ՀԱՊԿ անդամ երկրների դիրքորոշումը ԼՂ հարցում չի համընկնում Ադրբեջանի դիրքորոշմանը. Շարմազանով (տեսանյութ)
Նմանատիպ
Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը Հանրապետական կուսակցության գործադիր մարմնի նիստի ընթացքում ներկայացրել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպման արդյունքները:
ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը:
«Դուք տեղյակ եք, որ ՀԱՊԿ անդամ երկրների ԱԳ նախարարները հանդես են եկել հայտարարությամբ, որն աջակցություն էր Հայաստանի Հանրապետությանը: Նրանք վերահաստատում են այն, որ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքն այլընտրանք չունի, երկրորդ՝ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափը փոփոխության ենթակա չէ, երրորդ՝ Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները պետք է կյանքի կոչվեն: Դուք գիտեք, որ Վիեննայում նախագահների մակարդակով հանդիպման ժամանակ միջադեպերի հետաքննության մեխանիզմների ներդրման մասին պայմանավորվածություն էր ձեռք բերվել, որից Ադրբեջանը հետքայլ կատարեց: Փաստորեն սրանով ՀԱՊԿ ԱԳ նախարարները սատարում են Հայաստանի դիրքորոշմանը և ցույց են տալիս Ադրբեջանին, որ գոնե այս երեք կետով ՀԱՊԿ-ի պաշտոնական դիրքորոշումը չի համընկնում Ադրբեջանի դիրքորոշման հետ»,- նշեց Շարմազանովը՝ նկատելով, որ սա արդյունք է ՀՀ նախագահի ճկուն ու նաև խիստ քաղաքականության, և հույս հայտնելով, որ ՀԱՊԿ անդամ երկրների նախագահների դիրքորոշումը մշտապես համահունչ կլինի նախարարների Երևանում արած հայտարարությանը:
Շարմազանովն այս համատեքստում ընդգծեց, որ ԼՂ խնդրի կարգավորման հետ կապված հիմնական սկզբունքների շուրջ Մինսկի խմբի համանախագահող երկրների դիրքորոշումները համընկնում են: Այսինքն՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Սանկտ Պետերբուրգում ԼՂ հարցով նախագահների հանդիպման կազմակերպումը չէր հակադրվում ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափին:
ՀՀԿ խոսնակը հերթական անգամ ընդգծել է՝ Լեռնային Ղարաբաղը պետք է ունենա իր ճակատագիրն ինքնուրույն որոշելու հնարավորություն, այնուհետ Ադրբեջանին կոչ արել զուր հույսեր չփայփայել՝ Արցախը երբեք չի եղել և չի լինի Բաքվի տիրապետության տակ:
«Լեռնային Ղարաբաղի մայրաքաղաք Ստեփանակերտում Ադրբեջանի դրոշ տեղադրելու մեկ տարբերակ կա` Ադրբեջանը ճանաչում է Լեռնային Ղարաբաղի անկախությունը և անկախ պետության մայրաքաղաք Ստեփանակերտում բացում է Ադրբեջանի դեսպանություն: Այլ տարբերակ չկա, եթե նրանք այդքան շատ են ցանկանում տեսնել իրենց երկրի դրոշը Շուշիում կամ Ստեփանակերտում, դա միակ տարբերակն է»,-եզրափակել է Շարմազանովը:
Տեսագրությունը՝ 1in.am, համապատասխան հատվածը՝ 20:39-ից
Հետևեք մեզ նաև Telegram-ում