«Սասնա ծռերի» ղեկավարները կարծում են, որ իմ գործողություններն արդյունավետ չեն, ճիշտն իրենցից լիազորվածներն են. Փաշինյան
Նմանատիպ
«Սասնա ծռերի» ղեկավարները կարծում են, որ կան իրենց կողմից լիազորված անձինք, ովքեր շատ ավելի ճիշտ եւ շատ ավելի արդյունավետ գործողությունների են մղում մարդկանց, մինչդեռ իմ գործողությունները չեն բխում ստեղծված իրավիճակի արդյունավետ կառավարման շահերից: Այս մասին հայտարարություն-պարզաբանում է տարածել ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը:
«Հարյուրից ավելի նամակներ եմ ստացել, որոնց հեղինակները հորդորում, պահանջում կամ խնդրում են վերադառնալ Խորենացի փողոց:
Իսկ սոցիալական ցանցերում կան մարդիկ, ովքեր խնդիրը փորձում են ներկայացնել այնպես, թե ես նեղացել եմ ինչ-որ մեկից կամ ինչ-որ բանից: Ցավում եմ, որ նույնիսկ երեկվա իմ ասուլիսից հետո նման մեկնաբանություններ կան: Մինչդեռ հարցը շատ ավելի լուրջ է:
Երեկ ասացի, որ «Սասնա ծռերի» ղեկավարները կարծում են, որ կան իրենց կողմից լիազորված անձինք, ովքեր շատ ավելի ճիշտ եւ շատ ավելի արդյունավետ գործողությունների են մղում մարդկանց, մինչդեռ իմ գործողությունները չեն բխում ստեղծված իրավիճակի արդյունավետ կառավարման շահերից:
Սա նշանակում է, որ Խորենացի փողոցում իմ գործադրած ջանքերին «Սասնա ծռերը» հակադրելու են իրենց կողմից լիազորված անձանց հակաջանքերը, ամեն անգամ ինձ դնելով ծանր ընտրության, սիզիփոսյան աշխատանք անելու անհրաժեշտության առաջ: Իսկ երբ կասեցնեմ նրանց կողմից ձեռնարկվող ակնհայտ չմտածված քայլերը, «Սասնա ծռերը»-ի անդամները նորից հանդես են գալու մեկնաբանություններով, հայտարարություններով, որոնք քաղաքականապես անիմաստ են դարձնելու եւ անլրջացնելու են իմ մասնակցությունը գործընթացին:
Չեմ ուզում մեղադրել «Սասնա ծռերը»-ի անդամներին, որովհետեւ նրանք կարող են եւ չտիրապետել ստեղծված իրավիճակի մասին ամբողջական տեղեկատվությանը: Բայց մինչեւ այս պրոբլեմը չլուծվի, մինչեւ ժողովրդի անվտանգությունն ապահովելու իմ ջանքերի լեգիտիմությունը չճանաչվի «Սասնա ծռերի» կողմից, իմ գտնվելը Խորենացի փողոցում անիմաստ է»,-գրել է նա:
Հետևեք մեզ նաև Telegram-ում