Զվարթնոցը ճանաչվել է ԱՊՀ լավագույն օդանավակայան

Հունվարի 30-ին, Դուբայում, «Զարգացող օդանավակայանների 2-րդ ամենամյա համաժողով-ցուցահանդես 2013-ի» ընթացքում հրապարակվեցին ավելի քան 20 նոմինացիաներում քվեարկությունների արդյունքները: Նոմինացիաները տարբեր էին. «Աշխարհի լավագույն օդանավակայան», «Միջին Արեւելքի լավագույն օդանավակայան», «Եվրոպայի լավագույն օդանավակայան», եւ այլն:

Ըստ «ԱՊՀ, Ռուսաստանի, եւ Բալթյան երկրների լավագույն օդանավակայան նոմինացիայի քվեարկության արդյունքների, Երեւանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանը լավագույնն է ԱՊՀ տարածքում: Այս մասին հաղորդում են «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ի լրատվական ծառայությունից:

Զվարթնոց միջազգային օդանավակայանը Դուբայում գործող Arabian Reach կազմակերպության կողմից առաջադրվել էր «Զարգացող շուկաների օդանավակայաններ մրցանակաբշխությանը» («EMAA» «Emerging Markets Airports Award»):

Զվարթնոցից բացի ԱՊՀ-ից ընտրվել էին ևս չորս՝ Մոսկվայի «Դոմոդեդովո» եւ «Շերեմետեւո», Սանկտ Պետերբուրգի «Պուլկովո» և Բիշքեկի «Մանաս» օդանավակայանները: Քվեարկությունն ընթացավ ավելի քան մեկ ամիս:

Մրցանակաբաշխության հանդիսավոր արարողության ժամանակ, մրցանակը ստացավ «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ գլխավոր մենեջեր Մարսելո Վենդեն:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում