանանց հրապարակում հավաքված հավատացյալներին և ուխտավորներին Սրբազան քահանայապետն անձամբ բաժանեց Քրիստոսի մարմինն ու արյունը համարվող սուրբ նշխարը: Նրան միացան նաև մյուս համապատարագիչները:

«Օրհնյալ լինեն Տիրոջ ընթրիքին հավաքվածները, սա է տիրոջ Աստծո գալը, որ մաքրում է աշխարհի մեղքը: Սա է բուն իմաստը հաղորդության»,–ասաց նա

12.30

Սուրբ Վարդանանց հրապարակում ընթացող Ս. պատարագին Հռոմի պապը դիմել է Գյումրի եկած  հավատացյալներին, որում ասվում է.

/disc/25-06-16/2ff41de586030ccada79cec53d1221dd.jpg

«Եկել եմ որպես ուխտավոր այս օրհնյալ երկիրը. հանդիպելով ձեզ հետ, որ ժամանել էք տարբեր շրջաններից եւ մոտակա Վրաստանից, տեսնում եմ որ Աստված ձեզ մենակ չի թողել. Նա այցելել  է ձեր ժողովրդին (հմմտ. Ղկ (1,68): Աստված հիշեց ձեր հավատարմությունը Ավետարանին, ձեր հավատի անդրանիկությունը՝ հիմնված Առաքյալների քարոզության վրա, որոնց հիշատակն էք տոնում այսօր: Այս հողի վրա ձեր սուրբերից եւ վարդապետներից ոմանք ստեղծեցին այբուբենը ժողովրդի համար եւ ժողովուրդը Ավետարանի պատգամը քարոզեց, բոլորը միասին վկայելով, նույնիսկ արյան եւ ծանր փորձությունների գնով, որ «Աստծոյ սէրը կեանքից աւել արժէ» (հմմտ. Սղ 63,4): Քրիստոնեական հավատն այսպես դարձավ հայ ժողովրդի շունչը եւ նրա պատմության սիրտը: Այն ձեր ապագային հույսն է նաեւ»:

11:45

Գյումրու Սուրբ Վարդանանց հրապարակում Հռոմի պապի հանդիսապետությամբ մատուցված պատարագին Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն դիմել է Գյումրիի հավատացյալներին, որում մասնավորապես նկատել է.

/disc/25-06-16/1ca6c2605ffc20010f38cc6b572d15ca.jpg

«Ձերդ Սրբություն,

Սիրեցյալ հոգևոր եղբայրներ և բարեպաշտ հավատացյալներ,

Այսօր, երբ մեր Եկեղեցին հիշատակում է Տիրոջ սուրբ առաքյալների տոնը, որքան քաղցրահունչ ու առավել ուժգնությամբ է հնչում մեր հոգիներին այս պատգամը, որը մեր Տերն ուղղեց Իր աշակերտներին: Տերունապատվեր սիրո այս ջերմ զգացումով հանուն տարածաշրջանի ողջ հավատացելոց՝ բարի գալուստ ենք մաղթում Ձեզ, սիրեցյալ եղբայր ի Քրիստոս, Գյումրի քաղաք: Ուրախություն է Մեզ համար աղոթակից լինել Հայ Եկեղեցու և հայ ժողովրդի մեծ բարեկամիդ մատուցած Պատարագին:

Գյումրին Հայաստանի պատմական այն քաղաքներից է, որտեղ ծաղկում են ապրել հայ քրիստոնեական դարավոր արժեքները, ներդաշնակությամբ ձուլվել մեր ժողովրդի պատմությունն ու մշակույթը և հյուրընկալության սիրառատ ոգին: Գյումրիի ժողովուրդը առանձնանում է խորին հավատքով և եկեղեցասիրությամբ, կրողն է նաև քրիստոնեական եղբայրական համակեցության գեղեցիկ ավանդույթի, որի վկայությունն է այսօր այստեղ աղոթքի կանգնած Հայ Առաքելական և Կաթոլիկ Եկեղեցիների և քրիստոնեական այլ հարանվանությունների հավատացյալ զավակների ներկայությունը:

Խորհրդային աստվածմերժության տարիներին, երբ Հայաստանում կործանվում և փակվում էին եկեղեցիները, և միայն հավատացյալ մեր ժողովրդի անտեղիտալի դիմադրության շնորհիվ բաց էին մնացել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը և սակավ եկեղեցիներ, Գյումրիի Սուրբ Աստվածածին (Յոթվերք) եկեղեցին իր մայրական գիրկը բացեց և հովանի ու աղոթավայր դարձավ Հայաստանի հյուսիսային շրջանների և Վրաստանի սահմանամերձ հայաբնակ քաղաքների ու գյուղերի բոլոր քրիստոնյաների համար՝ անկախ ազգային ու դավանական պատկանելությունից՝ լինեին նրանք հայ առաքելական, կաթոլիկ, թե օրթոդոքս:

Եկեղեցու հյուսիսային նախամուտքը վերածվեց կաթոլիկ հավատացյալների աղոթավայրի, ուր տեղադրվեց և առ այսօր պահպանվում է կաթոլիկ ավանդույթին բնորոշ Տիրոջ խաչելության արձանը` բերված Արևիկ գյուղի կաթոլիկ եկեղեցուց, իսկ հարավային նախամուտքը տրամադրվեց ուղղափառներին, որտեղ ամենապատվավոր տեղում բարձրացվեց Սուրբ Նիկոլայոս Սքանչելագործի ռուսական սրբապատկերը: Այսպես Գյումրին և Սուրբ Աստվածածին (Յոթվերք) եկեղեցին էկումենիզմի ժամանակակից սահմանումից տարիներ առաջ դարձան գործնական էկումենիզմի մատակարարն ու քարոզիչը» (Հովհ. ԺԳ 34)» :

11:00

Հռոմի պապը Գյումրու Սուրբ Վարդանանց հրապարակում Ամենայն Հայոց Կաթողիկոսի աղոթակցությամբ  Սուրբ Պատարագ է մատուցում լատինական ծեսով, սակայն ինչպես որոշ շարականներ երգչախումբը կկատարի հայկական ծեսով: Համապատարագելու են Հայ կաթողիկե եկեղեցու կաթողիկոս-պատրիարք տեր Գրիգոր եպիսկոպոս Կապրոյանը, ինչպես նաեւ Հայաստանում հայ կաթողիկեների առաջնորդ Ռաֆայել Արքեպիսկոպոս Մինասյանը:

Այս սուրբ  առիթով Գյումրի են ժամանել հազարավոր հավատացյալներ, նաև ուխտավորներ տարբեր երկրներից:

/disc/25-06-16/7daf4a3b62de28ce9a6e194028638aec.jpg

/disc/25-06-16/c7d716d68fb3f482e1a9a673460a5c77.jpg

/disc/25-06-16/f51e2275fbb56f852128abacb16e7f93.jpg

/disc/25-06-16/32b99bbd947eba9a7785df56ba7883e9.jpg

Ավելի ուշ Գյումրիում Ֆրանցիսկոս Պապը կայցելի Անարատ Հղության Հայ քույրերի միաբանության «Տիրամայր Հայաստանի» կուսաստան, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդանիստ Յոթ Վերք Սուրբ Աստվածածին եկեղեցի և Սրբոց Նահատակաց հայ կաթողիկե Մայր Տաճար:

Այսօր  երեկոյան արդեն  Երևանում՝ Հանրապետության հրապարակում, տեղի կունենա էկումենիկ արարողություն և Խաղաղության Աղոթք:

Հիշեցնենք, որ առավոտյան Սրբազան Քահանայապետն այցելել է  Ծիծեռնակաբերդ՝ Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր և թանգարան:

 

 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում