ՀՀ քաղաքական, տնտեսական և բանակաշինության համակարգում լուրջ տեղ է զբաղեցնում կոռուպցիան. Արա Աբրահամյան (լուսանկարներ)

Այսօր  ՀՀ կառավարության նիստերի դահլիճում տեղի է ունեցել  «Ազգային միասնություն» շարժման մարզային կառույցների ներկայացուցչական հավաքը, որին մասնակցել են Համաշխարհային հայկական կոնգրեսի և Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը , տնտեսության և մշակույթի ոլորտի ներկայացուցիչներ: Իր ելույթում   Արա Աբրահամյանը մասնավորապես շեշտեց՝ Հայաստանի քաղաքական, տնտեսական և բանակաշինության համակարգում լուրջ տեղ է զբաղեցնում կոռուպցիան:

«Հարգելի՛ հայրենակիցներ,

տիկնայք և պարոնայք,

ընթացիկ հարյուրամյակը նոր մարտահրավերներ է ներկայացնում մեր մոլորակի բնակչությանը: Աշխարհում տեղի ունեցող բուռն տեղաշարժերն ու զարգացումներն արդեն շոշափում են նաև Հայաստանի, Արցախի և համայն հայության շահերը: Դրա վառ վկայությունն է այն փաստը, որ այսօր Ղարաբաղի անկախության ճանաչման խնդիրը հայտնվել է տեղի ունեցող գլոբալ բախումների կիզակետում:

Մենք չենք կարող անտարբեր մնալ 21-րդ դարի թելադրած մարտահրավերների հանդեպ: Մենք չենք կարող հանգիստ նստել ու սպասել, թե ի՞նչ տեղի կունենա և ի՞նչ է սպասվում մեզ: Ընթացիկ հարյուրամյակն իր դաժան մարտահրավերներով նման անհոգության տեղ չի թողնում: Համազգային միասնությամբ մենք կարող ենք դիմակայել այդ մարտահրավերներին: Նշվածը փաստերով ամրապնդելու համար ձեր ուշադրությունը կհրավիրեմ ընդամենը երկու իրադարձության վրա:

Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի ղեկավարությամբ Հայոց ցեղասպանության 100-ամյակին նվիրված միջոցառումների համակարգման պետական հանձնաժողովի կողմից կազմակերպված միջոցառումների անցկացումը ցույց տվեցին, որ մենք ազգային համախմբվածության և միասնության ապահովման միջոցով ի վիճակի ենք լուծելու Հայաստանի տնտեսական վերելքի, երկրի անվտանգության ապահովման, Արցախի անկախության ճանաչման, ինչպես նաև համազգային նշանակություն ունեցող ցանկացած հիմնախնդիր:

Մյուս իրադարձությունը Արցախյան քառօրյա պատերազմն էր, որի ժամանակ ամբողջ հայ ժողովուրդը Հայաստանում, Արցախում և սփյուռքում համախմբվեց և ապրում էր Արցախյան ռազմաճակատով:

Այո, նշված և բազմաթիվ այլ իրադարձություններ վկայում են, որ մեր ժողովրդի միասնությունը, համախմբումը նրա պատմական հաջողությունների և հաղթանակների աղբյուրն է ու գրավականը:

Ահա թե ինչու Համաշխարհային հայկական կոնգրեսը և Ռուսաստանի հայերի միությունը, համոզված լիներով, որ աշխարհաքաղաքական բուռն զարգացում ապրող իրադարձությունները դեռ շատ փորձություններ կարող են մատուցել, նախաձեռնեցին «Հանուն համազգային միասնության շարժումը», որն արդեն կյանքի ուղեգիր է ստացել և ձեռք բերել իր համախոհներին: Հայաստանում արդեն ձևավորվել են շարժման մարզային և քաղաքային կառույցներ, որոնք հետևողական աշխատանք են տանում համախոհների հավաքագրման ուղղությամբ: Այսօր այս դահլիճում հավաքվել են Շարժման տարածքային կառույցի ղեկավարները, պատասխանատուները, որոնք շատ ավելի լավ գիտեն տեղերում գործերի վիճակի, հաջողությունների, բացթողումների ու թերությունների մասին: Ես համոզված եմ, որ դուք հավատում եք դրական վերափոխումների գաղափարին և կփորձեք ձեր ներդրումն ունենալ այդ գործում:

Այսօր հայ ժողովրդի երեք հատվածները` Հայաստանը, Արցախը և սփյուռքը հայտնվել են շահերի նույն հարթության վրա: Հենց այդ իրողությունից էլ բխում է մեր շարժման գլխավոր նպատակը` նպաստել համազգային շահերի շուրջ համայն հայության համախմբմանը` ի շահ 21-րդ դարի մարտահրավերների դիմակայման:

Ժամանակակից աշխարհում համազգային միասնության ապահովման շարժիչ ուժ կարող է հադիսանալ Հայաստանի Հանրապետությունը: Պարզ է, որ իր այդ կարևոր պատմական առաքելությունն իրագործելու համար Հայաստանը պետք է լինի տնտեսապես և սոցիալապես հզոր, համախմբված:

Ցավոք սրտի Հայաստանը հզորանալու համար դեռևս լուրջ ճանապարհ ունի անցնելու: Հանրահայտ փաստ է, որ Հայաստանի տնտեսության զարգացման վիճակը բազմաթիվ օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառների հետևանքով շատ հեռու է բավարար լինելուց: Զգալի բացթողումներ կան Հայաստանի սոցիալ-տնտեսական կայուն զարգացման, բնակչության սոցիալական պաշտպանվածության բնագավառներում: Գործազրկության, աղքատության, երկրում տիրող անարդարության մթնոլորտի և այդ ամենի հետևանք հանդիսացող արտագաղթի նվազեցման ուղղությամբ ձեռնարկված միջոցները դեռևս արդյունավետ չեն:

Հայաստանի քաղաքական, տնտեսական և բանակաշինության համակարգում լուրջ տեղ է զբաղեցնում կոռուպցիան: Կոռուպցիոն երևույթներն ավելի ցայտուն դարձան հատկապես ապրիլյան պատերազմից հետո: Իշխանությունները պետք է քաղաքական կամք դրսևորեն նման արատավոր երևույթների դեմ պայքարի գործում: Հայաստանի կառավարությունը վերջերս սկսել է պայքարը կոռուպցիայի դեմ: Մնում է հուսալ, որ այդ պայքարն արդյունավետ վերջաբան կունենա:

Երկրում դեռևս առկա են ունեցվածքային և սոցիալական կարգավիճակների խիստ շերտավորում: Հանրային հոգեբանության մեջ սոցիալական նման բարդ իրավիճակի արդյունքում ձևավորված երևույթները խաթարում են Հայաստանում սոցիալական համերաշխության ձևավորումը: Ստեղծված իրավիճակով պետք է բացատրել այն փաստը, որ երկրում տիրում է քաղաքացիների վստահության ընդհանուր ճգնաժամ` քաղաքական համակարգի նկատմամբ: Այդ երևույթն ավելի ցայտուն է արտահայտված երիտասարդության միջավայրում: Եվ դա ունի իր դրդապատճառները: Ըստ մի շարք հետազոտությունների արդյունքների՝ երիտասարդությունը Հայաստանում հանդիսանում է ավելի խոցելի խավերից մեկը: Նրանց միջավայրում խիստ բարձր է գործազրկության մակարդակը:

Ըստ ՄԱԿ-ի զարգացման ծրագրերի շրջանակում պատրաստված «Երիտասարդության զբաղվածությունը Հայաստանում» զեկույցի տվյալների՝ գործազրկությունը երիտասարադության շրջանում կազմում է 40%: Ահա թե ինչու երիտասարդությունը չի զգում պետության հոգատարությունն իր շահերի և իրավունքների պաշտպանության գործում:

Հայաստանի աշխատաշուկայում տիրող իրավիճակով է հիմնականում պայմանավորված բնակչության և հատկապես երիտասարդության միգրացիոն տրամադրությունները: Դժբախտաբար այդ մտահոգությունները ոչ միայն չեն մեղմանում, այլ գնալով ավելի են սրվում:

Մեկ այլ կազմակերպության կողմից անցկացված հետազոտությունների արդյունքում երկրում մնալ/գնալու վերաբերյալ հարցումերի պատասխաններն ինդեքսավորվել են հաշվի առնելով, իհարկե, նաև արտագաղթածներին: Ինդեքսավորման արդյունքում ստացվում է, որ մեկ մնացողին հասնում է երկու գնացող, իսկ երիտասարդների շրջանում մեկ մնացողին` երեք գնացող:

Բոլոր տեսակի հետազոտությունների արդյունքները ցույց են տալիս, որ Հայաստանում խիստ բարելավման կարիք ունի պետական երիտասարդական քաղաքականությունը, որը չի համապատասխանում ներկա պայմաններում երիտասարդությանը հուզող հարցադրումներին:

Եթե այսօր «Հանուն համազգային միասնության» շարժման նպատակների համատեքսում քննարկենք վերը հիշատակված և գոյություն ունեցող բազմաթիվ պրոբլեմները, ապա պետք է նշել, որ ներկա իրավիճակում համայն հայության բացառիկ գերակայություն ունեցող խնդիրն անկախ Հայաստանի և հայոց պետականության պահպանումն ու ամրապնդումն է, նրա անվտանգության ապահովումը: Տնտեսապես, սոցիալապես հզոր Հայաստանն է այն վահանը, որ կարող է պաշտպանել հայ ժողովրդին դարի մարտահրավերներից: Նման Հայաստան կերտելու գործում, իհարկե, շատ անելիքներ ունեն առաջին հերթին Հայաստանի իշխանությունները, որոնք պետք է պոզիտիվ վերափոխումներ ձեռնարկեն երկրի քաղաքական համակարգում, սոցիալ-տնտեսական զարգացման, բնակչության սոցիալական պաշտպանվածության գործընթացներում:

Հանուն համազգային միասնության շարժումը կարծում է, որ Հայաստանի հզորացումը միայն հայաստանցիների խնդիրը չէ: Միանգամայն ճիշտ է ասված, որ ժամանակակից Հայաստանը սփյուռքի հետ և առանց սփյուռքի` երկու տարբեր քաշային կատեգորիաներ են: Ժամանակակից Հայաստանի զարգացումը շատ հարցերում կախված է սփյուռքի հետ արդյունավետ համագործակցությունից:

Հայաստանի և սփյուռքի գործարար շրջանների երկխոսության համար արդյունավետ ինստիտուտ կարող է դառնալ «Հանուն համազգային միասնության շարժումը»: Ուստի շարժման առաջնահերթ խնդիրներից մեկը պետք է դառնա սփյուռքի հայկական համայնքների, գործարար շրջանների ներուժի համախմբումը, հայրենիքին որակական օգնութուն ցույց տալու և համազգային խնդիրների լուծման գործում:

Հայկական սփյուռքի մտավոր, տնտեսական ու ֆինանսական ներուժը, բիզնեսի կազմակերպման փորձն` աշխարհի առաջատար երկրներում և համաշխարհային շուկայում պետք է դիտարկվեն որպես Հայաստանի և Արցախի տնտեսության կարևորագույն դաշնակից:

Համազգային շարժումը և Համաշխարհային հայկական կոնգրեսը, Հայաստանի Հանրապետության Սփյուռքի նախարարության և մյուս նախարարությունների հետ համատեղ կարող են արդյունավետ գործընկեր դառնալ Հայաստանի տնտեսական զարգացման ու համաշխարհային շուկայում հայկական բիզնեսի աջակցության համալիր ծրագրի մշակման ու իրականացման գործում: Նման մոտեցումը կնպաստի համահայկական հավաքական ներուժի ձևավորմանը, ինչը թույլ կտա հայ ժողովրդին ամրապնդելու իր դիրքերն աշխարհում:

Կարծում ենք, որ Հայաստանի զարգացման խնդիրները կարող են իրականություն դառնալ ռազմավարական բնույթի ներդրումային ծրագրերի իրականացմամբ, որոնք ուղղված կլինեն Հայաստանի տնտեսությունում գիտատար, պաշտպանական նշանակության արդյունաբերական ճյուղերի ստեղծմանն ու զարգացմանը: Ռազմավարական բնույթի ներդրումները հնարավորություն կտան ձևավորել տնտեսական զարգացման շարժիչներ և դուրս գալով միջազգային տնտեսական հարթակ` փոխել Հայաստանի տնտեսության մեջ տեղ գտած անբարենպաստ վիճակը:

Գտնում ենք, որ Հայաստանի աշխատաշուկայի վիճակը բարելավելու համար անհրաժեշտ է լուրջ տեղ հատկացնել հատկապես փոքր և միջին բիզնեսի զարգացմանը, որն առաջատար երկրներում ապահովում է բնակչության զբաղվածության 70%-ը:

Նշված խնդիրների լուծմանը նպաստելու համար լուրջ քայլեր են ձեռնարկել Համաշխարհային հայկական կոնգրեսն ու Ռուսաստանի հայերի միությունը: Արդեն մի քանի ամիս է, ինչ համազգային միասնության շարժման շրջանակներում, նախապատրաստվում է և ընթացիկ տարվա հոկտեմբերի 14-16-ը Երևանում կանցկացվի Եվրասիական տարածքային տնտեսական առաջին ֆորումը: Այդ ֆորումը ոչ թե եզակի բնույթ է կրելու, այլ դառնալու է մշտական գործող հարթակ և անց է կացվելու տարին մեկ անգամ` Երևանում:

Ես այսօր նպատակ չեմ հետապնդում մանրամասն ներկայացնել ֆորումի ծրագիրը, քանզի այդ մասին լուրջ խոսակցություն կբացվի հոկտեմբերին` ֆորումի ժամանակ: Սակայն կցանկանայի ձեր ուշադրությունը հրավիրել ֆորումի կազմակերպիչների, գործընկերների, ֆորումի նպատակների ու խնդիրների վրա:

Ֆորումը կազմակերպվում է Համաշխարհային հայկական կոնգրեսի, Ռուսաստանի հայերի միության կողմից, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և ՀՀ կառավարության հետ միասին: Ֆորումին կմասնակցեն Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների, ինչպես նաև Միացյալ Նահանգների, Չինաստանի, Հարավային Կորեայի, Հնդկաստանի, Իրանի, Վրաստանի, Ֆրանսիայի, Միացյալ Թագավորության, Գերմանիայի, Իտալիայի կառավարությունների և բիզնես- հանրության բարձաստիճան ներկայացուցիչներ:

Քառօրյա միջոցառումը չորս առաջնային նպատակ է հետապնդում, դրանք են՝

-Իրազեկում` Եվրասիական Տնտեսական Միության տնտեսական ներուժի մասին, 

-Ազգային և տարածաշրջանային ներդրումային և խոշոր բիզնես հնարավորությունների բացահայտում,

– Իր տեսակի մեջ եզակի ինովացիոն գաղափարների և ծրագրերի ներկայացման տարածաշրջանային նորարարական հարթակի ձևավորում,

-Երկկողմ և բազմակողմանի հիմնարար կապերի հաստատում հավանական բիզնես գործընկերների միջև:

Ֆորումի առաքելությունն է` ստեղծել մշտական հաղորդակցության քննարկման և իրական ժամանակում համագործակցության մի հարթակ, որը կնպաստիԵվրասիական Տնտեսական Միության անցմանը` «Խելամիտ կառավարվող տարածաշրջանի»:

Համոզված եմ, որ ֆորումն արդյունավետ դեր կարող է խաղալ Հայաստանում ներդրումային քաղաքականության բարելավման, նոր աշխատատեղերի ստեղծման, գործազրկության, աղքատության և արտագաղթի կործանարար հետևանքներից պետության հոգսերը թեթևացնելու գործում: Մնում է, որ Հայաստանի իշխանություններն անհրաժեշտ հետևողականություն ցուցաբերեն Հայաստանում ներդրումային և գործարարական միջավայրը գրավիչ դարձնելու գործում:

Ֆորումի նախապատրաստման և անցկացման գործում լուրջ խնդիրներ ունեն նաև Ազգային միասնություն շարժման մարզային և քաղաքային կառույցները: Այդ կառույցներում արդեն քննարկվել են ֆորումի կազմակերպման հետ առնչվող խնդիրները: Սակայն մի հարցի վրա ևս կցանկանայի հրավիրել ձեր ուշադրությունը: Երբ խոսում ենք ներդրումային քաղաքականության, բիզնես ծրագրերի մասին, պետք չէ նկատի ունենալ միայն ծավալուն, հանրապետական նշանակություն ունեցող ծրագրերը: Երկրի սոցիալ-տնտեսական զարգացման գործում վճռորոշ դեր կարող են խաղալ տեղական` մարզային, համայնքային բիզնես-ծրագրերը, որոնց շնորհիվ ևս կստեղծվեն անհրաժեշտ աշխատատեղեր: Տեղական ծրագրերի նշանակությունը կարևոր է նաև այն իմաստով, որ դրանց իրականացման գործում մենք կարող ենք ներգրավել տվյալ տարածաշրջանում ծնված և կրթություն ստացած, ներկայումս Ռուսաստանում և այլ երկրներում բիզնես գործունեությամբ զբաղվող գործարարներին: Նրանք կարող են համապատասխան ներդրում անել իրենց փոքր հայրենիքում, փող աշխատել և նպաստել այդ տարածաշրջանի սոցիալ-տնտեսական զարգացմանը: Այդ գործի կազմակերպումն իր վրա կարող է վերցնել Ռուսաստանի հայերի միությունը:

Հարգելի՛ հայրենակիցներ

Շարժումն այսօր Հայաստանի և Արցախի տնտեսական զարգացման և անվտանգության խնդիրը դիտարկում է արմատական փոխադարձ կապակցվածության և փոխպայմանավորվածության մեջ: Երկարատև և կայուն անվտանգության ապահովումը հնարավոր է միայն զարգացման առաջընթաց տեմպերի ապահովման դեպքում: Իսկ երկարաժամկետ զարգացման գործընթացը միանշանակ պահանջում է մեր ազգի համար անվտանգության բավարար պայմանների ստեղծում` ինչպես Հայաստանում, այնպես էլ սփյուռքում:

Ուստի, ներկայումս համազգային գլխավոր խնդիրներից մեկն է դառնում Հայաստանի, Արցախի և սփյուռքի անվտանգության ամրապնդման հարցերը: Ներկա կոնֆլիկտային աշխարհում գոյություն ունեցող բախումները ոչ մի սահման չեն ճանաչում: Ստեղծված իրավիճակում օբյեկտիվ անհրաժեշտություն է դառնում եռամակարդակ ազգային անվտանգության հայեցակագի մշակումը, որով պետք է զբաղվեն թե՛ ՀՀ իշխանությունները, թե՛ Համազգային շարժումը` սփյուռքյան հասարակական և քաղաքական կազմակերպությունների հետ: Նման հայեցակարգի մշակումն, իհարկե, երկար ժամանակ է պահանջում: Ներկայումս Հայաստանի և Արցախի անվտանգության խնդիրը պետք է դիտարկենք ապրիլյան չորսօրյա պատերազմի դասերի ներքո: Ուստի Հայաստանի և Արցախի իշխանությունները պետք է լուրջ կերպով զբաղվեն բանակաշինության հարցերի ամբողջ կոմպլեքսով` սկսած հայ զինվորի հետ տարվող աշխատանքից մինչև զենքի և մյուս անհրաժեշտ միջոցների մատակարարումը:

Հատկապես շատ կարևոր է Հայաստանի և Արցախի անվտանգության խնդիրը: Այստեղ է, որ մենք դեռևս ունենք շատ անելիքներ ու չլուծված հարցեր: Ապրիլյան դեպքերի առթիվ մեր ժողովուրդը համախմբվեց և այդ հավաքական ոգևորությունը, իրոք, հպարտանալու առիթ է տալիս: Բայց օրինական հարց է ծագում, չէ որ մենք բոլորս, թե՛ Հայաստանում, թե՛ սփյուռքում, գիտեինք, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև ընդամենը զինադադարի պայմանագիր է կնքված, այլ ոչ թե հաշտության:

Մեզ հայտնի էին նաև Ադրբեջանի նախագահի ագրեսիվ, ռազմատենչ հայտարարությունները Ղարաբաղը և մյուս տարածքները զենքով վերադարձնելու մասին: Ավելին, ամեն օր վիճակագրական տվյալներ էին հրապարակվում Ադրբեջանի կողմից Արցախի և Հայաստանի ուղղությամբ կրակոցներ արձակելու, այդ թվում նաև զոհերի մասին: Այդ բոլորն իմանալով հանդերձ, մենք պետք է համազգային համախմբում դրսևորեինք յուրաքանչյուր օր, որպեսզի խուսափեինք պատերազմից:

Պետք է մեր ամենօրյա աշխատանքի միջոցով ցույց տայինք, որ Հայաստանի, Արցախի անվտանգության խնդիրը ոչ միայն հայաստանցիների, այլև 8 միլիոնանոց հայկական սփյուռքի բնակիչների խնդիրն է, որոնք պատրաստ են վտանգի դեպքում մեկ մարդու նման զինվորագրվելու Հայաստանի և Արցախի անվտանգության ապահովմանը: Բացառված չէ, որ այդ քայլերով, միգուցե, կարող էինք կանխել 4-օրյա պատերազմը, խուսափել մարդկային զոհերից:

Մենք հաճախ ենք պարտվում ինֆորմացիոն պատերազմում, իսկ շատ հարցերում ուղղակի ուշանում ենք: Ապրիլյան պատերազմից ուղիղ մեկ ամիս հետո Ադրբեջանի իշխանությունները հրավիրեցին Աշխարհի ադրբեջանցիների 4-րդ համագումարը և քննարկեցին իրենց իսկ կողմից հրահրված պատերազմի արդյունքները: Բոլոր մեղքերը, այդ թվում նաև 4-օրյա պատերազմը, բարդեցին Հայաստանի և Արցախի վրա: Ավելին, համագումարը նույն բովանդակությամբ հայտարարություն ընդունեց` ողղված աշխարհի բոլոր պետությունների ղեկավարներին, պառլամենտներին, միջազգային բոլոր կազմակերպություններին:

Կարծում եմ, որ այստեղ էլ մենք ուշացանք: Բայց ինչպես ասում են, լավ է ուշ, քան երբեք: Համաշխարհային հայկական կոնգրեսի, Ռուսաստանի հայերի միության և «Հանուն ազգային միասնության շարժման» անունից առաջարկում եմ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին հրավիրել Հայաստանի, Արցախի և հայկական սփյուռքի ներկայացուցիչների համահայկական համաժողով և քննարկել մեր ազգային անվտանգության հետ առնչվող արդիական հարցեր: Միաժամանակ գտնում եմ, որ անհրաժեշտ է ստեղծել համահայկական համագործակցությունը համակարգող մարմին` ՀՀ նախագահի գլխավորությամբ: Հենց այդ մարմինն էլ կարող է ձևավորել համահայկական կենսական շահերի պաշտպանության ճկուն համակարգ: Այդ մարմնի ձևաչափը կարող է որոշել Հայաստանի իշխանությունը:

Համազգային միասնության շարժման համատեքստում մենք կարևոր տեղ պետք է հատկացնենք լեզբվամշակութային միասնության ապահովման հարցերին: Համաշխարհային հայկական կոնգրեսը և Ռուսաստանի հայերի միությունը մեր ժողովրդի լեզվամշակութային միասնության ապահովման գործում արդեն ձեռք են բերել լուրջ փորձ: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ հայոց լեզուն հայապահպանության գլխավոր զենքն է, մեր ազգային գոյության հիմնասյունը, արդեն 10 տարի է ՀՀ Սփյուռքի նախարարության հետ միասին կազմակերպում ենք հայապահպանության մրցանակաբաշխություն` սփյուռքի կրթօջախների, համայնքների, ընտանիքների միջև, որն արդեն շոշափելի արդյունք է տալիս:

Հայաստանի, համայն հայության նյութական և բարոյական բարգավաճման, նոր հարյուրամյակի մարտահրավերներին դիմակայելու համար վճռորոշ նշանակություն ունեն գիտությունն ու մշակույթը: Հայաստանի նման երկրի համար մտավոր սեփականությունը կարող է դառնալ հզորության, հարստության աղբյուր և համաշխարհային ճանաչում բերել նրան:

Ելնելով այդ ամենից՝ սկսած 2006 թվականից Համաշխարհային հայկական կոնգրեսն ու Ռուսաստանի հայերի միությունը, ՀՀ Սփյուռքի նախարարության հետ համատեղ, ՀՀ Կրթության և գիտության, Մշակույթի նախարարությունների համագործակցությամբ, կազմակերպում են Լավագույն գիտական և ստեղծագործական աշխատանքների համահայկական մրցանակաբաշխություն, որին մասնակցում են ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիան և ստեղծագործական միությունները:

Մրցանակաբաշխության նպատակն է նպաստել Հայաստանի և սփյուռքի գիտական և ստեղծագործական մտավորականության գործունեության ակտիվացմանը, աջակցել հայության մտավոր կյանքի աշխուժացմանը:

«Մրցանակաբաշխություն-2016»-ը անց է կացվում նոր շարժման շրջանակներում, «Համազգային միասնությունը հավաքական ուժի և հզորության գրավական» նշանաբանով: Մրցանակաբաշխությունը նվիրվում է Հայաստանի անկախության 25-ամյա հոբելյանին:

Հարգելի՛ հայրենակիցներ

Ընդամենը մի քանի ամիս է անցել «Հանուն համազգային միասնության շարժման» նախաձեռնումից, բայց արդեն կարելի է ասել, որ ընդլայնվել և ընդլայնվում է նրա գործունեության աշխարհագրությունը: Մարդիկ անտարբերությամբ չեն նայում այդ կազմակերպության ծավալած գործունեությանը, փորձում են հավատալ, որ նրա միջոցով կարելի է շատ բան փոխել մեր երկրում, համախմբել հայությանը համազգային շահերի շուրջ: Մնում է բարի երթ ցանկանալ մեր շարժմանը, իսկ նրա մասնակիցներին ու համախոհներին` արդյունավետ գործունեություն:

Շնորհակալություն ուշադրության համար»,-հայտարարեց Աբրահամյանը:  

 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում