7 զբոսաշրջային ընկերություններ Հայաստանը կներկայացնեն Մադրիդում

Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամը հունվարի 30-ից փետրվարի 3-ը ընկած ժամանակահատվածում տեղական 7 զբոսաշրջային ընկերությունների հետ համատեղ Հայաստանը կներկայացնի Իսպանիայի մայրաքաղաք Մադրիդում տեղի ունենալիք «Fitur» միջազգային զբոսաշրջային տարեկան ցուցահանդեսին:

Ինչպես տեղեկացնում են Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի hանրային կապերի գրասենյակից, նախորդ տարի «Fitur»-ին մասնակցել են 9506 զբոսաշրջային ընկերություն 167 երկրներից. այն ունեցել է շուրջ 120 հազար մասնակից և 92 հազար այցելու: Ցուցահանդեսը լուսաբանել են ավելի քան 6300 լրագրողներ 54 երկրներից:

Ցուցահանդեսի շրջանակներում Միավորված ազգերի կազմակերպության Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության (UNWTO) հետ համատեղ կազմակերպվելու է ներդրողների համաժողով, որի ընթացքում ՀԱՄՀ կողմից ներկայացվելու է Հայաստանի զբոսաշրջային և ներդրումային գրավչությունը, գործարար միջավայրը՝ նպատակ ունենալով խթանել ներդրումների հոսքը Հայաստանում հասանելի հյուրանոցային ենթակառուցվածքների ստեղծման գործում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում