ԼՂ-ում ռուս խաղաղապահների ներկայությունն ամենացանկալին է, ընդունելի են նաև գերմանացիները. քաղաքագետ (տեսանյութ)
Նմանատիպ
«Նորավանք» գիտակրթական հիմնադրամի տնօրեն, քաղաքագետ Գագիկ Հարությունյանի դիտարկմամբ, ԼՂ խնդրի շուրջ հասարակական մտահոգության լուրջ առիթ չկա, թեպետ կարգավորման գործընթացն ակտիվացել է. «Որոշիչը մեր դիրքորոշումն է. կա որոշակի կարմիր գիծ, որը չի հատվի»:
Իսկ այն, որ Բաքվում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն Ադրբեջանի արտաքին գերատեսչության ղեկավար Էլմար Մամեդյարովի հետ հանդիպմանը հայտարարել է, որ այսօր շատ մոտ են ԼՂ հակամարտության կարգավորմանը, քան մինչ այս, երբ Ադրբեջանը հրաժարվում է կատարել Վիեննայի պայմանավորվածությունները, քաղաքագետը լրագրողների հետ հանդիպմանը նկատեց, թե բանակցություններն ավելի լավ են, քան պատերազմը:
«Չեմ հիշում արտաքին գործերի նախարարների հանդիպումների մի եզրակացություն, որտեղ չասվի, որ այն մեկ քայլ առաջ էր, բայց եթե այդպես լիներ, հիմա կիլոմետրերով առաջ կլինեինք: Բայց կարծում եմ, որ ամեն ինչ առջևում է և շուտափույթ խոսակցությունները, թե հանձնեցինք… նման եզրակացությունների համար դեռ շատ վաղ է: Պետք է ընդունել այն փաստը, որ Ադրբեջանն այսօր ստիպված է ագրեսիվ քայլեր կատարել, քանի որ սոցիալ-տնտեսական վիճակն էապես վատթարացել է: Այնպես որ հանրության համար ընդունելի լուծում, թերևս, կգտնվի: Սա, իհարկե, սցենարներից մեկն է»,- պնդեց նա՝ նկատելով, որ պատերազմի վերսկսման վատագույն սցենարը քիչ հավանական է, քանի որ գերտերությունները դրանում շահագրգռված չեն:
Times.am-ի դիտարկմանը, թե քաղաքագետները, քաղաքական գործիչները մշտապես հայտարարում են, թե ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացն այն հարթակն է, որտեղ ՌԴ-ԱՄՆ մրցակցություն, տարաձայնություն չկա, մինչդեռ ՀՀ նախագահը «Ալ-Մայադին» հեղինակավոր հեռուստաալիքին տված հարցազրույցում ասաց, որ «եթե բանակցային գործընթացում լինի միասնական մոտեցում, խնդրի լուծման տարբերակը կգտնվի: Բայց չկա տարածաշրջանային որևէ խնդիր, որը շատ երկրների կողմից չդիտարկվի իրենց ազգային շահերի տեսանկյունից», այսինքն՝ կարգավորման տանող տեսլականը տարբեր է, թեպետ գերտերությունները համաձայնել են մադրիդյան սկզբունքներին, քաղաքագետը նկատեց, որ ԱՄՆ-ն ուզում է Հարավային Կովկասում իր հենակետն ունենալ, Վրաստանում այն ինչ-որ չափով կա արդեն:
«Հակասություններ կան, բայց եթե Չեչնիայի պարագայում Ռուսաստանը ծնկների վրա կանգնած երկիր էր, պարտված, ապա այսօր ունենք այլ Ռուսաստան, որը աշխարհաքաղաքական խոշոր դերակատար է դարձել: Երկրորդ՝ եթե ԱՄՆ-ն ուզենար հայկական կողմի օգտին հարցը լուծել, դա բավականին հեշտությամբ կաներ 90-ականներին: Մյուս կողմից երկուսն էլ համաձայն են մադրիդյան սկզբունքներին»,-լրացրեց Հարությունյանը՝ նշելով, որ շրջանառված փաստաթղթերից՝ Կազանյան, Մադրիդյան, փորձ կարվի ստանալ մեկ ընդհանուր փաստաթուղթ:
Ինչ վերաբերում է փոխզիջումներին, քաղաքագետը չբացառեց՝ փոխզիջում կլինի. «Սա ցավալի փաստ է, բայց ամեն ինչ կախված է, թե ինչ գին ունեն այն: Եթե ադրբեջանական զորքերը մտնում են և գրավում այն տարածքները, որում այսօր չկան, ապա դա անընդունելի է, դրան կհետևի մեծ պատերազմ: Ես դժվար եմ պատկերացնում, թե ինչն ընդունելի կլինի, բայց կարմիր գիծը, որի մասին ասեցի ԼՂՀ ինքնորոշումն է: Եթե այս հանգամանքը չկա, ինչպես կարելի է խոսել տարածքների մասին»:
Անդրադառնալով ԼՂ հակամարտության գոտում խաղաղապահների տեղակայման խնդրին, Գագիկ Հարությունյանն ակնարկեց, թե նրանց բացակայությունն ավելի վատ է, քան ներկայությունը՝ չմոռանալով վատ դրվագները.«Այստեղ ռուս խաղաղապահների ներկայությունն ամենացանկալին կլինի, որովհետև նրանք այստեղ ավելի ուժեղ են: Ռուսները խաղաղապահ պարտականությունները կատարեցին Հարավային Օսիայում, երբ հարձակում եղավ, որոնց ի վերջո պահեցին: Առանց ռուսների դա դժվար էր պատեկերացնել: Խոսում ենք այսօր գերմանացիների մասին, որոնք նույնպես շատ ընդունելի են, քանի որ Գերմանիան կառուցողական վերաբերմունք ունի ԼՂ խնդրում: Տեսնենք»:
Հետևեք մեզ նաև Telegram-ում