ԵՄ-ի կազմից դուրս գալը հնարավոր է ազդի Մեծ Բրիտանիայի տարածքային ամբողջականության վրա

ԵՄ-ի կազմից դուրս գալը հնարավոր է ազդի Մեծ Բրիտանիայի տարածքային ամբողջականության վրա

Երկու տարվա ընթացքում Մեծ Բրիտանիայի պատմության մեջ տեղի ունեցան երկու կարևոր հանրաքվեներ: Մեկը 2014թ-ի սեպտեմբերի 18-ին էր, որն անցկացվել էր Շոտլանդիայում, իսկ մյուսը` սույն թվականի հունիսի 23-ին: Շոտլանդիայի անկախացմանը կողմ էր արտահայտվել քվեարկողների ընդամենը 44.7 տոկոսը, իսկ դեմ՝ 55.3 տոկոսը: Հանրաքվեին մասնակցությունը բավական բարձր էր եղել՝ 84.5 տոկոս: Հանրաքվեի արդյունքները նաև ցույց են տվել, որ անկախության կողմնակիցները մեծամասնություն են կազմել Շոտլանդիայի 32 ընտրատարածքներից միայն չորսում. Դենդիում անկախացմանը կողմ են արտահայտվել քվեարկողների 57 տոկոսը, Արևմտյան Դամբարթոնշիրում՝ 54 տոկոսը, Գլազգոյում՝ 53.5 տոկոսը, Հյուսիսային Լանարքշիրում՝ 51.1 տոկոսը: Այդպիսով, շոտլանդացիներն իրենց ընձեռված ազատ կամարտահայտության միջոցով ցույց տվեցին, որ ցանկանում են պահպանել 1707 թվականից Մեծ Բրիտանիայի հետ հաստատված միությունը:

Իսկ ահա Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալու կողմնակիցները հաղթել են հունիսի 23-ին կայացած հանրաքվեում: Ինչպես վկայում են վերջնական արդյունքները, որոնք հրապարակվել են բոլոր 382 ընտրական տարածքների քվեաթերթիկների տվյալների ամփոփման արդյունքներով, բրիտանացիների 52 տոկոսը (17,41 միլիոն մարդ) քվեարկել Է ԵՄ-ին Միացյալ Թագավորության անդամակցության դադարեցման օգտին, 48 տոկոսը (16,14 միլիոն մարդ) հանդես է եկել եվրաինտեգրացման շարունակման օգտին:

Երբ տեղի էր ունենում շոտլանդական հանրաքվեն, անգլիական իշխանությունները պարբերաբար մեջ էին բերում Եվրամիության խաղաքարտը` մատնանշելով, որ Միացյալ Թագավորության կազմից դուրս գալով` Շոտլանդիան հնարավորություն չի ունենա դառնալ ԵՄ անդամ: Թերևս, այս գործոնը վճռորոշ ազդեցություն ունեցավ 2014թ-ի հանրաքվելի ելքի վրա: Օրերս կայացած հանրաքվեի արդյունքները վկայում են, որ Շոտլանդիայում հիմնականում քվեարկել են ԵՄ-ի անդամակցության օգտին: Քվեարկության արդյունքների համաձայն՝ Շոտլանդիայի խոշորագույն քաղաքների բնակիչները հանդես են եկել ԵՄ-ում Բրիտանիայի անդամակցության պահպանման օգտին. Գլազգոյում ԵՄ-ին անդամակցությունը պաշտպանել է քվեարկողների 66,6 տոկոսը, իսկ Էդինբուրգում՝ 74,4 տոկոսը:

Հանրաքվեից դեռևս ամիսներ առաջ Շոտլանդիայում իշխող «Ազգայնական կուսակցության» առաջնորդ Նիկոլա Սթերջենը, ով նաև Մեծ Բրիտանիայի կազմից դուրս գալու ջատագովներից էր, հայտարարել էր, որ եթե Մեծ Բրիտանիան դուրս գա ԵՄ-ի կազմից, ապա Շոտլանդիայում նոր հանրաքվե կանցկացվի: Նման միտումներ հնարավոր է լինեն նաև Հյուսիսային Իռլանդիայում:

Մեծ Բրիտանիան ԵՄ-ի կազմում միշտ էլ իր ինքնուրույն խաղն է տարել և հաճախ կարևորագույն որոշումների ընդունման համար դարձել է խոչընդոտ: Այժմ պաշտոնական Լոնդոնը ցանկանում է միջազգային հարաբերությունների հարթակում հանդես գալ, որպես առանձին խաղացող, որի ազգային շահերը վեր կդասվեն միության շահերից:

Ինչպես ԵՄ-ի ստեղծման տարիներին շատ միջազգայնագետներ կանխատեսում էին, ինտեգրացիոն գործընթացների ալիքին կարող է հակակշռել ազգայնականության աճը: Ինտեգրացիոն միավորման դեպքում անդամ երկրները համաձայնում են տալ իրենց սուվերենության մի մասը` հաշվի նստելով ընդհանուր միավորի շահերի հետ: ԵՄ_ի անդամ երկրներից շատերում ազգայնական խմորումները վաղուց են սկսվել, և Մեծ Բրիտանիայում անցկացված հանրաքվեի արդյունքները կարող են նախադեպ դառնալ այլ անդամների համար ևս: Անշուշտ, Բրյուսելում հասկանում են այդ վտանգները, սակայն դեռևս այս ցնցումը մարսել է անհրաժեշտ: Պաշտոնական Բրյուսելի համար սա մեծ հարված էր, սակայն միաժամանակ դասեր քաղելու և միության ներսում առկա խնդիրներին խորքային լուծումներ տալու հնարավորություն:

Այս հանրաքվեն վեր հանեց նաև ԵՄ-ի ներսում առկա բազմաթիվ բացեր: Դրանցից մեկը ճգնաժամային իրավիճակին անպատրաստ լինելն է: Չնայած հանրաքվեի նման արդյունքները կանխատեսելի էին ,սակայն ԵՄ-ն ամենևին էլ պատրաստ չէր նման որոշմանը: Միաժամանկ պետք է նշել, որ չնայած Մեծ Բրիտանիայի բնակչության մեծամասնությունը քվեարկել է ԵՄ-իդ դուրս գալու օգտին, սակայն նույնիսկ տարրական պատկերացում չունի, թե ինչ է ԵՄ-ն և ինչպիսի ազդեցություն է ունենում երկրի տնտեսության և քաղաքականության վրա: Այս մասին վկայում են Գուգլ որոնողական համակարգի վերջին արդյունքները, համաձայն որոնց, հանրաքվեից հետո Բրիտանիայի տարածքից ամենից շատ փնտրվող բառը եղել է, թե ինչ է ԵՄ-ն: Այս առումով ԵՄ-ն իր գործունեության իրազեկությանը բարձրացման խնդիր ունի անդամ երկրներում, քանի որ հավանական է, որ անդամ այլ երկրներում ևս նման խնդիրներ կան: Մեծ Բրիտանիայի ` կառույցը լքելու հետևանքով կարճաժամկետ հեռանկարում երկու կողմերն էլ տնտեսական կորուստներ կկրեն: Սակայն կանխատեսելի է, որ կառույցը կգտնի Մեծ Բրիտանիայի հետ համագործակցության ճկուն տարբերակ: Միացյալ Թագավորությունը միշտ էլ առանձնակի կարգավիճակ է ունեցել ԵՄ-ի ներսում, չի միացել վիզաների վերաբերյալ Շենգենյան և միասնական արժույթի մասին համաձայնագրերին: Անկախ ԵՄ-ի կազմից դուրս գալուն ԵՄ-ին և Մեծ Բրիտանիային բազմաթիվ ամուր թելեր են կապում, որոնք թեկուզ ձևափոխված տարբերակով, սակայն սերտ համագործակցության հանգույց կկազմեն:

Աննա ԲԱՐՍԵՂՅԱՆ

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում