88-ին ինչի՞ համար էին պայքարում. Շարմազանովը Times.am-ի հարցին՝ «տարածքներ կարգավիճակի դիմաց»-ն արժանապատի՞վ խաղաղություն է (տեսանյութ)
Նմանատիպ
ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը հայտնել էր, որ ԵԱՀԿ ՄԽ անդամներն երկուշաբթի Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը նվիրված քննարկումներ կանցկացնեն Վիեննայում։ Սա ՀՀ ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովին թույլ է տալիս մտածելու, որ բանակցությունները կշարունակվեն կամ նոր մեկնարկ կունենան: Ըստ նրա՝ ավելի լավ է բանակցել, քան չբանակցել, քանի որ բանակցելով քայլ ես կատարում դեպի խաղաղություն, հեռավորության վրա հայտարարությունները կարող են հանգեցնել ապրիլյան պատերազմի:
«Ամենավատ բանակցությունն ավելի լավ է, քան ամենալավ պատերազմը: Պարզ է՝ Ալիևը մեր հորեղբոր տղան չի, բայց կա դիվանագիտություն. բոլոր կոնֆլիկտները լուծվում են բանակցությունների սեղանին, պետք է բանակցել: Մենք ուզում ենք արժանապատիվ խաղաղություն»,-ընդգծեց Շարմազանովը:
Times.am-ի հակադարձմանը՝ «տարածքներ կարգավիճակի դիմաց» տարբերակն արժանապատի՞վ խաղաղություն է, ինչի մասին ամրագրված է բանակցային փաստաթղթերում, Շարմազանովն ակնարկեց՝ 1988-ին ինչի՞ համար էին դուրս եկել Ստեփանակերտի փողոցներ, ահա սա է արժանապատիվ խաղաղությունը:
«Ես կարծում եմ, որ անժանապատիվ խաղաղությունը նա է, երբ որ մենք հասնենք այն նպատակին, որի համար 88-ին Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը դուրս է եկել Ստեփանակերտի փողոցները: Իսկ մեր նպատակն է, որ հանրաքվեի միջոցով Արցախի ժողովուրդն ինքը որոշի իր ճակատագիրը: Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում, մնացած հարցերը բանակցությունների համար են: Սա է հիմնական մեսիջը, որն այսօր ցանկացա փոխանցել ձեզ»,-շարունակեց Շարմազանովը՝ նկատելով, որ ՄԱԿ-ի կանոնադրության համաձայն՝ ինքնորոշման իրավունքը նպատակ է, տարածքային ամբողջականությունը՝ սկզբունք, և սկզբունքն է ծառայում նպատակին, ոչ թե հակառակը, ինչի մասին վկայում են ՄԱԿ-ի անդամ երկրների թվի ավելացումը տարիների ընթացքում. «Աշխարհը գնում է ինքնորոշման իրավունքի հաղթարշավով՝ անկախ Ալիևի ցանկությունից: Ադրբեջանի նախագահը գետի հոսանքին հակառակ երկար չի կարող գնալ՝ ալիքը կտանի»:
Հակադարձմանը՝ փաստորեն հայկական կողմի համար ընդունելի է մադրիդյան փաստաթուղթը, ԱԺ փոխխոսնակն արձագանքեց՝ հիմք է ընդունում. «Դա Հայաստանի երազած փաստաթուղթը չէ, բայց պաշտոնական Երևանն այն որպես հիմք է ընդունում: Դրա հիման վրա կազմվել են մի շարք աշխատանքային փաստաթղթեր, այդ թվում՝ Կազանի փաստաթուղթը, որից Ադրբեջանը հրաժարվել է, ինչի մասին օրերս ուղղակիորեն նշեց ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն՝ ընդգծելով, որ Կազանյան փաստաթղթից Հայաստանը չի եղել հրաժարվողը: Կան տարբեր առաջարկներ, բայց Երեւանի համար առանցքային խնդիրը Արցախի ինքնորոշման իրավունքն է, ինչի մասին Վարշավայում հայտարարեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Դա դժվար ճանապարհ է, բայց պետք է գնալ այդ ճանապարհով»,-շեշտեց նա՝ պնդելով, որ եթե Ադրբեջանը խոսում է փուլային տարբերակի մասին, ապա առաջին փուլում պետք է ճանաչի Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման իրավունքը, որից հետո կարող է փոխվել ստատուս քվոն:
Հետևեք մեզ նաև Telegram-ում