Ինձ չի կարող որևիցե մեկն արգելի. Արա Աբրահամյանը քաղաքականություն կմտնի (տեսանյութ)

Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը լրագրողների հետ զրույցում վստահեցրեց, որ քաղաքական դաշտ  մուտք գործելու մտադրությունից չի հրաժարվել: Քաղաքական քայլերը, սակայն,  չգաղտնազերծեց, խոստացավ ավելի ուշ:

– Պարոն Աբրահամյան, ի՞նչ եղավ քաղաքականություն մտնելու մասին Ձեր հայտարարությունը: Ուժի մե՞ջ է:

– Մենք մեր ծրագիրն իրականացնում ենք: Մենք ստեղծում ենք շարժում, որն անելու է այս մեկ, երկու, երեք, չորս քայլերը… Ստեղծեցինք ինֆորմացիոն կենտրոն, ծրագիր այս շարժումը ստեղծեցինք:

– Ինչի՞ եք հասնելու դրանով:

– Բա չլսեցի՞ք: Ասեցինք, որ ստեղծվում է մի հարթակ, որ ամեն տարի անցկացնելու է  Եվրասիական տնտեսական ֆորում, որին քիչ է մնացել, համբերեք, կտեսնեք՝ ինչ դեր ու նշանակություն կունենա:

-Սերժ Սարգսյա՞նը թույլ տվեց Ձեզ կուսակցություն ստեղծել:

– Իսկ ձեր օրենքներով այդպե՞ս է՝ պետք է թույլ տա՞: Ես նման փորձ չունեմ: Ինձ ոչ մեկ չի կարող արգելել:

-Գագիկ Ծառուկյանին արգելեց քաղաքականություն մտնել:

-Ես չգիտեմ՝ ում է արգելել, բայց ինձ չի կարող որևիցե մեկն արգելի:

-Ամեն դեպքում, ի՞նչ է պետք, որ մուտք գործեք քաղաքականություն:

-Ինձ համա՞ր:

– Ինչո՞ւ հրաժարվեցիք քաղաքականություն մուտք գործելու մտքից:

– Իսկ ես ասացի, որ հրաժարվե՞լ եմ:

– Նախկինում ասել էիք, որ գուցե Ձեր կուսակցության ստեղծման համար խոչընդոտներ լինեն: Կա՞ն խոչընդոտներ:

– Ես երբեք այդպիսի բաներ չեմ ասել:

– Խորհրդարանական ընտրություններին մասնակցելո՞ւ եք:

– Ես այդ հարցին մի քիչ ուշ կպատասխանեմ:

-Ի՞նչն է խանգարում, որ հիմա ասեք:

-Ոչ մի բան չի խանգարում, ես հիմա զբաղված եմ մեր տնտեսական ֆորումի հարցերով:

– Ո՞ր ուժերի հետ եք պատկերացնում համագործակցությունը:

– Բոլոր նրանց հետ, ովքեր համաձայն են մեզ հետ գործակցել, մեր դռները բաց են:

-«Համախմբում» կուսակցությանն ինչպե՞ս եք վերաբերում:

-Մենք արդեն պառլամենտական պետություն ենք, ինչքան շատ կուսակցություններ լինեն, այնքան լավ:

– Ձեր ելույթում ասացիք, որ բանակի ոլորտում կոռուպցիա կա: Չե՞ք կարծում, դա Սերժ Սարգսյանի և Հովիկ Աբրահամյանի մերձավորների հովանավորությամբ է, դրա դեմ ինչպե՞ս պայքարել:

-Դե գիտեք ինչ կա՝ ես այդպիսի բան չեմ կարծում:  Կառավարությունը ստեղծել է հատուկ խորհուրդ, որը զբաղվում է այդ հարցով: Մի քիչ համբերություն ունենանք, տեսնենք, թե ինչ է  անում այդ խորհուրդը:

-Ասացիք ԱՄՆ-ից եք եկել, մամուլի հրապարակումներ եղան, որ գնացել եք ֆինանսներ բերելու:

-Ես Ամերիկայում գտնվում էի իմ անձնական գործերով:

– Ռուսաստան-Թուրքիա հարաբերությունների լավացմանն ինչպե՞ս եք վերաբերում:

– Ես գտնում եմ, որ մեր ռազմավարական, քաղաքական գործընկերը լավ հարաբերությունների մեջ պիտի լինի:

-Ռուսաստանն Ադրբեջանի հետ էլ լավ հարաբերություններ ունի, զենք է վաճառում:

Ես ելույթ եմ ունեցել այդ մասին շատ վատ:

– Դուք կարո՞ղ եք խիստ լինել այդ հարցում Ռուսաստանի նկատմամբ՝ ապրելով այնտեղ:

-Դուք պետք է  հետևեք իմ ելույթներին, այդ ժամանակ կիմանաք՝ խիստ եմ, թե խիստ չեմ: Ես շտապում եմ, ժամը 18:00-ին հանդիպում ունեմ:

-Սերժ Սարգսյանի հետ ե՞ք հանդիպելու:

-Ե՞ս:

-Այո: Նախորդ անգամ ձեր ասուլիսից հետո շտապեցիք նախագահական, մենք դա ֆիքսել էինք:

-Չէ, դե գիտեք ինչ, ամեն անգամ հո տենց չի, բախտը չի բերում, որ գնամ:

 

 

 

 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում